Հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, ինչի առիթով Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը կանանց համար ակցիա է հայտարարում:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-30-ը բոլոր կանայք իրենց կենտրոնում կարող են անցնել թանկարժեք հետազոտությունները ընդամենը 15 հազար դրամով:
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս հայտարարելու նպատակն էՙ մարդկանց իրազեկել, որպեսզի պարբերաբար գնան հետազոտությունների: Ըստ Խաչանուշ Հակոբյանի` հիվանդությունը եթե հայտնաբերվում է նախաքաղցկեղային փուլում, ապա կարելի է բուժել, հետեւաբար պետք չէ թողնել, մինչ կհասնի վիրահատական փուլին:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգ Անի Հակոբյանն ավելացրեց, թե կանանց 70-80 տոկոսի կրծքագեղձում հնարավոր է, որ հայտնաբերվեն կիստաներ, սակայն դրանք կարելի է բուժել. «Բացի դրանից` ամեն ինչ, որ շոշափվում է, դեռեւս քաղցկեղ չէ»: