Հարցազրույցըՙ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի
Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում չեն պակասում: Հայկական բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, սակայն, զսպում են թշնամուն: Միաժամանակ, արցախյան ազատամարտի մասնակիցներն էլ լի են վճռականությամբ եւս մեկ անգամ արժանի հարված հասցնել թշնամուն, եթե նա համարձակվի պատերազմ սանձազերծել: Մեր հարցազրույցի ժամանակ «Զորավար Անդրանիկ» ջոկատի հետախույզ եւ դիպուկահար Աբրահամ Ադոյանը վստահեցրեց, որ նոր պատերազմի դեպքում ինքը եւ մյուս բոլոր ազատամարտիկնեը նորից զենք կվերցնեն եւ կմիանան հայկական բանակին:
– Ինչպե՞ս եղավ, որ մասնակցեցիք պատերազմին
– Հայրենասիրությունից դրդված, ես չէի կարող հանգիստ նայել, թե ինչպես էր թշնամին զավթում հայրենիքս:
– Ո՞ր բնակավայրերում եք կռվել:
– Կռվել եւ ազատագրել եմ Լաչինից մինչեւ Մատաղիս, Մարտակերտի շրջանում գտնվող բնակավայրերը: Ես, դիպուկահար զենքը ձեռքիս, ջոկատի առջեւից էի գնում եւ ոչ մի վախ չունեի, քանի որ իմ հողն էի ազատում թշնամուց:
– Ինչպե՞ս էր կոչվում ձեր ջոկատը
– «Զորավար Անդրանիկ», ապա փոխվեց եւ դարձավ «5-րդ բրիգադ» :
– Ինչպե՞ս էիք զենք հայթայթում:
– Ազատագրում էինք տարածքը ու վերցնում ադրբեջանցիների թողած զենքն ու զինամթերքը :
– Ի՞նչ տեսաք առաջինը մարտի դաշտում:
– Զոհեր, ու դա կարծես անջնջելի հետք թողեց իմ մեջ, որ կրկնակի ուժով ու եռանդով կռվեմ: Մենք կողք կողքի կռվում էինք` ե՛ւ երիտասարդներ, ե՛ւ տարեցներ:
– Որքա՞ն ժամանակ եղաք պատերազմի դաշտում:
– Երեք տարի շարունակ եղել եմ մարտի դաշտում, երկու տարի էլ դիրքերում` զինադադարից հետո: Բացի դրանից, հետախույզ էի ու երեք տարվա ընթացքում ոչ մի գնդակ ինձ չի դիպչել: Սակայն այն, որ մութ գիշերով ամեն վարկյան կարող ես ոտքդ ականին դնել եւ հօդս ցնդել, ծանր զգացում էր իհարկե:
– Գիտակցո՞ւմ էիք, թե հնարավոր էր որ էլ երբեք հայրենի օջախ չվերադառնայիք:
– Իհարկե գիտակցում էի: Այդ ժամանակ երկու աղջիկներս ու տղաս փոքր էին, բայց ես գնացի հանուն նրանց եւ հանուն հայրենիքիս կռվելու: Հային վիճակված չէ հանգիստ ապրել, հայը պետք է զենքը ձեռքին ամեն վարկյան պաշտպանի իր հողը:
– Ի՞նչն էր Ձեզ ոգեւորում, նոր ուժ տալիս:
– Մեզ ուժ տվողը հայրենասիրական երգերն էին, նույնիսկ զենք մաքրելիս երգում էինք, իմ սիրելի երգից մի հատված.
Հերիք է մայրիկ դու ինձ փայփայես,
Հերիք է մայրիկ դու ինձ կրծքիդ սեղմես,
Ես կուզեմ ջարդել շղթան բռնության,
Ես կուզեմ կռվել, ես կուզեմ մեռնել:
Իսկ ես երգում էի «Ես կուզեմ կռվել, ես կուզեմ հաղթել»: Ինչո՞ւ մեռնեմ, եթե կռվում եմՙ պիտի հաղթեմ:
– Այդ ժամանակ շատերը իրենց ընտանիքներով հեռանում էին երկրից: Ինչո՞ւ դուք այդպես չվարվեցիք:
– Հայրենիքի հանդեպ սերը թույլ չտվեց: Հեռու գտնվողներն էլ, միեւնույն է, հազար թելերով կապված են երկրին:
– Գո՞հ եք այժմ Ձեր սոցիալական վիճակից:
– Ոչ, գոհ չեմ, եւ դա մեր կառավարության անուշադրության հետեւանքն է: Ազատամարտիկներին ավելի շատ ուշադրություն պետք է հատկացնեն: Նրանցից շատերի ընտանիքները գտնվում են սոցիալական ծանր կացության մեջ:
– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը ազատամարտիկների նկատմամբ:
– Հասարակության որոշ զանգված ազատամարտիկների նկատմամբ հարգանքով եւ հոգատարությամբ է վերաբերվում: Որոշներն էլ կան, որ անտեսում են մեր վաստակը եւ նրանց համար միեւնույնն է, թե կյանքիցդ ինչքան եւ ինչեր ես նվիրել իրենց այսօրվա հանգիստ եւ խաղաղ ապրելու համար:
– Այժմ ինչո՞վ եք զբաղվում:
– Միայն «Երկրապահ կամավորական միության» անդամ եմ եւ ուրիշ ոչինչ:
– Ի՞նչ հիշողություններ ունեք այդ ծանր, բայց հերոսական օրերի հետ կապված:
– Հիշողություններս շատ են ու բոլոր լուսանկարները, տեսանյութերը եւ մեդալները պահում եմ որպես թանկարժեք գանձ:
– Ի՞նչ եք կարծումՙ պատերազմը կվերսկսվի:
– Միանշանակ կվերսկսվի, պատերազմը դեռ չի ավարտվել:
– Այդ դեպքում Դուք կրկի՞ն կգնաք պատերազմի դաշտ:
– Անշուշտ, եթե պատերազմ լինի, ես առաջինը կգնամ եւ զենք կվերցնեմ: Արդեն 59 տարեկան եմ, բայց 19 տարեկանից էլ աշխույժ կգնամ, հավատացած եղեք: