ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Զորի Բալայանի «բաց նամակ Վ.Վ. Պուտինին» «Ազգի» 12.10.13թ համարում տպագրված մեծածավալ նամակը բազմադարյա պանթուրքիզմի վերծանումը եւ պատմա-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բարոյական մերկացումն է: Ռուսական պետության այսօրվա նախագահ Վ. Պուտինին կարեւոր զգուշացում եւ տեղեկատվություն է ապագայի կանխահաս վտանգից զերծ մնալու համար:
Նամակում շատ արժեքավոր է եւ ազդարարող «Օդից Բյուզանդիայի հոտ է գալիս» գերմանական դարձվածքը: Այն ահազանգում է, որ ինչպես կատարվեց Բյուզանդիայի գրավումը թուրքերի կողմից, այնպես էլ այսօր դա սպառնում է ինչպես Եվրոպային, այնպես էլ Ռուսաստանին եւ Պարսկաստանին: Փոքրիկ Արցախը (Ղարաբաղը) այդ մեծ օկուպացիոն ծրագրի հարավային դռնակն է: Եթե բյուզանդացիք իրենց պարսպի փոքրիկ դռնակը մոռացել էին փակել, որը թուրքերի համար դարձավ նվաճման բանալի, ապա Արցախը նրանց համար փակ դռնակ է եւ շատ կարեւոր Ռուսաստանի եւ Պարսկաստանի ապագայի համար:
Եվրոպան անօգնական թողեց Բյուզանդիայինՙ նրա գրավումը չհամարելով իր ապագա վտանգը: Դրա հետեւանքն է այսօրվա «օդի հոտը»: Այդ պատճառով Եվրոպան եւ Ռուսաստանը միասնաբար պիտի պայքարեն Արցախը թուրքերից պաշտպանելու համար:
Թուրքերի զարգանալը եւ բարգավաճելը (ուրիշների հաշվին եւ նավթադոլարներով) դրդում է նրանց քողարկված եւ նոր ուղղություններով զարգացնել հին պանթուրքիզմը: Արեւելյան ուղղությունում արգելքը այդ ճանապարհին հայկական «սեպն է»ՙ Արցախով:
Հիրավի այսօր տեղին եւ շատ կարեւոր է ահազանգելՙ «Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է»:
Եթե երեկ Աթաթուրքը խաբեց Լենինին եւ նրա օգնությամբ Հարավային Կովկասում ստեղծեց Ադրբեջանի թուրքական պետությունը, ապա այսօր էրդողանը ամեն գնով ձգտում է խաբել Պուտինին եւ առանց պատերազմի հասնել Ռուսաստանի տարածքի մոտ մեկ երրորդի նվաճման:
Մեռնող Եվրոպան, իր իսկ թույլտվությամբ, թուրքերի կողմից խաղաղ հոշոտման ընթացքի մեջ է:
Պատկերացրեք Ռուսաստանի եւ Պարսկաստանի վիճակը թուրքերիՙ վերը նշված պլանների իրականացումից հետո:
Ահա թե ինչ կարեւոր, աշխարհաքաղաքական նշանակություն ունի Արցախի խնդիրը մեզ համար, ինչպես Ռուսաստանի ու նաեւ Պարսկաստանի համար: