«Չինաստանի դերը միջազգային ասպարեզում փոխվում է», տեղեկացնում է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի ասիական կենտրոնի (տնօրենՙ Ֆրանսուա Գոդեմեն) «Վերլուծություններ Չինաստանի մասին» հոդվածաշարի վերջին հաղորդագրությունը: «Երկիրը պայքարում է եզրեր գտնելու ուրիշի գործերին չմիջամտելու իր ավանդական արտաքին քաղաքականության եւ ամբողջ աշխարհում անընդհատ աճ արձանագրող իր տնտեսական ներկայության միջեւ: Չինաստանի հարաբերությունները Իրանի հետ եւ նրա արձագանքը սիրիական ճգնաժամի առնչությամբ նշանակալի օրինակներ են, որ Չինաստանը սկսել է վերանայել իր արտաքին քաղաքականության դիրքորոշումները: Նաեւ ապացույց են նրա նոր շահերի եւ հետաքրքրություններիՙ Մերձավոր Արեւելքում եւ թե ինչու է Պեկինը տատանվում պաշտպանելու Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւերը:
Կենտրոնի «Վերջ չմիջամտելու քաղաքականությանը» զեկույցում անդրադարձ է կատարվում Իրանի, Սիրիայի, Սուդանի, Հյուսիսային Կորեայի եւ Բիրմայի հետ Չինաստանի նոր արտաքին քաղաքականության դրսեւորումներին եւ նրա նոր պատասխանատվություններ ստանձնելու պատրաստակամությանը:
Սիրիական ճգնաժամի առթիվ ՄԱԿ-ի բանաձեւերին վետո դնելը խորհրդանշում է Չինաստանի նոր դերակատարումը միջազգային ասպարեզում: Չինացի վերլուծաբանները համաձայն են վերջ տալ բռնություններին Սիրիայում, բայց ոչ Արեւմուտքի գծած սցենարով: Նրանք հասկանում են, որ ժողովրդավարությունը «պաշտպանելու» քողի ներքո Արեւմուտքը «վարչակարգեր փոխելու» իր վտանգավոր մտադրություններն է ցանկանում օրինականացնել: Ըստ զեկույցիՙ իրենց վետոներով չինացի դիվանագետները ցանկանում են դաս տալ արեւմտյան երկրներին, հասկացնելով, որ հեռու մնան ուրիշ երկրների ներքին գործերին խառնվելու իրենց մոլուցքից: Յան Ցուետոնգի կարծիքով, օրինակ, Անվտանգության խորհրդի բանաձեւերը տապալելը Չինաստանի շահերից է բխում, քանի որ նվազեցնում է պատերազմի հավանականությունը Մ. Նահանգների եւ Իրանի միջեւ, միաժամանակ ամրապնդում է Պեկինի գործակցությունը Մոսկվայի հետ:
Իսկ Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու հիմքում ընկած է էներգառեսուրների ապահովման խնդիրը: Չինացի մեկնաբանները անշուշտ հասկանում են, որ այդ սերտացումը իրենց ներքաշելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջը ծավալված թնջուկի մեջ: Հակառակ տնտեսական սահմանափակումներին միանալու Արեւմուտքի կոչերին, Չինաստանը անտեսելով քննադատությունները, առաջնորդվում է իր տնտեսական եւ անվտանգության շահերի համաձայնՙ հույս ունենալով, որ Իրանի նորընտիր նախագահ Ռուհանին համապատասխան քայլերով Չինաստանին կվերաբերվի որպես «ռազմավարական հնարավորության»ՙ պայքարելու Արեւմուտքի պարտադրած «փակուղու» դեմ: