Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԸ ԸՆՏՐԵՑ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 10 հոկտեմբերի 2013թ.

Նախկին առաջնորդի հրաժարման պատճառները թողնելով կասկած հարուցող մշուշի մեջ

Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության կայքէջից տեղեկանում ենք, որ hոկտեմբերի 7-ին Լիբանանի հայոց թեմի ազգային երեսփոխանական ժողովը Շահե եպիսկոպոս Փանոսյանին ընտրել է թեմի նոր առաջնորդ:

Կաթողիկոսության կայքէջը ցայժմ լրատվություն չի կատարել նախկին առաջնորդիՙ Գեղամ արք. Խաչերյանի, պաշտոնից անսպասելիորեն հրաժարվելու եւ հրաժարականի պատճառների մասին, ինչը հօդս է ցնդեցնում Անթիլիասի գահակալի թափանցիկության եւ ժողովրդավարության մասին կատարած ճառերը եւ Հայ եկեղեցու առօրյայով ու ճակատագրով հետաքրքրվողների մեջ առաջացնում մեծ հարցական:

Գեղամ արք. Խաչերյանն, առաջնորդի հանգամանքում, հոկտեմբերի 6-ին, մատուցած իր վերջին պատարագի ավարտին տված քարոզում, իմիջիայլոց, շեշտել էր, որ իր առաջնորդության 18 տարիների ընթացքում իր բնաբանը եղել էՙ «կատարել ինչ որ ճշմարիտ է», եւ փորձել է այդ բնաբանը իր կյանքի, գործի, պատասխանատվության ուղեցույց դարձնել եւ կատարելՙ ինչ որ ճշմարիտ ու արդար է ժողովրդի համար:

Հիշեցնենք, Լիբանանի հայոց թեմի 51-ամյա առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, սեպտեմբեր 10-ին, ազգային երեսփոխանական ժողովի արտակարգ նիստում ներկայացրել էր իր հրաժարականը: Իսկ Լիբանանի ՀԹ առաջնորդարանի դիվանը որպես սրբազան հոր հրաժարականի պատճառ միայն հիշատակել էր «գերհոգնածությունը», որին, նկատի ունենալով սրբազան հոր երիտասարդ տարիքն ու աշխույժ գործունեությունը, մեղմ ասածՙ դժվար է հավատալ:

Մյուս կողմիցՙ Լիբանանի ՀԹ առաջնորդարանի դիվանապետ Աբիկ Տանակոզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ «որեւէ ներքին կոնֆլիկտ չկա», եւ հավելել է, որ «ի պատիվ Գեղամ սրբազանի ճաշկերույթ ենք կազմակերպել»:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Գեղամ սրբազանը այլեւս Լիբանանում չմնա, դիվանապետը պատասխանել է, որ նմանատիպ հարցերը որոշում է Արամ Ա վեհափառը, եւ նա պետք է որոշի, թե որ գաղութում ծառայություն կմատուցի սրբազան հայրը: