Ազգային ժողովի երեկ մեկնարկած հերթական քառօրյայի առաջին օրվա գլխավոր թեման լրագրողների համար ոչ թե մարզերի ֆինանսական համահարթեցմանը վերաբերող կամ զբաղվածության ոլորտում մի շարք նոր մոտեցումներ որդեգրող ու շատուշատ քաղաքացիների հետաքրքրող նախագծերն էին, որոնք քննարկվում էին երեկ, այլ, ինչպես եւ վերջին մեկ-երկու տարին, շնորհիվ «մի ուրիշ նոր տեսակի լրագրության», բոլորովին ուրիշ բան` սկանդալները եւ դրանց վերաբերյալ այս ու այն պատգամավորից տեսակետ փախցնելը: Ապրանքների օրավուր թանկացումը, զանազան նեղ շահեր սպասարկող օրենքների թացը չորից զատելն այլեւս ոչ մեկին չեն հետաքրքում: Այ, ուրիշ բան` բա, գիտեք, մեկ օր առաջ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ «Զվարթնոց» օդականավակայանում վեճ է եղել, սա մի ուրիշ ձեւի կարող է բարձրացնել լրատվամիջոցների «ռեյծինգը», այնպես որ, առաջ, դեպի սկանդալ:
Եվ ուրեմն` շաբաթ օրը (հոկտեմբերի տասնիննին) «Զվարթնոցում» նախագահ Սարգսյանի վերադարձին սպասող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի հաստատմամբ` զուտ տղամարդկային բանավեճ է եղել, որի բովանդակությունը վերաբերել է Արթուր Բաղդասարյանի առաջադրմանը վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Վեճը, փաստորեն, ընդհանուր հայտարարի չի բերել, եւ կողմերը, ամեն, մեկն իր կարծիքին մնալով, հեռացել են: Ըստ մի շարք հրապարակումների` վեճն ուղեկցվել է միմյանց հասցեին թունդ արտահայտություննեով, անգամ հայհոյանքներով, չնայած` Հ. Մարգարյանը նշում էր, թե Ա. Բաղդասարյանի անցյալն ու ներկան իմանալով` չի կարծում, որ որեւէ կողմ իրեն թույլ տար նման արտահայտություններ: Մանավանդ` տասնյակ պաշտոնյաներ են ներկա եղել: Նույն կերպ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էր լրագրողի հարցմանն ի պատասխան ասել, թե չի պատկերացնում մեկին, ով կհամարձակվեր իր կուսակցապետի հետ նկարագրված տոնով կամ բառապաշարով խոսել` անհեթեթ համարելով լրատվությունն այդ մասին եւ այն մեկնաբանելու ցանկության բացակայության մասին նշելով: Թե ի՞նչ է նշանակում տղամարդկային խոսակցություն, երբ կողմերը կուսակցապետ եւ քաղաքական գործիչ են, մնաց ենթադրությունների ծիրում:
Վեճի բուն պատճառի վերաբերյալ, էլի հղում անելով Հ. Մարգարյանին, կարելի է նշել, որ Ծառուկյանը դժգոհություն է ունեցել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված սպորտի նախարարության առնչությամբ եւ այդ մասին իր տեսակետն է հայտնել, որին ի պատասխան իր տեսակետն է հայտնել նաեւ Ա. Բաղդասարյանը:
Իսկ ահա Ազգային ժողովի բուն նիստի սկզբում, ինչպես ամեն քառօրյայի առաջին օրը, մինչեւ օրակարգի հաստատումը տեղի է ունենում մեծ իրարանցում, որտեղ վարման կարգի վերաբերյալ իր ելույթներում ով աչքի ընկավ-աչքի ընկավ: Սա լավ գիտեն մեր պատգամավորները, քանի որ հետո լրագրողների մեծ մասը գնում է, մնում են միայն մի քանի համբերատար եւ ըստ էության լուսաբանողները: Ու դա իմանալով` մեր աչքի ընկնել ձգտող պատգամավորները փորձում են մնալ ԶԼՄ-ների մակերեսում: Երեկ ամենաեռանդունն այս իմաստով Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն էին: Նախ Փաշինյանի հարցը, ինչպես եւ նախորդ քառօրյայի սկզբում, վերաբերում էր անցած ամիս Սյունիքում տեղի ունեցած այն միջադեպին, երբ ռուս սահմանապահները սահմանափակել էին Զ. Փոստանջյանի տեղաշարժը: Խոսքն այն մասին էր, որ սահմանապահ պատասխանատուներից տեղի ունեցողը մեկնաբանող նամակ էր ստացել ԱԺ նախագահը եւ չէր հրապարակել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե նամակի բովանդակությունը ներկայացրել է խմբակցությունների ղեկավարներին, ապա նշեց, թե եթե օրենքի խախտում է եղել` պետք է համապատասխան գնահատական տրվի, մեղավորներ պատժվեն: Սակայն ըստ նրա` սահմանապահների բացատրությունն ու Զ. Փոստանջյանի գնահատականները միջադեպին իրար չեն համապատասխանում, եւ որ` մեքենան խուզարկելիս ոչ թե միայն սահմանապահներն են եղել, այլ` մեր ոստիկանության հետ համատեղ միջոցառում է եղել:
Իսկ երբ Փաշինյանն ու Զ. Փոստանջյանը խստացան, թե ի՞նչ իրավունքով են անկախ պետությունում անցակետ դնում այլ երկրի սահմանապահները, Հ. Աբրահամյանը նշեց, թե նման բան չի եղել, ոչ մի օտարերկրյա կառույց անցակետ չի սահմանել, ստուգումը եղել է մեր ոստիկանության հետ: Եվ ի պատասխան Զ. Փոստանջյանի ու երեւի նկատի ունենալով վերջերս Ստրասբուրգում նրա սկանդալային հարցը, ԱԺ նախագահը նշեց. «Ես Ձեր շատ հայտարարությունների չեմ հավատում, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ դուք հաճախ զրպարտում եք. եթե այդպիսի բան է եղել, պետք է պարզել, պատժել, օրենքի առաջ բոլորս ենք հավասար»: Փոստանջյան-Աբրահամյան երկխոսության առաջին մասնակիցը մի քանի անգամ նաեւ ծայրահեղացավ, թե` եթե հարցերին պատասխանելն ԱԺ նախագահի իրավասություններում չէ, միգուցե պետք է լուծարե՞լ ԱԺ-ն, կամ արդյո՞ք ԱԺ նախագահի վերադասը ռուսական ՖՍԲ-ն է: Երկխոսությանը չդիմացավ նախ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն ապսպրեց անջատել Փոստանջյանի խոսափողը, ապա ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, որը հուզախառն ձայնով չափի զգացողությունը պահելու կոչ արեց, իսկ իր նախկին ընկերների` լրագրողներիս հետ զրույցում իր ձայնի տոնայնության առումով մեկնաբանեց, թե չեն թույլ տալիս անցնել բնականոն աշխատանքի, հոգնեցրել են: Իսկ արդեն նիստի ընդմիջմանը Եսայանի գործընկեր Էդուարդ Շարմազանովը խոսում էր քաղաքակիրթ եւ ծայրահեղությունների մեջ չընկնող իշխանական եւ ընդդիմադիր ուժերից, ինչը, փաստորեն, մեր խորհրդարանում չկա, ու քաղաքակիրթ աշխարհում կան նորմալ աշխատանքային հարաբերություններ ընդդիմության եւ իշխանության միջեւ, չնայած նորմալ է, որ այս կամ այն հարցի վերաբերյալ իրարից տրամագծորեն տարբեր տեսակետներ ունենան նրանք:
Այս բարձր թեմայից խոսող Է. Շարմազանովի մի այլ գործընկեր` Համլետ Հարությունյանը, սակայն, ոչ թե այս կարգի ինստիտուցիոնալ թեմաներով զբաղվելու մասին էր մտորում երեկ, այլ շատ տրիվիալ մի բանի` ինչպե՞ս հասցնել բացակա ընկերոջ փոխարեն նաեւ քվեարկել, ու միանգամից էլ իրագործում էր` քվեարկությունների ժամանակ իր եւ «այն տղայի» (Մ. Բադեյանի) փոխարեն դաշնամուր նվագելով:
Իսկ բուն նյութը, օրինակ` «Զբաղվածության մասին» օրենքի եւ կից փաթեթի փոփոխությունները, որոնցով զբաղվածության մասին նոր հայեցակարգ եւ բնակչության արդյունավետ զբաղվածության խթանման տնտեսական եւ կազմակերպական նոր մոտեցումներ են որդեգրվում` մնացին ստվերում: Խոստանում ենք գոնե վաղն այն լուսաբանել, քանի որ այս փաթեթի քննարկումն այսօր կշարունակվի: