61 մլն դրամ է հատկացվել կառավարության կողմից պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտներն ավարտին հասցնելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն , անդրադառնալով այս հարցին, նշեց, որ պետությունը քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունի եւ «շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսենք»: Ըստ վարչապետիՙ նույնը վերաբերում է նաեւ մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը: «Կան շենքեր, որոնք արդեն 10 տարուց ավելի անավարտ վիճակում են, եւ մենք չենք կարող անտարբեր նայել, թե այդ շենքերն ինչպես են քայքայվում: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնելու ավարտին ու ավարտին չի հասցնում, դրա հետեւանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում: Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ինչ տույժ, տուգանք կարելի է կիրառել կամ դատական գործընթաց սկսել», ասաց Տիգրան Սարգսյանը: