Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանն անհանգստացած է, որ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հայկական ընկերություններին GMP (Good Manufacturing Practice) սերտիֆիկատներ տրամադրել:
Վիգեն Թոփուզյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ GMP հավաստագիր ստանալու համար չկա անհրաժեշտ նորմատիվային բազա: Հետեւաբար պետք է հստակ սահմանվեն այդ չափանիշները, որպեսզի արտադրողները կարողանան հետեւել դրանց:
Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, որը երեք անուն դեղ էր արտադրում, այս տարվա հունվարից դադարեցրել է արտադրությունը` պատճառաբանությամբ, թե չի կարող ապահովել GMP չափանիշները:
Դեղերի փորձագիտական կենտրոնը պահանջել է Օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնից փոխել ջուր թորելու սարքը` պատճառաբանելով, որ արդեն հին է եւ քերծվածք ունի, սակայն Վիգեն Թոփուզյանը վստահեցնում է, որ 40 տարի այդ սարքով որակյալ թորած ջուր է ստացել եւ իր պատրաստած դեղերի համար ոչ մի բողոք չի ստացել:
Ներկայումս Հայաստանում գործում են 6 խոշոր դեղագործական ընկերություններ, որոնց հիմնական մասն ունի միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնոլոգիաներ, սակայն GMP հավաստագիր նրանց էլ չեն տրամադրում: