ՄԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Սեպտեմբերի 25-27-ը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքում կկայանա «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով, որի մասնակիցները ԼՂՀ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իտալիայի, Սիրիայի, Գերմանիայի, Թուրքիայի մշակութային ոլորտի ճանաչված գիտնականներ են: Երեք օրերի ընթացքում նրանք կքննարկեն հուշարձանների պահպանության ու հանրահռչակման, ազգագրության, հնագիտության, պատմագիտության, ճարտարապետության ոլորտներին առնչվող հարցեր, կփորձեն գտնել դրանց լուծման մեխանիզմները: Զեկուցումների թեմաներն են` «Պատմամշակութային ժառանգության պահպանության օրենսդրական կարգավորման գծով Հայաստանի փորձը ԱՊՀ պետություններում դրա օգտագործման վերաբերյալ», «Պատմամշակութային ժառանգությունը` որպես ԼՂՀ ճանաչման ու արտաքին քաղաքականության հիմնաքար», «Ներկայիս պեղումները Սիրիայի հյուսիս-արեւելքում», «Վանի 2011թ. հոկտեմբերի 23-ի երկրաշարժի ազդեցությունը մշակութային ժառանգության վրա` ըստ Այանիսի ուրարտական ամրոցի դիտարկումների» եւ այլն:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը, ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ՌԴ Դ. Լիխաչովի անվան մշակութային ու բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինսիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Ժիտենյովը: Բացման խոսքով հանդես կգա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Գիտաժողովն անցկացվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ: