10-ամյա ընդմիջումից հետո Գյումրիի «Շիրակը» կրկին նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթըՙ դառնալով պատվավոր մրցանակի քառակի դափնեկիր: Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում «Շիրակը» 2-0 հաշվով պարտության մատնեց երկրի գավաթակիր «Փյունիկին»ՙ ռեւանշի հասնելով 3 օր առաջ Գյումրիում առաջնության խաղում նույնպիսի արդյունքով կրած պարտության դիմաց:
Վերջին տարիներին Սուպերգավաթի հանդիպումներում «Փյունիկը» որպես կանոն հիմնական կազմի խաղացողների մի մասին խաղադաշտ դուրս չի բերել: Այս անգամ էլ խաղին հայտավորված չէին կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը, հարձակվող Աղվան Պապիկյանը: Իսկ ահա «Շիրակը» խաղադաշտ էր դուրս եկել գրեթե մարտական կազմով: Բացակայում էր միայն թիմի հիմնական դարպասապահ Արթուր Հարությունյանը, որն անհաջող էր խաղացել «Փյունիկի» հետ առաջնության խաղում:
Խաղասկզբում ավելի ակտիվ էին «Փյունիկի» ֆուտբոլիստները, սակայն նրանց չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Իսկ ահա «Շիրակը» 29-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում բացեց հաշիվը: Դամե Դիոպի փոխանցումից հետո թիկունքով դեպի դարպասը կանգնած Սերժ Դեբլեն ընդունեց գնդակը, շրջվեց ու դժվարին դրությունից գրավեց դարպասը: Մի քանի րոպե անց նա կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն չիրացրեց գոլային իրական պահը: Առաջին խաղակեսի ավարտին էլ կարող էր աչքի ընկնել շիրակցի Դավիթ Հակոբյանը, սակայն նրա գլխի հարվածից հետո «Փյունիկի» դարպասապահը չեզոքացրեց վտանգը:
Ընդմիջումից հետո փյունիկցիները փորձեցին վերականգնել հավասարակշռությունը, սակայն նրանց գործողություններում առանձնակի սրություն չկար: Իսկ ահա գյումրեցիներն ապավինելով հակագրոհներին, մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին: Կարող էր աչքի ընկնել Դամե Դիոպը, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց: Իսկ խաղավերջում անկյունայինի խաղարկումից հետո «Շիրակը» հասավ նոր հաջողությանՙ վճռելով հանդիպման ելքը: Այդ դրվագում անփույթ խաղաց «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանը, որի հեռացրած գնդակըՙ դիպչելով Բորիս Կադիո Դիդիեին, հայտնվեց դարպասում:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին.
Ռաֆայել Նազարյան («Փյունիկ») – Շնորհավորում եմ «Շիրակին»: Թեեւ մենք մեծ ցանկություն ունեինք հաղթելու, սակայն «Շիրակն» արժանի հաղթանակ տոնեց: Մեր ֆուտբոլիստներից դժգոհելու առիթ չունենք, քանի որ ոմանք խաղային պրակտիկա չունեին: Մեր երկու կենտրոնական պաշտպանները շատ ծանր գրաֆիկով են հանդես գալիս, եւ այսօր խաղալու դեպքում ուղղակի կքամվեին: Գոռ Մալաքյանը որակազրկված էր, իսկ Աղվան Պապիկյանը պետք է աստիճանաբար վերադառնա ասպարեզ:
Վարդան Բիչախչյան («Շիրակ») – «Շիրակը» վերջին տարիներին նվաճել էր ՀՀ գավաթն ու չեմպիոնի տիտղոսը, բայց Սուպերգավաթին չէր տիրել: Այնպես որ տղաները շատ էին ցանկանում շահել մրցանակը: Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, բոլոր գյումրեցիներին: Հոգեբանական առումով շատ կարեւոր հաղթանակ էր, քանի որ առաջնության վերջին հանդիպումներում մենք չէինք կարողանում իրացնել գոլային բազմաթիվ պահերը: Հույս ունեմ, որ գոլի հեղինակ դարձած Սերժ Դեբլեն վստահություն ձեռք կբերի: Առաջին խաղակեսը լավ ստացվեց, իսկ երկրորդում հոգնածություն էր զգացվում: