Երեկ Ադրբեջանում նախագահի ընտրությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ անհանգստություն են հայտնել Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության եւ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատարներ Քեթրին Էշթոնը եւ Շտեֆան Ֆյուլեն: Համատեղ հայտարարության մեջ ընդգծված է իշխանությունների կողմից «քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպանների, ընդդիմության եւ անկախ լրատվամիջոցների դեմ նախագահական ընտրությունների նախօրյակին մեծացած ճնշումը»:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն Ադրբեջանում վերջին ձերբակալությունները համարել են «կասկածելի, որոնք իրականացվել են մարդու իրավունքների հարգման միջազգային ստանդարտների խախտմամբ»: Հայտարարության մեջ անուններ նշված չեն: Էշթոնը եւ Ֆյուլեն նաեւ հավաստել են, որ Եվրոմիությունն «Ադրբեջանի կառավարությունից ակնկալում է իրավական ընթացակարգերի շրջանակներում… թափանցիկ եւ արդարացի հետաքննություն»:
Հայտարարության հեղինակները հատկապես շեշտադրել են «արդարացի մթնոլորտում նախագահական ընտրությունների անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը» եւ զգուշացրել, որ «Եվրոմիությունը շարունակում է հետեւել Ադրբեջանում մարդու իրավունքների հարգման իրավիճակին»: Առավել ուշագրավ է հայտարարության վերջին ձեւակերպումը, որով Եվրոմիությունը պատրաստակամություն է հայտնում «օգնելու Ադրբեջանին` կատարելու մարդու իրավունքների հարգման իր ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Ասվածը եթե դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա կստացվի, որ Եվրոմիությունն արձանագրում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հարգման միջազգային հանձնառությունների խախտում: Նախագահական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ արված այս խիստ քննադատական դիտողությունն, ամենայն հավանականությամբ, Եվրոմիության կողմից Իլհամ Ալիեւին «դեղին քարտ ցույց տալու» իմաստ ունի:
Այդ նախազգուշացումը հաշվի առնելու ժամանակ, ինչպես նաեւ ցանկություն, սակայն, Ադրբեջանում իշխող վարչախումբը չունի: «Որ ընդդիմությունն առաջադրել է նախագահի թեկնածու եւ օրենքով իրականացնում է քարոզչություն, վկայում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը ամենաբարձր մակարդակի վրա է»,- հայտարարել է Իլհամ Ալիեւի ներկայացուցիչ, իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին եւ հավելել, որ «մյուս բոլոր պահանջները նշանակում են կոպիտ միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»:
Ժողովրդավարության եւ օրինականության մասին քարանձավային այս պատկերացումներով առաջնորդվող Ադրբեջանում, անկասկած, Էշթոնի եւ Ֆյուլեի հայտարարությունը նույնպես կորակվի «ինքնիշխան երկրի գործերին կոպիտ միջամտություն» կամ «հակաադրբեջանական ուժերի հերթական սադրանք»: Հարեւան երկրում ոչնչից չեն խորշում, միայն թե տպավորություն ստեղծվի, որ «հանրապետության ընտրողների ջախջախիչ մեծամասնությունը միանշանակորեն սատարում է Իլհամ Ալիեւին»:
Երեկ, մասնավորապես, նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպումը, որ պետք է անցկացվեր Գյանջայի դրամատիկական թատրոնի շենքում, տեւել է ընդամենը 15 րոպե: «Բախումներից խուսափելու նպատակով, երբ պարզ է դարձել, որ դահլիճում հավաքվել են նաեւ սադրիչներ, Հասանլին ընդհատել է ելույթը եւ հեռացել քաղաքից»,- հաղորդել է «Թուրան»-ի թղթակիցը:
Ամենանողկալին, սակայն, տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԱ նախարարության քննչական մեկուսարանում: Նախընտրական քարոզարշավին ընդդիմության կողմից մասնակցելու փաստացի մեղադրանքով ձերբակալված, երիտասարդական շարժման ակտիվիստ Դաշգին Մելիքովը «հանդես է եկել հայտարարությամբ», որտեղ ասված է. «Ես Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ եմ: Տեսնում եմ Ադրբեջանի այսօրվա զարգացումը եւ լիովին պաշտպանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից իրականացվող քաղաքականությունը, որի համար խնդրում եմ ինձ հեռացնել ԱԺՃ-ից»:
Ինչպես միշտ, Ադրբեջանի հատուկ ծառայություններն այնքան «պրոֆեսիոնալ» են գործել, որ չեն կարողացել «Մելիքովի հայտարարության» տեքստում թաքցնել իրենց երկար ականջները: «Փաստաթուղթն» ավարտվում է այսպես. «Ուզում եմ տեղեկացնել իմ նախկին ընկերներին, որ սա իմ անձնական տեսակետն է: Ես միաժամանակ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում եմ Իլհամ Ալիեւի թեկնածությունը»:
Ժամանակային առումով այս «հայտարարությունը» հաջորդել է Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակման մասին անհանգստությանը: Բաքվում իշխող վարչախումբն ահա այսպես է «իրավական ընթացակարգերի շրջանակներում անցկացնում թափանցիկ եւ արդարացի հետաքննություն»: Ինչպես ասում են, «գնդակը ԵՄ կիսադաշտում է»: Ինչպիսի՞ն կլինի արձագանքը…