Կեպլեր-78b-ն արտարեգակնային մոլորակ (էկզամոլորակ) է, որը պտտվում է Կարապի համաստեղությունում գտնվող արեգակնանման աստղի ուղեծրում, Երկրից շուրջ 400 լուսատարի հեռավորության վրա: Մինչ այժմ աստղագետները որոշել են ավելի քան 1000 էկզամոլորակների բնութագրերը, սակայն Կեպլեր-78b-ն առանձնահատուկ է: Համաձայն հեղինակավոր «Nature» ամսագրում հրապարակված ուսումնասիրության, այն ունի Երկրին շատ նման զանգված եւ խտություն: Աշխատանքի հեղինակները` Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Ֆրանչեսկո Պեպեի ղեկավարությամբ Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի տարբեր գիտական հաստատությունները ներկայացնող աստղագետների միջազգային խմբի անդամներ, ցույց են տվել, որ Կեպլեր-78b-ն բաղկացած է քարից եւ երկաթից` հենց մեր Երկրի նման: Այսպիսով, Կեպլեր-78b-ն ճշգրիտ հայտնի զանգվածով ու շառավղով առայժմ ամենափոքր էկզամոլորակն է:
Կեպլեր-78b-ն սկզբում գրանցվել է ՆԱՍԱ-ի «Կեպլեր» արբանյակի կողմից: «Կեպլերը» հայտնաբերել է առջեւով անցնող մոլորակի հետեւանքով մայր աստղի պայծառության չնչին փոփոխություն: Այդ հայտնաբերումից որոշ ժամանակ անց Լա Պալմայում (Կանարյան կղզիներ) գտնվող 3,58 մ հայելու տրամագծով իտալական Գալիլեյի անվան ազգային դիտակը (Telescopio Nazionale Galileo-TNG) ուղղեցին այդ աստղին. TNG-ի վրա տեղադրված աշխարհի ամենաճշգրիտ սպեկտրոգրաֆներից մեկի` HARPS-N-ի (High Accuracy Radial Velocity Planet Searcher-North) գիտական խումբը որոշել էր իր դիտումները կենտրոնացնել Կեպլեր-78b-ի վրա: Չափազանց ինտենսիվ դիտողական ծրագիրը գարնան եւ ամռան ամիսներին տվեց իր պտուղները: Օգտագործելով HARPS-N-ի եզակի բնութագրերը եւ ճշգրտությունը, հետազոտական խումբը չափեց էկզամոլորակի պտույտի հետեւանքով առաջացած մայր աստղի աննշան տատանումները: Ցույց տրվեց, որ մոլորակն ունի երկրանման զանգված եւ խտություն:
Երիտասարդ հայ աստղագետ Ավետ Հարությունյանն աշխատում է TNG-ում եւ այս ուսումնասիրության համահեղինակներից մեկն է: «Ակնհայտ էր, որ մենք պետք է բացահայտեինք փոքր մոլորակով պայմանավորված չափազանց թույլ տատանում: TNG-ի HARPS-N-ը հյուսիսային կիսագնդի ամենաճշգրիտ սպեկտրոգրաֆն է, ուստի ուրիշ ինչ սարք կարող էր լուծել այս խնդիրը, եթե ոչ մերը»,- բացատրում է Հարությունյանը: Այնուհետեւ ավելացնում է. «Ներկայումս սրանք ամենաճշգրիտ արդյունքներն են, որ կարելի էր ձեռք բերել, եւ մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր սարքավորումներն իրենց արդարացնում այս խրթին դիտումների ընթացքում»:
Կեպլեր-78b-ն ունի ընդամենը 1.17 երկրային շառավիղ, մինչդեռ զանգվածը հավասար է 1,86 երկրային զանգվածի: Ստացվում է, որ նրա խտությունն է 5,57 գրամ խորանարդ սանտիմետրում, եւ ենթադրվում է, որ բաղկացած է քարից ու երկաթից, այսպիսովՙ դառնալով մինչ օրս հայտնի Երկրին առավել նման էկզամոլորակը: Սակայն, Կեպլեր-78b-ն ունի շատ կարճ` ընդամենը 8,5 ժամ ուղեծրային պարբերություն, եւ հետեւաբար, այն ուղեծրում է իր մայր աստղից մոտ հեռավորության վրա: Նշանակում է, մոլորակի մակերեւույթի ջերմաստիճանը պետք է լինի 3000-5000 աստիճանի սահմաններում, ակնհայտորեն բացառելով կյանքի որեւէ հնարավորություն, ինչպես մենք դա կպատկերացնեինք:
Կեպլեր-78b-ին վիճակված է կործանվել, քանի որ մակընթացային ուժերը շարունակաբար նրան դեպի իր աստղը կմղեն: Ի վերջո, նա այնքան կմոտենա, որ աստղի ձգողության դաշտը կմասնատի մոլորակը: Ինչպես կանխատեսում են տեսաբանները, սա կարող է տեղի ունենալ երեք միլիարդ տարվա ընթացքում: «Մեր Արեգակնային համակարգը կարող էր Կեպլեր-78b-ի նման մոլորակ ունենալ: Սակայն մոլորակը ոչնչացված կլիներ համակարգի էվոլյուցիայի վաղ փուլերում, չթողնելով ոչ մի նշան»,- ասում է Ավետ Հարությունյանը:
Նույնիսկ առանց կյանք ունենալու հնարավորության, Կեպլեր-78b-ի` երկրանման չափերի, խտության եւ քիմիական բաղադրության մոլորակի բացահայտումը եւ բնութագրերի որոշումը մեծ քայլ է արտերկրային կյանքի մեր որոնումներում: HARPS-N-ը դեռեւս էլ ավելի ապշեցուցիչ արդյունքներ կտա` մեզ հնարավորություն տալով էլ ավելի լիարժեք պատկերացում կազմել էկզամոլորակների առաջացման եւ էվոլյուցիայի մասին, եւ հնարավոր է, որ մի օր էլ գտնենք երկրանման հատկանիշներով բնակեցված մոլորակ: