Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 285 միլիոն մարդ թույլ տեսողություն ունի, 19 միլիոն երեխա` տեսողության խանգարումներ, իսկ 39 միլիոն մարդ կույր է: Այս մարդկանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում:
Տեսողական խնդիրները հաճախ առաջ են գալիս տարիների ընթացքում, ինչի վկայությունն է այն հանգամանքը, որ տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են:
Տեսողության պահպանումը, ընդհանրապես առողջության պահպանումը սկսվում է իրազեկումից ու կանխարգելումից: Բնակչությանն ավելի իրազեկ դարձնելու նպատակով հոկտեմբերի 10 ընտրվել է որպես տեսողության համաշխարհային օր, որն այս տարի ուներ «Ստուգե՛ք տեսողությունը» կարգախոսը:
Տեսողության օրվա առիթով երեկ «Նոյյան տապան» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետ Ռուզաննա Հարությունյանը եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը :
Ռուզաննա Հարությունյանը, որը մանկական ակնաբույժ է, նախ բնակչությանը հորդորեց տեսողության հանդեպ լինել ուշադիր, ապա անդրադառանալով ակնաբուժության ոլորտում մեր երկրում գրանցված հաջողություններին` նշեց, որ ոլորտի զարգացման շնորհիվ անհաս ծնված նորածինների մեջ տեսողությունը կորցնելու հավանականություն ներկայումս գրեթե չկա: Անհաս ծնված նորածիններին հետազոտում են նաեւ ակնաբույժները եւ նրանց մեջ տեսողական խնդիրների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը հնարավոր են դարձնում կանխել հետագա կուրությունը:
Ակնաբուժության ոլորտում, սակայն, մեր երկիրը դեռեւս շատ անելիքներ ունի, օրինակ` անհրաժեշտ է զարգացնել օնկոակնաբուժությունը:
Մյուս բանախոսը` Նունե Եղիազարյանը խոսեց «Լույս հայի աչքերին» ծրագրից, որն իրականացնում է «Հայկական ակնաբուժության նախագիծը»` աջակցությամբ առողջապահության նախարարության եւ «Օրանժ» հիմնադրամի: Արդեն 10 տարվա կյանք ունեցող այս ծրագրով` աչքի շարժական հիվանդանոցը շրջում է հանրապետության մարզերով եւ ցուցաբերում անվճար բուժօգնություն: Նունե Եղիազարյանի փոխանցմամբ` 16 հազարից ավելի մարդիկ են վիրահատվել շարժական հիվանդանոցում:
Ի դեպ, «Հայկական ակնաբուժության նախագիծը» (ՀԱՆ) Հայաստանում առաջինն է սկսել տոնել տեսողության միջազգային օրը:
Նունե Եղիազարյանի փոխանցմամբ` ՀԱՆ-ն իր գործընկերների հետ համատեղ կանի հնարավոր ամեն ինչ որակյալ ակնաբուժական ծառայությունները հատկապես անապահով եւ հեռավոր բնակավայրերի բնակիչներին հասանելի դարձնելու համար: