Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 2013-2014թթ. համերգաշրջանն սկսեց Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն այս տարի նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:
Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը ընթացող ամենամյա փառատոնի շրջանակներում արդեն կայացել են 7 սիմֆոնիկ եւ 2 կամերային համերգներ, ինչպես նաեւ մեծահամբավ իտալացի թավջութակահար Մարիո Բրունելլոյի եւ Ռուսաստանը ներկայացնող հրեա ճանաչված դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցի մենահամերգները: Ընդհանուր թվով փառատոնային ծրագիրը ներառում էր 12 համերգ: Ողջ փառատոնի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան այնպիսի հյուր արտիստներ, ինչպիսիք են Իզաբել Ֆաուստը (ջութակ, Գերմանիա), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ, Ռուսաստան), Բորիս Բրովցինը (ջութակ, Մեծ Բրիտանիա), Դայշին Կաշիմոտոն (ջութակ, Ճապոնիա), Մարիո Բրունելլոնը (թավջութակ, Իտալիա), Կոլյա Բլախերը (ջութակ, Գերմանիա), դիրիժոր Իսրայել Յինոնը (Գերմանիա) եւ այլք:
Փառատոնը արդյունավետ էր նաեւ հայ երիտասարդ երաժիշտների համար, քանի որ վարպետության դասեր տվեցին Նարեկ Հախնազարյանը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը, Դիմուտ Պոպպենը եւ Կոստանտին Լիֆշիցը:
Փառատոնի փակման հանդիսավոր համերգը կկայանա այսօր, հոկտեմբերի 25-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ընթացքում հանդես կգան դաշնակահար Կոստանտին Լիֆշիցը եւ ջութակահար Կոլյա Բլախերը:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկնոջ Ռիտա Սարգսյանի, մշակույթի նախարարության աջակցությամբ: Իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը: