ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հայ ժողովրդի պատմության քառուղիներում միշտ եղել են վառ անհատականություններ ու նվիրյալներ, որոնք ազգօգուտ գործունեությամբ անմնացորդ ծառայել եւ ծառայում են իրենց հայրենիքին ու ժողովրդին, լուսավոր հետք թողնելով պատմության եւ մշակույթի անդաստանում: Նման մտավորականներից է ականավոր գիտնական ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը: Նրա ավելի քան կեսդարյա գիտական գործունեությունը կապված է հայ ժողովրդի 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի պատմության եւ մշակութային ժառանգության ուսումնասիրության հետ: Հր. Սիմոնյանի պատմագիտական ժառանգությունը հարստացավ «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության հինգհատորյակով, որի վերջին հատորը լույս տեսավ այս տարի: Եթե հեղինակն իրեն հատուկ բարեխղճությամբ եւ քրտնաջան ու տեւական աշխատանքով չիրականացներ այս արժեքավոր աշխատությունը, որն ամբողջացրեց եւ հարստացրեց 20-րդ դարասկզբի ազատագրական պայքարի պատմությունը, ապա մեր պատկերացումներն այդ մասին թերի կմնային: Գիտական բարձր մակարդակով շարադրված, աղբյուրագիտական լայն հենք ունեցող, փաստական վերլուծություններով եւ ինքնատիպ եզրակացություններով հագեցված նրա այս գրքերն անանց արժեք են ներկայացնում:
Սույն հինգհատորյակը վերաբերվում է 1905-1914 թթ. ժամանակահատվածին, որը լեցուն է խոշոր պատմական իրադարձություններով: Մեկ տասնամյակից քիչ ժամանակահատված ընդգրկող այդ տարիներին տեղի ունեցան երեք` ռուսական (1905-1907), երիտթուրքական (1908) եւ պարսկական (1905-1912) հեղափոխություններ, որոնց ավերիչ ալիքը տարածվեց նաեւ մեծ ու փոքր ազգերի, այդ թվում` հայերի վրա:
Աշխարհաքաղաքական այս խոշոր իրադարձությունները, ինչպես դարեր շարունակ, այս անգամ եւս չշրջանցեցին երեք հատվածների (ռուսահայություն, թուրքահայություն եւ պարսկահայություն) բաժանված բազմաչարչար հայ ժողովրդին: Իր կամքից անկախ` նա հայտնվեց խիստ անբարենպաստ պայմաններում` կրելով մարդկային ու նյութական անդառնալի կորուստներ: Հենց այս ժամանակահատվածի` մեր ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունն է քննության առնված Հր. Սիմոնյանի վերոնշյալ աշխատությունում:
Աշխատության առաջին գրքում, որն ընդգրկում է 1905 թ. հունվարից 1906 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը, համակողմանիորեն քննության են առնված Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները: Հեղինակը, օգտագործելով տարաբնույթ սկզբնաղբյուրներ, վերլուծել է Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ կատարել արժեքավոր եզրակացություններ:
Ակադեմիկոս Սիմոնյանը պատմական փաստերի վերլուծությամբ ներկայացնում է Ռուսական առաջին հեղափոխության ազդեցությունն արեւելահայության վրա, թուրք-հայկական ընդհարումներն ու Անդրկովկասի հայության վիճակը, հայկական կոտորածները Բաքվում եւ Անդրկովկասի մյուս քաղաքներում, կովկասահայության առաջին համագումարը եւ այլն:
Երկրորդ գրքում հեղինակն անդրադառնում է 1906 թ. օգոստոսից 1907 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածի իրողություններին, ուրվագծում թուրք-հայկական ընդհարումների ավարտը եւ դրա հետեւանքները, հայության ծանր կացությունը, հայ սոցիալ-դեմոկրատների գործունեությունը 1905-1907 թթ., թուրք-քրդական հարստահարումներն Արեւմտյան Հայաստանում, ինքնապաշտպանական մարտերը, ֆիդայական շարժման մայրամուտը եւ այլն:
Երրորդ գիրքը լայնածավալ ուսումնասիրություն է, որն ընդգրկում է 1907 թ. հուլիս-1908 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հայկական կյանքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները: Ներկայացվում է կովկասահայության ծանր իրավիճակը ստոլիպինյան հետադիմության ժամանկաշրջանում եւ 1907 թ. հունիսերեքյան հեղաշրջումից հետո: Հատուկ քննության է ենթարկված Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով-Դաշկովի հայանպաստ գործունեությունը, նրա եւ ռուսական կառավարության ղեկավար Պյոտր Ստոլիպինի հակադիր քաղաքականությունը հայության նկատմամբ: Գրքում համակողմանիորեն քննարկված է նաեւ Պարսկաստանի սահմանադրական շարժման ընթացքը, նրա ազդեցությունը պարսկահայության վրա, վերջինիս ակտիվ մասնակցությունը հեղափոխական մարտերին:
1200 տպագիր էջերից բաղկացած չորրորդ գրքում համակողմանի քննության են առնված Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան հատվածներում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հայությանը կանգնեցրին նոր փորձությունների ու մարտահրավերների առջեւ: Պատմական փաստերի համադրմամբ եւ բազմակողմանի վերլուծությամբ հեղինակը բացահայտել է արեւմտահայության կյանքում տեղի ունեցած բախտորոշ իրադարձությունները, Կիլիկիայի մեծ աղետը, դրա պատճառներն ու դասերը: Ցույց են տրված թուրքական երկու կուսակցությունների` Իթթիհադի եւ Իթթիլաֆի միջեւ սուր հակասությունները, նրանց խաղացած խիստ բացասական դերն արեւմտահայության կյանքում: Միաժամանակ հանգամանորեն վերլուծված են կովկասահայության կյանքում տեղի ունեցած տեղաշարժերը, նրա վերապրած տագնապները, ՀՅԴ-ի պետերբուրգյան դատավարությունը, հայ իրականության մեջ գործող սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների գործունեությունը եւ այլն:
Աշխատության հենց վերջերս լույս տեսած` 1296 տպագիր էջեր ընդգրկող հինգերորդ գիրքը, որն ամբողջությամբ նվիրված է 1912 թ. հոկտեմբերից մինչեւ 1914 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Հայկական հարցի վերաբացման պատմությանը, համալրում է այդ թեմային նվիրված հետազոտությունների շարքը` նոր լույս սփռելով բազմաթիվ հիմնախնդիրների վրա: Փորձառու հեղինակը մեծ հմտությամբ եւ գիտատեսական բարձր մակարդակով վեր է հանում ուսումնասիրվող չափազանց բարդ ժամանակաշրջանում Հայկական հարցի լուծման հետ կապված բոլոր` հայ ժողովրդին հուզող տարբերակները, հայկական հասարակության տարբեր խավերի, եվրոպական երկրների մոտեցումներն այս հիմնահարցին եւ անում արդիական կարեւոր եզրահանգումներ:
Չափազանց ընդգրկուն է գրախոսվող աշխատության աղբյուրագիտական հենքը: Ակադեմիկոս Սիմոնյանն օգտագործել է ՀՀ Ազգային արխիվի համապատասխան ֆոնդերը (17, 54, 56, 57, 69, 92, 95, 112, 113, 115, 150, 200, 211, 222, 227, 282, 329, 370, 424, 430, 447 եւ այլն), Եղիշե Չարենցի գրականության եւ արվեստի թանգարանում պահվող հայ գործիչների եւ գրողների (Ա. Չոպանյանի, Ա. Գարագաշյանի, Գ. Զոհրապի, Զ. Եսայանի, Մ. Կյուրճյանի, Սիամանթոյի, Վ. Մալեզյանի) անձնական ֆոնդերը, Մատենադարանի Կաթողիկոսական դիվանի, Ա. Ալպոյաճյանի, Մ. Իզմիրլյանի անձնական ֆոնդերը եւ Վրաստանի Ազգային արխիվի համապատասխան նյութերը, ռուսական բազմաթիվ արխիվների, մասնավորապես Ռուսական կայսրության արտաքին քաղաքականության արխիվի, բազմահարուստ փաստաթղթերը: Հսկայածավալ նյութերի եւ փաստաթղթերի քննական վերլուծությունները վկայում են Հր. Սիմոնյանի եռանդուն աշխատասիրության, խոր եւ արժեքավոր եզրակացություններ կատարելու բացառիկ ունակությունների մասին: Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչպիսի նվիրումով է հեղինակն այդչափ ծավալուն եւ տարողունակ նյութը համակարգել եւ վերլուծել, նորովի մոտենալով քննարկվող հիմնախնդրին` վերաիմաստավորել դրանք եւ վերագնահատել պատմաքաղաքական տարբեր իրադարձություններին նախկինում տված գնահատականները: Աշխատության գլխավոր արժանիքներից է նաեւ այն, որ հայ պատմաքաղաքական գրականության մեջ առաջին անգամ համեմատական հետազոտության պատմաքննական մեթոդով համադրված է Հայկական հարցի անցյալի պատմությունը հաջորդող պատմաշրջանի հետ, բացահայտված են այն ազդակները, որոնք նպաստել են այդ գործընթացին:
Ակադեմիկոս Սիմոնյանն առաջին անգամ օգտագործելով նորահայտ բազմաթիվ փաստեր, հանգամանորեն անդրադառնում է Հայկական հարցի քննարկումներին Պետերբուրգի հայկական խմբակում, վերլուծում Հայկական բարենորոգումների տարբեր ծրագրերի բովանդակությունը, ցույց տալիս միասնական ծրագրի ստեղծման ընթացքը եւ դրա ներկայացումը ռուսական կառավարությանը:
Հեղինակը համոզիչ փաստարկներով ներկայացնում է Հայկական հարցի ալեբախումները մեծ տերությունների դիվանագիտական պայքարի հորձանուտում 1912-1914 թթ., ռուս-թուրքական համաձայնագրի քննական վերլուծությունը, պետությունների պաշտոնական շրջանակների գնահատականը: Ներկայացնելով Հայկական հարցի նոր ճգնաժամը, հեղինակը վերլուծում է Առաջին համաշխարհային պատերազմի նախընթացում Հայկական հարցի տապալման պատճառները: Նա եզրահանգում է, որ սկիզբ առած բարի գործն անսպասելի բռնկված համաշխարհային պատերազմի պատճառով հակառակ արդյունքի հանգեցրեց: Հայ ժողովրդի բարեկամների անկեղծ ճիգերը, ռուսական դիվանագիտության ավելի քան մեկուկես տարի տեւած հայապաշտպան հետեւողական ջանքերը ցանկալի շարունակություն չունեցան: Երիտթուրքական կառավարությունը, օգտվելով հարմար պահից, օրակարգից ընդմիշտ ջնջեց Հայկական հարցը` կատարելով մարդկության պատմության մեջ եզակի հանցագործություններից մեկը: Հայոց ոստանում ծայր առավ բարբարոսական անզուսպ խրախճանք: Թուրքերն ու քրդերը տեր դարձան հայ ժողովրդի հայրենիքին:
Աշխատության հինգերորդ գրքում զետեղված հավելվածներում տրված են Օսմանյան կայսրության վարչական բաժանումները 1906-1907 եւ 1911-1912 թթ., Հայաստանի բարենորոգումների համար առաջարկված բոլոր նախագծերը, 1914 թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագրի բնօրինակը, ինչպես նաեւ ժամանակին հայկական մամուլում տեղ գտած հետագա ուսումնասիրությունների համար կարեւոր նյութերը, անձնանունների եւ օգտագործված գրականության ցանկերը:
Այսպիսով, ակադեմիկոս Սիմոնյանի հինգ մեծածավալ գրքերից բաղկացած աշխատությունը 20-րդ դարասկզբի հայոց պատմության ուսումնասիրությանը նվիրված արժեքավոր գործ է: Այդտեղ օգտագործված փաստավավերագրական նյութերը, որոնց մեծ մասն առաջին անգամ է շրջանառության մեջ դրվում, աղբյուրագիտական բացառիկ նշանակություն ունեն եւ գիտական նորույթ են:
Հայրենական ականավոր գիտնական, բազմավաստակ պատմաբան Հր. Սիմոնյանի մեծածավալ աշխատությունը, որն իրականացվել է հեղինակին բնորոշ բարեխղճությամբ, բծախնդրությամբ եւ գիտական բարձր պատասխանատվությամբ, մեծ ներդրում է արդի հայագիտության մեջ: Լինելով գիտական բացառիկ ունակություններով եւ վերլուծական բազմակողմանի կարողություններով օժտված պատմաբան, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը հասարակությանն է ներկայացրել մեծարժեք եւ ազգօգուտ բացառիկ արժեքավոր գործ: