ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Երեւանում վերջերս լույս տեսավ «Armenian Times» թերթի թղթակից Սուսաննա Ներսեսյանի «Հիմա եմ հասկանում» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են նրա սիրային եւ խոհական բանաստեղծությունները: Գրքում հեղինակի ինչպես ավելի քան 3 տասնամյակ առաջ, այնպես էլ վերջին մեկ տարում ստեղծած գործերն են: Նրա հույզերը, մտորումներն արտահայտող բանաստեղծությունները ներկայացված են համապատասխան շարքերով` «Բացեմ թեւերս», «Երբ դու կողքիս ես», «Քեզանից հետո», «Ես, ինքս, ես», իսկ «Կարոտը թարթիչներիս» շարքը ներառում է նրա վաղ շրջանի ստեղծագործությունները: Գրքի մասին իր տպավորություններն է ներկայացնում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը:
Սեղանիս է բանաստեղծուհի, մանկավարժ, լրագրող Սուսաննա Ներսեսյանի` վերջերս հրատարակված «Հիմա եմ հասկանում» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:
Ճշմարտություն է, որ քնարերգությունը, մյուս արվեստների պես, ժամանակի ընթացքում նոր ասելիք է ձեռք բերում: Համոզվելու համար կարդանք Սուսաննա Ներսեսյանի սիրային եւ խոհական բանաստեղծությունները, թեւավոր մտքերն ու կարոտատենչ` իր «հոգու տունն ու ինքն իրեն գտած» ստեղծագործությունները.
Բացեմ թեւերս գարնան
զարթոնքին, Թռչեմ
ակունքներս ու վերադառնամ,
Ծանոթ դռներին կանգնեմ-համրանամ, Կշռեմ անցած
ճամփաս ու վերադառնամ:
Համեստ է Սուսաննայի գեղագիտական ըմբռնումների սահմանը, սակայն ոչ սահմանափակ: Նա չի ձգտում իր ավագ ընկերների գեղարվեստական ծրագրերի նմանությանը` հասկանալով, որ ժամանակակից ընթերցողը մոտ է կանգնած ժամանակակից բանաստեղծին:
Պարզ է նաեւ հեղինակի նպատակը, բայց ոչ հասարակ: Նա ընթերցողի հետ խոսում է առանց ավելորդ մանրամասների` վստահելով նրա ընբռնմանը, ճաշակին, գիտելիքներին:
Ս. Ներսեսյանի բանաստեղծությունները գրված են ներշնչանքով, գրական միտքը ձուլված է զգացմունքին, իսկ զգացմունքը` միտք է:
Նրա բանաստեղծությունն ամբողջական խոսք է` ապրված ու նպատակասլաց, եւ նրանում եղած ամենաթանկ բանը պարզությունն է, բոլորին հասկանալի պարզությունը:
Ես սիրում եմ, ո՞ւմ, ինքս էլ
չգիտեմ, Գարո՞ւնն է արդյոք
այս սերը ծնել, Աստղե՞րն են կապույտ երազներ բերել,
Չգիտեմ` ինքս էլ: Սակայն սիրում եմ Ես խենթի նման,
Բայց ու՞մ, չգիտեմ:
Կարծես մենախոսություն է, զրույց ինքն իր հետ, ընթերցողի հետ, աշխարհի հետ:
Սուսաննայի բանաստեղծությունների հաջողության գաղտնիքներից մեկը ինքնատիպ լեզվա-ոճական մտածողությունն է, խոսք, բառ չփնտրելու նրա շնորհը: Կառուցվածքային իմաստով էլ նա գտել է բանաստեղծությանը համապատասխանող ձեւը:
Այո, Սուսաննան գյուտեր չի անում, բառի մեջ հայտնագործություն չի անում` համոզված, որ դրա իմաստը ոչ պակաս հայտնի է նաեւ ընթերցողին: Նա վստահում է իր ընթերցողին` մտերմություն ստեղծելով իր եւ նրա միջեւ: Ինքնաճանաչման, ինքնահաստատման ոչ մի ձգտում չկա Սուսաննայի բանաստեղծություններում, նրա ասելիքի ասելիքը իր անկեղծությունն է, սեփական կարողություններին ապավինելու հավատը:
Սուսաննա Ներսեսյանի ստեղծագործություններն անցնում են հարյուրներից: Այո, ստեղծագործություն, չվախենանք այս պարտավորեցնող բառն օգտագործելուց, որովհետեւ նրա գրածը «պարապ վախտի խաղալիք» կամ թոթովանք չէ, այլ բանաստեղծական միտք, կազմակերպված խոսք, ուր հեղինակի հույզերն ու խոհերն են` արտահայտված տպավորիչ պատկերների մեջ:
Թափանցիկ, անգույն,
Աստղերով լեցուն,
Վարագույրներն են Երկնքից անվերջ Մեր երկրին իջնում:
Սա արդյո՞ք Սուսաննա Ներսեսյան-բանաստեղծուհու գրական ձեռագրի ու ինքնամտածողության կայացման վավերացումը չէ:
Չի՞ զգացվում, արդյոք, որ ստեղծագործական պահին հեղինակը ներքին վախ ու լարում ունի, ինչը, թերեւս, նրա հաջողության գրավականներից մեկն է: Անշուշտ, այո, Սուսաննա ստեղծագործողի միտքը միշտ վստահում է իր ձայնին, բանաստեղծության մեջ հեղինակն իր խոհերի, անհոգ մտածողությունների ու տագնապների հետ է.
…Դու ինձ լքում ես Ուրիշի
գրկում, Ես քեզ գրկում եմ
Երազիս գրկում: Խաղն այս դարավոր, Ապրում է մեզ հետ,
Դու ինձ ես կորցնում, Ես քեզ եմ փնտրում Իմ երազներում:
Կամ`
…Որքան հեռանում ինքս
ինձանից, Այնքան ավելի
քեզ եմ ես գալիս, Փախչում,
օտարվում ինձանից հաճախ,
Հոգուս հանգրվան`
քո դուռն եմ գալիս:
Խոստովանենք, որ չափազանց երգային, բավականին երաժշտական, պատկերավոր, սիրատենչ քնարերգություն է, երգի ու հատկապես ռոմանսի համար գրական փայլուն նյութ:
Ինչպես շատերի, գրական աշխարհ ոտք դրած Սուսաննայի հոգին նույնպես կրծում է` «ես քո սիրով, դու` ուրիշի» բանաստեղծական հայտնի տողը, սիրո հավերժական թեման.
Դու ինձ կորցնում ես Կրծքին ուրիշի, Ես քեզ գտնում եմ
Երազիս կրծքին:
Թեպետ Սուսաննան` որպես ստեղծագործող, բարձրաձայն մտածող է, սակայն չափազանց փխրուն է նրա բանաստեղծական մտածողությունը, կանացի, անկեղծ, մշտասեր:
Այո, կորցրած, մոռացված, անպատասխան սիրո մշտական մորմոք ունի բանաստեղծուհին իր հոգում, սակայն եւ անհույս է համարում սիրո վերադարձը, քանի որ «իր վարար սիրո ալիքներում» այդպես էլ սիրեցյալը չի կարողացել «լողալ» եւ իր հուշերի մեջ մենակ թողնելով` հեռացել է
Ինչու՞ բացեցիր Դուռը
իմ հոգու` Գոցված քո դիմաց
Տարիներ առաջ…
Որպես ստեղծագործող` Սուսաննան գրականության խնդիրների վերաբերյալ գեղագիտական իր ըմբռնումներն ունի.
Ես խոսում եմ այնպես,
Ինչպես մտածում եմ,
Հագցնում խոսքերիս…
Որքան էլ զարմանալի` հեղինակն առաջին բանաստեղծություններում որոշակիորեն ընդգծում է գեղագիտական իր սկզբունքները եւ համարձակորեն դիմում ինքնախոստովանության.
Փակվել է հոգուս դուռը
իմ դիմաց, Չեմ գտնում
վաղուց դեպի ինձ տանող
ուղին մամռոտած:
Սուսաննա Ներսեսյանի բանաստեղծական շնորհը ցայտուն է նաեւ գեղարվեստական խոսքի հակիրճությամբ գրված ստեղծագործություններում.
Լոկ իմաստությամբ Ապրել
չի լինի, Խենթություն է պետք…
Կամ ավելի ցայտունն ու բնորոշը.
Չսիրել …ու քե՞զ…Խելագարները
օրենքներ չունեն, Օրենքից դուրս են, Ուրեմն ինչու՞ ես քեզ չսիրեմ; Ես խելագար եմ…
Գրական ավարտուն նմուշ է Սուսաննայի «Աղոթք» բանաստեղծությունը: Հեղինակը երազում է հաղթահարել իրեն բաժին ընկած փորձությունը, վերադառնալ «տունն իր հոգու», գտնել «ինքն իրեն», ինչի համար էլ խնդրում է Ամենափրկչի աղոթքը, որպեսզի զանազանի խոհերի ուղին եւ գտնի ճանապարհը լույսի:
Ամփոփելով մեր առաջին տպավորությունը «Էդիտ Պրինտ» հրատարակչությունում տպագրված Սուսաննա Ներսեսյանի «Հիմա եմ հասկանում» բանաստեղծությունների ժողովածուից` ասենք, որ այն ավելի ներկայանալի է դարձել շապիկը զարդարող Տիգրան Բարխանաջյանի «Զբոսանք նավակով» գեղարվեստական բարձրարվեստ աշխատանքով:
Սուսաննա Ներսեսյանի բանաստեղծությունների ժողովածուն առաջինն է, որը սկիզբն է հաջորդի ու էլի հաջորդի: