Քաղծառայողների աշխատավարձերի նոր սանդղակին, որը ուժի մեջ է մտնում եկող տարվա հուլիսից, անդրադարձանք մեր նախորդ հրապարակման մեջ («Ի՞նչ աշխատավարձեր կստանան քաղծառայողները 2014-ի հուլիսի 1-ից», «Ազգ», 4.10.2013 թ.): Միաժամանակ, ներկայացրել էինք այն սանդղակը, որը ցույց էր տալիս, թե գործունեության քանի՞ տարվա ստաժ, ի՞նչ դաս ունեցող եւ ի՞նչ մակարդակներում գտնվող քաղծառայողներից յուրաքանչյուրի աշխատավարձը որքան կկազմի բազային դրույքաչափի նկատմամբ: Կցանկանայինք նախ մեկ ճշտում կատարել այդ հրապարակման առնչությամբ եւ տեղեկացնել, որ աշխատավարձերի նկատմամբ գործակիցները կիրառվելու են ոչ թե 40 հազար դրամի, այլ 66 հազար դրամի նկատմամբ: Այսինքն, տվյալ գործակիցը բազմապատկվելու է նվազագույն աշխատավարձի չափով` 66 հազար դրամով եւ ստացվելու է աշխատավարձի չափը` չհաշված եկամտային հարկը: Բնականաբար, «մաքուր» աշխատավարձը կլինի այդ գումարից հանած եկամտային հարկի գումարը: Նույն սկզբունքով է սահմանվելու նաեւ երկրի բարձրագույն ղեկավարության աշխատավարձերի չափը դարձյալ 2014-ի հուլիսի 1-ից:
Ստորեւ ներկայկացնում ենք այն աղյուսակը, որտեղ երեւում է, թե որքան են կազմելու երկրի նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց տեղակալների, խորհրդականների եւ օգնականների աշխատավարձերը: Դրանից երեւում է, որ երկրի նախագահի աշխատավարձը, ներառյալ եկամտային հարկը, կկազմի 1 մլն 320 հազար դրամ` 66 հազար դրամը բազմապատկած 20 գործակցով: Եթե ստացվող գումարից հանենք եկամտային հարկը, ապա «մաքուր» աշխատավարձը կգտնվի 800-900 հազար դրամի միջակայքում: Մյուս աշխատավարձերի չափը նույնպես կարելի է ստանալ այս հաշվարկը կատարելով, չմոռանալով այնուհետեւ ստացվող գումարից հանել եկամտային հարկը: Եկամտային հարկի նվազագույն չափը աշխատավարձի 24,6 տոկոսն է, իսկ 120 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար այդ չափն ավելանում է` ըստ համապատասխան սանդղակի:
ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ