ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ
Խորհրդային համակարգի փլուզումից հետո մարդկությունը բախվեց միաբեւեռ աշխարհի «ծախքերին», որոնք միտված էին արժեքային կողմնորոշիչների միատեսականացմանըՙ հիմնված արեւմտյան երկրներում արդեն գործող արժեհամակարգի վրա: Մասնավորապես հետխորհրդային երկրներում տեղի ունեցավ հասարակության արժեքների վերագնահատում, որն իր հերթին առաջ էր քաշում արմատական փոփոխությունների անհրաժեշտության խնդիրը ոչ միայն ամբողջությամբ վերցրած հանրության գիտակցության, այլեւ քաղաքացիների առօրյա հոգեբանության մեջ: Անկախության հաստատման առաջին տարիները բնորոշ էին թե՛ հասարակական կյանքում լիբերտարիստական արժեհամակարգի արմատավորմամբ, թե՛ նրան հարակից, գործնականում արեւմտյան երկրներից լիովին ընդօրինակված, ազատական-ժողովրդավար կառույցների ներդրմամբ: Արեւմտյան արժեքաինստիտուցիոնալ համակարգի բացարձակ կիրառումը մի միջավայրում, որ ձեւավորվել էր բազում տասնամյակների, անգամ դարերի ընթացքում, չէր կարող ընթանալ հարթ, առանց հակասությունների ու ցնցումների: Միեւնույն ժամանակ այդ երկրներում տիրապետող հանրային գիտակցության անհամատեղելիությունը ժողովրդավար կառույցների որոնող էության հետ հանգեցնում էր վերջիններիս նկատելի աղավաղմանը:
Սակայն 20-րդ դարի 90-ականների սոցիալ-քաղաքական փոխակերպումները դարձան շուկայական տնտեսության հիմքը, խորացրին հասարակության սոցիալական ստրատիֆիկացիան, պայմաններ ստեղծեցին քաղաքական բազմակարծության առաջացման համար: Ձեռնարկվեցին որոշակի քայլերՙ իշխանության ճյուղերի գործառույթները տարանջատելու եւ նոր իմաստ հաղորդելու հետխորհրդային հասարակության քաղաքական ամբողջ համակարգին: Ընդհանուր առմամբ հին կառավարման մեքենան ապամոնտաժվեց, եւ փորձեր արվեցին ձեւավորելու հասարակական նոր հարաբերություններ:
Ստեղծված հանգամանքներում հետխորհրդային հասարակությունների որոշ ժողովուրդներ բախվեցին հարյուրամյակների ընթացքում ձեւավորված սեփական ինքնության պահպանման, մյուսներըՙ արժեքների կողմնորոշման համընդհանուր միատեսականացման ոչ այնքան բարենպաստ պայմաններում ինքնանույնականացման բարդ ուղին անցնելու անհրաժեշտության խնդրին: Բոլոր այս հասարակությունները վաղ թե ուշ պետք է կանգնեին ընտրություն կատարելու անհրաժեշտության առջեւՙ հրաժարվել այսպես կոչված արեւմտյան արժեքների պարտադրված համակարգից ու հայտնվել մեկուսացված վիճակում, ընդունել այն ամբողջովին, զուգահեռաբար սպառնալիքներ ստեղծելով նույնականացմանը, կամ էլ կիրառել այնքանով, որքանով դա չի կարող խոչընդոտել ազգի ինքնանույնականացմանը: Վերջին ճանապարհը միաբեւեռ աշխարհի պայմաններում այլընտրանքերի բացակայության պատճառով գործնականում դառնում է անհնար:
Համաշխարհային ներգրավվածության գործընթացները միտված են էական ճշգրտումներ մտցնելու արդի աշխարհակարգում: Այսպես, արեւմտյան հասարակությունների օրակարգում այսօր ներառված է անդրատլանտյան միավորման ստեղծման նախագիծը, որը շատ քաղաքագետներ ոգեւորված անվանում են «անդրատլանտյան քաղաքակրթություն»ՙ նպատակադրված ընդգծելով վերջինիս բացառիկությունը: Հասկանալի է, որ քաղաքական-տնտեսական միավորի նման ձեւավորումն ընդունակ է վերջնականապես ամրապնդելու արեւմտյան ուժային կենտրոնի եւ նրան բնորոշ լիբերտարիստական արժեհամակարգի համաշխարհային տիրապետությունը: Համաշխարհային ասպարեզում քաղաքական ուժերի նման բաշխվածության պայմաններում շատ ազգերի ինքնության հաստատման ջանքերը մեքենայաբար հավասարեցվում են զրոյի:
Այլ նպատակ է հետապնդում մի շարք երկրներում սեփական ներգրավվածության կառույցի ստեղծումը: Որպես օրինակ առաջին հերթին կարող են ծառայել այն միավորումները, որոնց նախաձեռնողներն են եղել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ այլն: Նկատելի է նրանցՙ համաշխարհային կենտրոն ձեւավորելու նպատակաուղղվածությունը, որը վերջիններիս թույլ կտա պահպանել ոչ միայն իրենց տնտեսությունների մրցունակությունը, այլեւ հնարավորություն կընձեռի ապահովելու անհրաժեշտ պայմաններ արժեքային համակարգի կենսունակության համար, պահպանելու հանրային կյանքի հոգեւոր-բարոյական ոլորտի ինքնօրինակութունը: Նման նախագծերի հաջող իրագործումն ի վերջո կարող է ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ երկբեւեռ, անգամ բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման համար:
Հետխորհրդային եվրասիական տարածքի նշանակալի հատվածում պետությունների միավորման ստեղծման խնդիրը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Պետությունները, որոնք ներգրավված են ապագա Եվրասիական միության ձեւավորման գործընթացում, ոչ միայն կարող են խուսափել եվրոպական որոշ պետություններին բաժին ընկած ապրանքերի իրացման շուկաների վերածվելու ճակատագրից, այլեւ հոգ տանել ազգային արժեքային կողմնորոշիչների անաղարտության համար: Ավելին, այդ նպատակի իրագործման համար առկա են որոշակի նախադրյալներ. չէ՞ որ այս երկրների ազգերը սոցիալ-տնտեսական զարգացման համարյա միատեսակ մակարդակից զատ ունեն մի շատ կարեւոր ընդհանրություն եւսՙ մտածելակերպը, որի մասին բազմիցս նշել են Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահները:
Մեր ազգերն աչքի են ընկնում լավ փոխըմբռնողականությամբ, որը պայմանավորված է ինչպես անցած պատմական ուղիով, այնպես էլ մեր հասարակությունների առջեւ ծառացած խնդիրների ու հիմնահարցերի նմանողականությամբ: Հարցն ամենեւին էլ այն չէ, որ մեր ազգերը դեռ ձեռք չեն բերել արեւմտյան արժեքների մակարդակին համապատասխան գիտակցություն: Չէ՞ որ ամեն ազգ ունի ազատական-ժողովրդավարական արժեքների սեփական ընկալում: Այդ արժեքներն ինքնին արգասիքն են եվրոպական հասարակական գիտակցության դարավոր կերտման եւ կրում են արեւմտյան հասարակության կյանքում ու մտածելակերպում խորապես արմատացած սովորույթների կնիքը: Այդ պատճառով էլ դրանք լիովին կիրառելի են միայն արեւմտյան իրականության առկայության պայմաններում:
Արեւմտյան արժեքները չի կարելի դիտարկել որպես դրական կամ բացասական, արդարացի կամ անարդարացի լինելու տեսանկյունից: Հանրության կողմից պահանջարկ վայելող ցանկացած արժեքային կողմնորոշում, առավել եւս, եթե նպաստում է ինքնորոշման գործընթացի իրականացմանը, արժանի է հանդուրժողական վերաբերմունքի, որի մասին, ի դեպ, վկայում են հենց արեւմտյան արժեքային սկզբունքները: Անցումային շատ երկրների ներկայիս խնդիրն է իրենց արժեհամակարգը հնարավորինս համապատասխանեցնել հանրության ճշմարիտ կարիքներին ու շահերին եւ հասարակության մեջ այն դարձնել գերակայող:
Նույնականության դրսեւորման հիմքում ընկած է մտածելակերպը, եւ միայն հետխորհրդային հասարակությունների մտածելակերպի ընդհանուր հատկանիշների որոշակի պատկերն է համընկնում ազատամտական սկզբունքներին: Մնացած առումներով դրանք համապատասխանում են պահպանողական թեքում ունեցող ազատականությանը, ինչը մեծ նշանակություն է հաղորդում ազգերի ինքնության պահպանմանն ու հանրության մեջ ավանդույթների դրսեւորմանը: Արդյունքում առնչվում ենք գաղափարական երկու մրցակցային համակարգերինՙ պահպանողականությանն ու ազատականությանը բնորոշ մտածելակերպերի պատմականորեն բացառիկ, հազվագյուտ միահյուսմանը, որը կոչված է հավասարակշռելու հասարակության կենսունակության հետագա զարգացումը:
Համընդհանուր քաղաքական գիտակցության մեջ ազատական արժեքների հարուցած խնդիրների բացահայտման նպատակով կատարված սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ հետխորհրդային երկրների բնակչության զգալի մասը դրականորեն է վերաբերվում դրանցից շատերին: Այս առումով կարելի է թվարկել նվիրվածությունը կրոնական, գաղափարախոսական եւ քաղաքական հանդուրժողականությանը, մարդկային կյանքի` որպես գերարագույն արժեքի գիտակցումը, օրենքին հպատակվելը, սեփականության անձեռնմխելիությունը, քաղաքացիների բարեկեցության միջոցով կառավարության հզորության գնահատումը, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանումը, անհատի արժանապատվության պաշտպանությունը:
Պետք է նաեւ նշել, որ հետխորհրդային հասարակության սոցիալական տարբեր խմբերն ամենեւին էլ միատեսակ չեն մեկնաբանում ազատական արժեքները: Իրականում սահմանազատումը կատարվում է ոչ թե մարդու ազատությունների իրավունքների տարաբնույթ ընկալման, այլ իշխանություն ձեռք բերած զանազան քաղաքական ուժերի կողմից իրականացվող գործունեության հարցում: Մարդկանց անհանգստացնում է ոչ այնքան պետության տեսակը, որքան վերջինիս փոխհարաբերությունը հասարակության եւ անհատի հետ, այսինքնՙ շեշտադրվում է այդ հարաբերությունների բարոյական կողմը:
Արդյունքում առանձնակի հետաքրքրություն է առաջանում սովորույթների, հաջորդականության եւ կայունության վրա հիմնված, աստիճանական բարեփոխություն ու ծայրահեղ միջոցների բացառում ապահովող քաղաքական պահպանողականության խնդրի հանդեպ: Պահպանողականությունը լայն առումով արտահայտում է հանրային կյանքի հավաքական սկզբնավորումն ու այդ պատճառով ավելի հարազատ է հետխորհրդային հասարակության մտածելակերպին: Նրանց համար կենսականորեն անհրաժեշտ արժեքներն են հավասարությունը, սոցիալական արդարությունը, պետության օժանդակությունը:
Վերոնշյալին է առնչվում նաեւ հետխորհրդային հասարակության մտածելակերպի մեկ ուրիշ բնորոշ հատկանիշՙ պետության նույնականացումը մեծ ընտանիքի հետ: Այս, ըստ էության կոնֆուցիական գաղափարից էլ ծնվում է համազգային միասնությանՙ որպես հոգեւոր մտերմության դրսեւորումը, ինչպես նաեւ «անհոգի» իրավական նորմերը բարոյական արժեքներով ու բարոյախրատական սկզբունքներով փոխարինելու ձգտումը: Այս տեսակետից էլ անհատի եւ պետության փոխհարաբերության բնույթը հետխորհրդային երկրներում, ի տարբերություն Արեւմուտքի, սահմանվում է ոչ այնքան որպես կառավարվողների եւ պետության համաձայնություն, միտված օրենքների պահպանմանը, որքան իբրեւ վերջիններիս խախտման դեպքում երկու կողմերի լուռ «համաձայնություն»:
Ավանդապաշտությունը, հավատն ու կողմնորոշումը դեպի բարոյախրատական չափանիշները հետխորհրդային հասարակության մտածելակերպում արգասավոր հող են նախապատրաստում «ազգային» դեմքով պահպանողականության առաջացման համար: Ժամանակակից հետխորհրդային հասարակության մեջ մարդկանցՙ դեպի պահպանողական արժեքներ կողմնորոշվածության առավել ցայտուն նախանշաններից են արդարությանՙ մարդու իրավունքներից առավել էական լինելու վստահությունը, ավանդույթների հանդեպ հավատարմությունը, համոզմունքը, թե պետության ու ժողովրդի շահերը գերադաս են առանձին քաղաքացու շահերից, պետությանՙ որպես կարգուկանոնի եւ բարեկեցության հաստատման հզոր գործոնի տեղակայումը, ընդհանուր նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիների որոշ իրավունքների սահմանափակումը:
Հետխորհրդային հասարակության մտածելակերպում գերակայում է պետական կառավարկան որոշակի տիպար. ժողովուրդը կառավարությանն է հանձնարարում ոչ այնքան իշխանության որոշակի գործառույթների իրականացումը, որքան սեփական ճակատագիրը: Այս առումով էլ հասարակության մտածելակերպում որպես արժեք եւ հիմք առաջ է գալիս հովանավորության տեղակայումը: Սակայն այս հովանավորությունն ունի ազգային-հայրենասիրական բաղադրիչ, որն ամբողջ ազգին կողմնորոշում է համախմբվելու իրեն հավատարիմ ու նվիրված պետության շուրջը: Պետության հովանավորությունը դիտվում է որպես «բարություն» եւ հանրության հանդեպ իշխանության պարտավորվածություն: Հետխորհրդային հասարակության մտածելակերպում որպես իդեալական կառավարման ձեւ առաջին հերթին ընդունելի է միահեծան (պատասխանատու) եւ արդարացի (բարոյական) իշխանությունը: Կառավարման այս «տիպարն» ունի չափավոր կողմնորոշում դեպի ավտորիտար իդեալ, որը մշտապես համակցվում է կոլեկտիվ ժողովրդավարության ամբոխապետական իմաստի հետ: Պահպանողականությունը, որպես աշխարհայացք, ապահովում է հասարակական կյանքի հոգեւոր-բարոյական տարրերի աշխուժացումը, ավանդույթների եւ ազգային հիմքերի հանդեպ հարգալից վերաբերմունքը, այն մերձենում է ազգային ինքնագիտակցությանն ու նպաստում է ազգերի ինքնորոշմանը:
Հետխորհրդային հասարակության պահպանողական-ազատական մտածողությունն ըստ էության հասարակության գիտակցության առավել բարձր բանական մակարդակում համալրվում է առաջ քաշված «եվրասիականության» գաղափարով: Եվրասիականության ժամանակակից գաղափարն իր հիմքում խորապես ազատական է, իրատեսական եւ ժողովրդավար: Սակայն նման ազատականությունը «սահմանափակվում» է առկա պահպանողական բնույթի մշակութաազգային առանձնահատկություններով ու ավանդույթներով: Տվյալ պարագայում մեր առջեւ ծառանում է ժամանակակից հետխորհրդային հասարակությունների համար մեծ պահանջարկ ունեցող պահպանողական ազատականության գաղափարախոսությունը:
Այսօր մենք գործ ունենք արմատապես ձեւափոխված եվրասիականության գաղափարի հետ, որը զինված է կենսակայուն ազատական-ժողվրդավարական բոլոր գաղափարներով եւ դրանք հարմարեցրել է հետխորհրդային անցումային հասարակությունների իրողություններին: Մի կողմիցՙ որքան էլ արտասովոր հնչի, այդ գաղափարը ներգրավվածության ընդարձակման պայմաններում ամեն կերպ նպաստում է եվրասիական տարածաշրջանում բնակվող ժողովուրդների ազգային ինքնության ամրապնդմանը, իսկ մյուս կողմիցՙ օգնում գործնականում կիրառել համաշխարհային հնչեղություն ստացած ազատական համակարգին բնորոշ այն արժեքները, որոնք պահանջարկ են վայելում հետխորհրդային հասարակության մեջ եւ ունեն համամարդկային նշանակություն: Ըստ էության լուծվում է ազգային անվտանգության ապահովման հիմնական հարցերից մեկը:
Ժամանակակից համաշխարհային ներգրավվածության գործընթացներն անկողմնակալ երեւույթ են: Պետությունների քաղաքական եւ սոցիալ-տնտեսական փոխհարաբերությունների ներկայիս մակարդակում դրանցից ոչ մեկը չի կարող անմասն մնալ այդ շարժումից ու ինքնամեկուսանալ: Սակայն յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու իր զարգացման այս կամ այն որոշակի ուղղությունը: Նման ընտրությունը ճակատագրական է հատկապես այն պետությունների համար, որոնք չեն կարողացել հաղթահարել անկախ զարգացման դժվարությունները, ձեւավորել կայուն ու կենսունակ քաղաքական համակարգեր եւ մրցունակ տնտեսություններ, ինչպես նաեւ ունեն որոշակի խնդիրներ արտաքին քաղաքականության ասպարեզում: Նման պետությունների բազում հրատապ խնդիրների լուծման հնարավորությունները նշանակալիորեն աճում են այն դեպքում, եթե այդ ընտրությունն իրականացվի այն միությունների օգտին, որոնցում ներգրավված պետություններն ունեն սոցիալ-տնտեսական զարգացման համարյա միատեսակ մակարդակ, ընդհանուր մտածելակերպ եւ ձգտում են պահպանել իրենց ազգերի ինքնությունը: Այն պետությունները, որոնք մասնակցում են ներգրավվածության գործընթացին, որն ուղղված է միաբեւեռ աշխարհակարգի ամրապնդմանն ու զարգացմանը, համարձակվում են, եթե ոչ ամբողջովին, ապա մասամբ կորցնելու իրենց ինքնությունն ու զրկվելու ինքնաարտահայտման հնարավորությունից, ինչն ի վերջո կարող է բացասաբար անդրադառնալ նույնականացման գործընթացի վրա: Ընդհանուր առմամբ նման երկրներն ստիպված են շարունակել իրենց ոչ երկարատեւ գոյությունը «օտար» արժեքների պարտադրված աշխարհում: