7-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը: Տուրի կենտրոնական հանդիպումը «Փյունիկի» եւ «Արարատի» մրցավեճն էր, որում հաջողության հասած թիմը կդառնար առաջին շրջանի հաղթող: Սուր մրցակցությունում ընթացած խաղում արարատցիներն իրենց լավ դրսեւորեցին եւ արժանի հաղթանակ տարան: 47-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ «Արարատի» սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: «Փյունիկը» խաղավերջում կարող էր խուսափել պարտությունից, սակայն թիմի ավագ Դավիթ Մանոյանը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մ հարվածը: Հիանալի խաղաց «Արարատի» դարպասապահ Ստեփան Ղազարյանըՙ հետ մղելով հարվածն ու ապահովելով իր թիմի հաղթանակը:
Այդ հաղթանակի շնորհիվ «Արարատը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նախորդ տարվա համեմատ արարատցիները զգալի առաջընթաց են ունեցել: Եթե նախորդ առաջնության առաջին շրջանից հետո «Արարատը» 3 միավորով եզրափակում էր աղյուսակը, ապա այսօր հայտնվել է միանձնյա առաջատարի դերում: Դրանում մեծ է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի դերը, որի հմուտ ղեկավարությամբ արարատցիները վերջապես սկսել են վերելքով հանդես գալ:
«Փյունիկն» առաջնությունում առաջին պարտությունը կրեց ու նահանջեց 2-րդ հորիզոնական: Այժմ միայն «Միկան» է անպարտելի: «Շիրակի» հետ սեփական հարկի տակ կայացած խաղում «Միկան» հայտնվել էր պարտության վտանգի առաջ: Ճիշտ է, արդեն 9-րդ վայրկյանին «Միկայի» հարձակվող Արման Հակոբյանը բացեց հաշիվըՙ դառնալով Հայաստանի առաջնություններում խփած ամենաարագ գոլի հեղինակը: Սակայն հետագայում շիրակցիները հաշվի մեջ առաջ անցան: 2 գոլերն էլ իր օգտին գրանցեց Սերժ Դեբլեն: «Շիրակը» կարող էր եւս մի քանի անգամ գրավել «Միկայի» դարպասը, սակայն չիրացրեց գոլային պահերը: Եվ ինչպես հաճախ է պատահում ֆուտբոլում, «Շիրակը» պատժվեց: Խաղավերջում Արթուր Ադամյանը «Միկային» փրկեց պարտությունիցՙ 2-2:
Նման հաշիվ գրանցվեց նաեւ «Բանանց»-«Ալաշկերտ» խաղում: «Բանանցը» Էդգար Մալաքյանի եւ Կառլո Ռոդրիգես Լառայի խփած 2 գոլերի շնորհիվ խաղի ընթացքում 2 անգամ հաշվի մեջ առջեւում էր, սակայն «Ալաշկերտին» հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկան Միհրան Մանասյանն ու Վիկտոր Շիշկովը:
Մրցաշարային աղյուսակ
| Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
| 1. Արարատ | 7 | 4 | 2 | 1 | 11-4 | 14 |
| 2. Փյունիկ | 7 | 3 | 3 | 1 | 14-10 | 12 |
| 3. Գանձասար | 7 | 3 | 2 | 2 | 18-11 | 11 |
| 4. Միկա | 7 | 2 | 5 | 0 | 8-6 | 11 |
| 5. Շիրակ | 7 | 2 | 3 | 2 | 11-10 | 9 |
| 6. Բանանց | 7 | 1 | 5 | 1 | 7-7 | 8 |
| 7. Ուլիս | 7 | 0 | 3 | 4 | 6-12 | 3 |
| 8. Ալաշկերտ | 7 | 0 | 3 | 4 | 8-23 | 3 |
Ռմբարկուները
| Արտակ Դաշյան | «Գանձասար» | 7 |
| Սերժ Դեբլե | «Շիրակ» | 5 |
| Գեւորգ Նռանյան | «Արարատ» | 4 |
| Ալեքսանդր Ռակիչ | «Արարատ» | 4 |
| Նարեկ Բեգլարյան | «Գանձասար» | 4 |




