ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՀ շարքային քաղաքացին, եկեք ընդունենք, շատ բան չգիտի իր կյանքի ուղեկից ֆինանսական փաստաթուղթ բյուջեի գործառույթներից, հարկային քաղաքականությունից, դեֆիցիտի հայթայթման ձեւերից, ծախսերից ու այլ հարցերից: Նա հիմնականում վստահում է իր կառավարիչներին, նրանց օժտելով որոշակի իրավունքներով, աշխատապայմանների համար միջոցներ հատկացնելով: Բայց գալիս է մի պահ, երբ նա սկսում է թերահավատորեն նայել իր շուրջը կատարվողին, պարզ ու հասարակ համեմատություններ է կատարում, փորձում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել:
Վերջին շրջանում մեզանում այսօրինակ վիճակ է առաջանում հայրենիքում ապաստանած սիրիահայերի որոշ մտահոգություններ ունկնդրելու ընթացքում: Նրանց բացարձակ մեծամասնությունը, որոնք նույնպես որեւէ պատկերացում չունեն իրենց երկրի ֆինանսական վիճակից, այսուհանդերձ տնտեսական առումով որոշակի մոտեցումների տիրապետում են: Հաճախ կարելի է լսել, որ Սիրիայում հարկային ինչ-ինչ արտոնություններ են տրվում ու գործում, փաստաթղթային ձեւակերպումներն են դյուրացված, վարչարարությունն է բարենպաստ: Այսօրինակ հարցերում մասամբ կողմնորոշվելու նպատակով տողերիս հեղինակը ձեռքը վերցրեց ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2013» տեղեկատուն, ուր յուրաքանչյուր երկրի ազգային վիճակագրական ծառայություն համապատասխան տեղեկատվություն է հրապարակում:
Սիրիայի մասին կարդում ենք. 2010-ին բնակչությունը 22,5 մլն էր, երկրի համախառն ներքին արդյունքըՙ 108 մլրդ դոլար, բյուջենՙ 18 մլրդ դոլար: Ստացվում է ՀՆԱ-հարկեր 17-18 տոկոս հարաբերակցություն, 1 բնակչի հաշվով բյուջետային ծախսը տարեկան 800 դոլար:
Ընթերցողը պարզորոշ կնկատի, որ հիմնական հետաքրքրություն ներկայացնող վերջին երկու ցուցանիշները ճիշտ ու ճիշտ հայաստանյանի արտացոլումներն են. վերջին 2-3 տարիներին ՀՀ-ում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 17-18 տոկոս է, 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսըՙ մոտ 800 դոլար:
Հետաքրքրական պատկեր է ստացվում, եւ հարկադրված ենք ընդունել, որ մեզանում մտորելու բան կա. ինչի՞ց են գոհ սիրիահայ գործարարներն իրենց ծննդավայրում, որ այսօր չեն գտնում մեր պայմաններում, որը նաեւ նրանց հայրենիքն է: Անշուշտ կարելի է սիրողական մակարդակով դատողություններ անել ու տեսակետ հայտնել, ասենք, ռազմական ծախսերը համեմատել: Բայց հանրահայտ է, որ այս ասպարեզում Սիրիան միշտ էլ 300-հազարանոց բանակ է պահում, որը որոշակի բեռ է այսպիսի երկրի համար: Իսկ գուցե պետական-կառավարական ապարատի մե՞ջ է խնդիրը: Վստահ եմՙ ընթերցողների մեջ այլ հարցեր էլ կծագեն, որոնց մասնագիտական ու սպառիչ պատասխաններ կարող են տալ մեր տնտեսագետները, տնտեսվարներն ու պաշտոնյաները:
Արդեն հիշատակված տեղեկատուից նաեւ հայտնի է դառնում, որ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը Բելառուսում 15 տոկոս է, 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսըՙ 2230 դոլար, Ռուսաստանի Դաշնությունումՙ 16 տոկոս եւ 2640 դոլար, Ղազախստանումՙ 18 տոկոս եւ 2200 դոլար: Հարկումը մասամբ բարձր է մերձբալթյան երկրներում. Լատվիայում 25 տոկոս է, Լիտվայումՙ 26 տոկոս, Էստոնիայումՙ մոտ 30 տոկոս. վերջինում 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսը 7000 դոլար է, նախորդ երկուսումՙ 5000-ական դոլար:
Ինչ քննարկվող խնդրի առումով կատարվում է ՌԴ-ին սահմանակից մի այլ երկրում, Ֆինլանդիայում, ոմանք կարող են հարկահավաքության ամենաթողություն որակել, հարկային տեռոր հռչակել: Երկրի 200 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքից բյուջե է ուղղվում մոտ 140 մլրդ դոլարը, որջ աշխատածի 70 տոկոսն է: Այն թերեւս բարեխիղճ ձեւով էլ ծախսվում է, 1 ֆիննի հաշվով տարեկան 17 հազար դոլար, այսպես ասածՙ մերոնցականների 6-7-ապատիկը, մեր էլՙ 20-ապատիկը:
Մի պահ պատկերացնենք, որ մենք Ֆինլանդիայի օրինակով հարկահավաքություն ենք իրականացնում. ՀՀ բյուջեն ստացվում է 7-8 մլրդ դոլար, իրականի գրեթե եռապատիկը: Այ թե աշխատավարձեր ու կենսաթոշակներ կունենայինք, կրթական ու առողջապահական խնդիրներ կլուծեինք, գիտական ու մշակութային ծրագրեր կիրականացնեինք, Ադրբեջանի էլ… մի խոսքով գիտեք ինչ կանեինք:
Բայց եկեք մեր իրականություն վերադառնանք եւ ընդամենը նկատենք, որ անսովոր հարկահավաք Ֆինլանդիայի օրինակով մենք Ռուսաստանի հետ առայժմ սահմանակից չենք: Ուրեմն ի՞նչ. լավ է սահմանակից լինել, բայց առավել սերտ կապեր չունենա՞լ, թե՞ սահմանակից չլինելովՙ սերտ կապեր փնտրել: Հայաստանի գործարարների այս մոտեցումը կարծես պարզ է, իսկ թե ինչ են ասում տնտեսագետները, առայժմ սպասում ենք:
Հ.Գ.- Ընթերցողը, վստահ ենք, գիտի, որ ֆինները հարեւանի հետ առավել սերտ հարաբերություններում էական են համարում ռուսական օղին վայելելը: