ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանըՙ Մաքսային միությանը Հայաստանի միանալու առավելությունների մասին
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը երեկ լրագրողներին ասաց, որ դրա առավելություններից է հայկական ապրանքների ավելի արագ եւ հեշտացված ռեժիմով դեպի Մաքսային միության երկրներ արտահանելը: Նրա մեկնաբանմամբՙ դա նման կլինի «Հոկտեմբերյանից Իջեւան ապրանք տեղափոխելուն»: «Սա շատ կարեւոր հանգամանք է հայկական ապրանքների, այդ թվում` գյուղմթերքների արտահանման համար», շեշտեց Արսեն Ղազարյանը:
ԵՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման մասին խոսելովՙ ՀԱԳՄ նախագահն ասաց, որ Մաքսային միությանը անդամակցելը դեռ չի նշանակում, որ ԵՄ երկրներ այլեւս ապրանքներ չենք արտահանելու: Պարզապես մաքսային արտոնություն այլեւս չի տրվի, բայց, Արսեն Ղազարյանի կարծիքով, քանի որ դեպի ԵՄ երկրներ արտահանում ենք համեմատաբար թանկ եւ որակյալ ապրանք, այդ «մի քանի տոկոս մաքսային արտոնությունը» էական ազդեցություն չի թողնի արտահանման ծավալների վրա: