Թուրքիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը մոտենում է վերջնագծին: Ավարտական 2 տուրերից առաջ պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հասել է գագաթնակետին: 7 շախմատիստներ հավակնում են ուժեղագույնի կոչմանը: Ուրախալի է, որ նրանց թվում է նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, որը մրցաշարի վերջնագծում վերագտել է իր խաղն ու վերելքով է հանդես գալիս:
11-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Տեր-Սահակյանի պարտիան առաջատարներից մեկիՙ Ալեքսանդր Իպատովի հետ: Վերջինիս հաջողվեց ընդհատել հայ շախմատիստի հաղթարշավըՙ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Իսկ ահա մյուս առաջատարըՙ չինացի Յույ Յանյին հաղթելով Անդրեյ Ստուկոպինին, 9,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: 9 միավոր ունի Իպատովը, 8,5 միավոր է վաստակել Յուրի Ելիսեեւին հաղթած Յորգ Կորին: Սամվել Տեր-Սահակյանը 4 շախմատիստների հետ վաստակել 8 միավոր եւ ընթանում է 7-րդ հորիզոնականում:
12-րդ տուրում Սամվելը սպիտակներով խաղալու է առաջատարիՙ Յույ Յանյիի հետ: Ավելորդ է նշել այդ պարտիայի կարեւորությունը հայ շախմատիստի համար: Հաղթանակի դեպքում Տեր-Սահակյանը կարող է լրջորեն հավակնել աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Այնպես որ ավարտական 2 տուրերի արդյունքները շատ կարեւոր են առաջնության պարգեւների վերջնական բաշխման համար:
Տղամարդկանց մրցաշարի մեր մյուս մասնակից Վահե Բաղդասարյանը վաղուց կորցրել է մրցանակակիր դառնալու հնարավորությունը: 11-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Ռոբերտո Կառնեյրոյի հետ: Վահեն 5 միավորով 68-րդ տեղում է:
Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը 7 միավորով 14-րդ տեղում է: Նա հաղթեց ռուսաստանցի Աննա Ստյաժկինային: Մրցաշարային աղյուսակը 8,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան, որը հաղթեց Դեյսի Կորիին: Նա շրջանցեց ռումինուհի Իրինա Բուլմագային, որը պարտվեց հնդիկ Ռութ Պադմինիին: Բուլմագան եւ Ժանսայա Աբդումալիկը 8 միավորով հետապնդում են առաջատարին: