«Նյու Յորք թայմս» ազդեցիկ օրաթերթը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նստաշրջանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ունեցած ելույթը, որն ակնհայտ հակաիրանական ուղղվածություն ուներ: Թերթի խմբագրական հոդվածում նշվում է, որ Իսրայելի վարչապետը սպառնում է վերջերս ուրվագծվող Վաշինգտոն-Թեհրան մերձեցմանը:
Խմբագրականում ընդգծվում է, որ Նաթանյահուն սարկազմի եւ ռազմաշունչ ճարտասանության միջոցով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ներկայացրեց որպես փորձված շառլատանի, որը նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադից տարբերվում է միայն նրանով, որ գայլ է ոչ թե գայլի, այլ գառան մորթիով:
Հավաստելով, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի մյուս երկրները ընդունում են Իսրայելի երկյուղները իրանցիների միջուկային ծրագրի առնչությամբ, թերթը այդուհանդերձ գրում է, որ իրանական սպառնալիքը ուռճացնելու, ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորմանը խանգարելու Նաթանյահուի եւ նրա կոնգրեսական դաշնակիցների փորձերը կունենան կործանարար հետեւանքներ:
Թերթը խոստովանում է, որ Իրանում ուրանի հարստացումը հասել է այնպիսի կետի, երբ միջուկային ռումբի ստեղծումը շատ ժամանակ չի պահանջում: Նշվում է, որ Թեհրանը մշակում է նաեւ բարձրավոլտ պայթուցիչներ եւ այնպիսի հրթիռներ, որոնք կարող են միջուկային զենք կրել:
Ըստ «Նյու Յորք թայմսի»ՙ Նաթանյահուի այն ռազմաշունչ հայտարարությունը, թե Իսրայելը պատրաստ է միայնակ գործել Իրանի դեմ, վկայում է, որ իսրայելցի վարչապետը իրոք պատրաստ է հարձակվել Իրանի վրա: Թերթն արձանագրում է, որ տվյալ հայտարարությունը շատ է զայրացրել իրանցիներին, որոնք խոսում են ԱՄՆ-ի հետ երկխոսության դրական մթնոլորտին սպառնացող վտանգի մասին:
Նաթանյահուն համանման հայտարարություններ է արել նաեւ նախագահ Բարաք Օբամայի հետ իր վերջին հանդիպման ժամանակ: Այս կապակցությամբ «Նյու Յորք թայմսը» գտնում է, որ նախագահ Օբաման պարտավոր է իր ազդեցությունը գործի դնել եւ վարչապետ Նաթանյահուին բացատրել, որ դիվանագիտական հարաբերությունների թուլացումը միայն կմեծացնի պատերազմի վտանգը, ինչը վատթարագույն տարբերակը կդառնա բոլոր կողմերի համար: