Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն երեկ շնորհավորական ուղերձ է հղել Գեորգի Մարգվելաշվիլիինՙ 2013թ. հոկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Եվ սա Վրաստանի պատմության համար էլ առաջին անգամ է, երբ նախագահի ընտրությունների նախնական արդյունքները, ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հայտարարվեցին հենց քվեարկության օրը, թեեւ երեկոյան բավականին ուշ:
Այդպիսով, արդեն հոկտեմբերի 28-ի կեսօրին պաշտոնապես հայտարարվեց ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլու հաղթանակի մասին` ձայների ավելի քան 62 տոկոս տպավորիչ ձեռքբերմամբ:
Վրաստանի դեռեւս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բակրաձեն ստացել է մոտ 21 տոկոս, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն` 10 տոկոս: Վարչապետի թեկնածուի օգտին ձայների մեծամասնություն է գրանցվել նաեւ հայաբնակ ու ադրբեջանաբնակ տարածաշրջաններում, որտեղ ավանդաբար հրաշալի, անգամ փայլուն արդյունքներ էին կարողանում «ապահովել» Սաակաշվիլու կուսակցությունն ու նրա թեկնածուները:
Եվ սա այն դեպքում, երբ մասնակցությունը Վրաստանի համար այնքան էլ բարձր ցուցանիշով չի բնութագրվում. ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 47 տոկոսըՙ նախորդ` 2008-ի նախագահական ընտրությունների ավելի քան 56 տոկոսի համեմատությամբ: Ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանների համար մասնակցության ցուցանիշի մասին խոսելն իսկ ավելորդ է, քանի որ նախորդ ընտրություններում դա գրեթե 100 տոկոս էր ներկայացվում:
Ամեն դեպքում, փաստեր, թե՞ կեղծարարություն, բայց վրացական իրողությունների համաձայն, նորընտիր նախագահին արդեն իսկ քվեարկության օրն ընդունել ու օրհնել է վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:
Փաստացիՙ Իվանիշվիլու թեկնածուն հաղթել է Սաակաշվիլու թեկնածուին: Առաջինը հպարտությամբ ու վստահությամբ ընդունել է հաղթանակը, երկրորդը` ընդունել պարտությունը, նաեւ խորհուրդ տվել, թե պետք չէ թեւաթափվել, քանի որ «յուրաքանչյուր նահանջ ժամանակավոր է»:
Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի սահմանադրության փոփոխությունները, առավել կարեւոր է դարձել հարցը, թե ով կլինի վարչապետը, այլ ոչ թե նախագահը: Հաղթած կուսակցության վարչապետացուի ով լինելը, ըստ նույն կոալիցիայի տարբեր անդամների, հայտնի կլինի մեկ շաբաթից, քանի որ կոալիցիայի ներսում հարցը քննարկվել է, թեկնածուն` ընտրված: Ու թեեւ ապագա վարչապետի անունը դեռեւս հայտնի չէ, վրացական իշխանական օղակները արդեն իսկ հայտարարել են, որ հենց նոր վարչապետն ու նորընտիր նախագահն էլ նոյեմբերի վերջին կմեկնեն Վիլնյուս` մասնակցելու Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որտեղ նախատեսված է Վրաստանի հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը:
Միեւնույն ժամանակ, ներկայիս վարչապետ, միլիարդատեր Իվանիշվիլին չէ, որ մեկնելու է Վիլնյուս: Նա, իր իսկ խոսքերի համաձայն, չի զբաղեցնելու այդ պաշտոնը, ավելին, հեռանալու է քաղաքականությունից` կուլիսներից երկիրը չկառավարելու ցանկությամբ:
Եվ քանի որ Իվանիշվիլու վարչապետության առաջնային խնդիրներից մեկը Վրաստանն առանց Սաակաշվիլու թողնելն էր, ինչը փաստացի իրողություն դարձավ կիրակի օրվա ընտրություններով, գործն արված է: Եվ եթե գործն արված է, ավելին, դեռ հնարավոր է, որ Սաակաշվիլին կանգնի դատարանի առաջ կամ առնվազն հարցաքննվի տարբեր հանգամանքների առնչությամբ, ուրեմն Իվանիշվիլու խոստումն էլ կարող է իրականություն դառնալ, այն է` նոր նախագահի երդմնակալությունից մեկ շաբաթ անց` նոյեմբերի 24-ին հրաժարական տալ ու հեռանալ վարչապետի պաշտոնից:
Իվանիշվիլու` իշխանության գալով Վրաստանում մեծ եւ ընդգրկուն փոփոխություններ տեղի ունեցան, բայց թե ինչ կբերի իր հետ նրա հովանավորությամբ ընտրված նոր իշխանիկների խումբը ի դեմս նոր նախագահի ու վարչապետի, դեռ ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նորընտիր նախագահը մինչեւ թեկնածության առաջադրումը հանրությանն անհայտ մեկն էր: Թե որքանով հայտնի ու ընդունելի կլինի ապագա վարչապետը` կտեսնենք:
Հ.Գ. Քվեարկությունից երկու օր առաջ Ախալքալաք այցելած Սաակաշվիլու եւ ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի միջեւ տեղի ունեցած վեճի տեսագրությունը տարածվել է համացանցում, որտեղ հայոց լեզվի ու գրականության հարցերով Սաակաշվիլուն մոտեցող Չախալյանին Սաակաշվիլին ռուսերեն-վրացերեն խառնուխշտիկ արձագանքում է, թե Չախալյանն իրեն դատելու, հարց տալու իրավունք չունի: Այդպիսով Սաակաշվիլին եւս մեկ անգամ ապացուցեց, որ ջավախքցուն չի ընկալում որպես իր երկրի քաղաքացու, որն իրեն քննադատելու իրավունք ունի:
Բացի դրանիցՙ Սաակաշվիլին նաեւ ի ցույց է դրել անհարգալից վերաբերմունք սեփական երկրի «արդարադատություն» կոչվող համակարգի հանդեպ, որը Չախալյանին, անարդարացիորեն, բայց դատել ու դատապարտել է ոչ երբեք անջատողականության, այլ, օրինակ, հասարակական կարգը խախտելու համար, մինչդեռ տեսանյութում մանկապարտեզային վիճաբանության ոգով հեռացող Չախալյանի հետեւից Սաակաշվիլին նրան «անջատողական», «ազգայնամոլ անջատողական» է որակում, միջադեպից հետո էլ արդեն հոգնեցնելու աստիճան կրկնած տեսությունը մատուցում, թե Չախալյանը ռուս գործակալ է:
Տգեղ ու ոչ ընդունելի է նաեւ Չախալյանի հայհոյախառը խոսքը, որ թեեւ Սաակաշվիլու խոսքերի արձագանքն է, բայց բնավ չի կարելի դիտարկել որպես քաղաքակրթության դրսեւորում: Առանց այդ էլ հեռացված նախագահի հասցեին «Միշա, հեռացիր» կարելի է բղավել, բայց ոչ հայհոյանքով: