Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՕՐ ԿՍԿՍՎԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԸ

24/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՇԱՀԵ ՎՐԴ. ԱՆԱՆՅԱՆ

Օրակարգի գլխավոր հարցերՙ Սրբադասում եւ Մկրտության օրակարգ

Հայաստանյայց եկեղեցում առկա հիմնախնդիրների, բարեկարգության ու դրանց լուծման եւ իրականացման ճանապարհների մասին խոսվում է արդեն մեկ հարյուրամյակից ավելի: Այդ հարցին ընդառաջ դեռեւս 20-րդ դարասկզբից գումարվել են բազմաթիվ մեծ ու փոքր ազգային եկեղեցական ժողովներ, հավաքներ, տրվել են որոշակի լուծումներ, բարձրացվել են հիմնահարցեր… Բավական է հիշել Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրոք 1906 թ. գումարված ժողովի առաջացրած խանդավառությունը, հակասական զգացումները, քննադատություններն ու երբեմն էլ հիասթափությունները: Այնուամենայնիվ, հակառակ կիրառված ու կիրառվող բոլոր ջանքերին, Հայաստանյայց եկեղեցին կրկին կարիք ունի նմանատիպ ժողովի, որի գումարման ավանդույթն ու ակունքները հասնում են ընդհուպ Ա դարի կես, երբ Հիսուս Քրիստոսի առաքյալներն իրենք էլ, զգալով եկեղեցում առկա հիմնահարցերի լուծման անհրաժեշտությունը, համատեղ որոշում կայացնելու նպատակով ժողով գումարեցին:

Ահա այս տեսլականին ընդառաջ այսօր էլ Հայաստանյայց եկեղեցին շարունակում է առաքյալների կողմից եկեղեցուն տրված ժողովական որոշում կայացնելու ավանդությունը: Սույն թվականի սեպտեմբերի 24-27-ը Հայաստանյայց եկեղեցու Մայր աթոռում գումարվող եպիսկոպոսաց ժողովն այս իմաստով, կարելի է ասել, բացառիկ է: Սակայն այն այդպիսին է ոչ միայն իր արտաքին լայնամասշտաբությամբ, այլ նաեւ պատմական նշանակությամբ ու քննարկվող հարցերի կարեւորությամբ: Առ այս կկամենայինք ընթերցողներին ներկայացնել մեր մի քանի մտածումներն ու խոհերը:

Նախ, Հայ եկեղեցու պատմության մեջ Սսի եւ Էջմիածնի աթոռների համատեղ ժողովի ու կանոնների ընդունման միայն մի դեպք է հայտնի` 1651 թ. աշնանը գումարված Երուսաղեմի ժողովը` Փիլիպպոս Ա Աղբակեցի Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ներսես Սեբաստացի Սսի աթոռակալի նախագահությամբ: Այստեղ ընդունված 13 կանոններն իրենց խոհական ու ազգաշեն բովանդակությամբ ամենից առաջ նպատակ ունեին երկու աթոռների միջեւ ստեղծել միասնական գործակցության ու համազգային միության նախապայման:

Իսկ դրանց մասին դրական արձագանքներով ողողված է այդ ժամանակաշրջանի գրեթե ողջ հայ պատմագրությունը: Հետեւաբար, իբրեւ Էջմիածնի Մայր աթոռի ու Անթիլիասի Մեծի տանն Կիլիկիո աթոռի (որը Սսի աթոռի նվիրապետական անմիջական ժառանգորդն է) միջեւ գումարվող ժողով` այն արդեն իսկ իր պատմական նշանակությամբ անգնահատելի մի քայլ է հայ իրականության մեջ:

Երկրորդ, հայտնի է, որ ըստ Հայ եկեղեցու կանոնական ավանդույթի` եպիսկոպոսաց ժողովները պետք է գումարվեն տարին մեկ անգամ` քննելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու համար եկեղեցու առաջ ծառացած հարցերին ու հիմնախնդիրներին: Այս մասին են խոսում Հայ եկեղեցու ամենաառաջին ժողովներն ու գումարումները: Պատմական տարբեր հանգամանքների բերումով ու իշխող վարչակարգերի անբարյացակամությամբ պայմանավորված Հայաստանյայց եկեղեցին ոչ միշտ է կարողացել իրականացնել այս կարեւոր կանոնական դրույթը: Այսօր արդեն, երբ պատմական հանգամանքներն ու Հայոց անկախ պետականությունն ստեղծում են այդ բարենպաստ հողը, Հայաստանյայց եկեղեցին պետք է վերագտնի համաեկեղեցական ու համազգային հարցերին համատեղ որոշում տալու վճռականությունը: Չէ՞ որ մասնակցող եպիսկոպոսները ներկայացնում են աշխարհասփյուռ ողջ հայությունը` իբրեւ թեմակալ առաջնորդներ ու աթոռակալներ:

Եվ վերջապես, ժողովի օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը` Ս. Մկրտության ծիսակարգի բարեկարգում եւ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, նույնպես իրենց բովանդակային ու նաեւ դավանաբանական իմաստով ունեն կարեւոր նշանակություն: Հայտնի է, որ հավատացյալների կողմից հաճախ հնչում են ամենատարբեր դժգոհություններ, հարցեր եւ առաջարկներ` Ս. Մկրտության ծիսակարգի տեղային տարբերությունների եւ դրա հետ կապված ծիսական-կանոնական խնդիրների լուծման առնչությամբ: Դրա ամենացայտուն օրինակը, թերեւս, վերջին տարիներին առաջ եկած օտարազգի կնքահայրերի (քավոր) եւ խառն ամուսնությունների նախաշեմին օտար հարանվանությունների պատկանող մարդկանց մկրտության հարցն է Հայ եկեղեցում: Իհարկե, դրանք հարցերի ողջ շարանի մի մասն են միայն: Գումարվելիք եպիսկոպոսաց ժողովին ներկայացվելու է գործնական առաջարկ: Նախ` քննարկման է դրվելու արդեն մի քանի հնագույն ձեռագրերի հիման վրա կազմված Ս. Մկրտության ծիսակարգի միասնական բնագիրը, որին կից` նաեւ Ս. Մկրտությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ խրատական-ուսուցողական ձեռնարկը: Վերջինիս մեջ ուսուցողական մատչելի կերպով բացատրվում են Ս. Մկրտության հետ կապված եւ դրա համար անհրաժեշտ ծիսական-կանոնական եւ հավատքային սկզբունքները, որոնք անհրաժեշտ են Ս. Մկրտության ծեսի վավերական եւ լիարժեք իրականացման համար: Այնուհետեւ, քննարկման ոչ պակաս կարեւոր ու համազգային նշանակություն ունեցող հարց է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, որը, ի տարբերություն Ս. Մկրտության ծիսակարգի, կարող է որոշ մարդկանց աչքին նաեւ քաղաքական երանգ ստանալ (Ցեղասպանության զոհերի սրբադասմանն ավելի մանրամասնորեն կանդրադառնանք առաջիկային): Այս հարցը տարիներ շարունակ քննարկվել է Հայաստանյայց եկեղեցու երկու աթոռների (Ս. Էջմիածնի եւ Մեծի տան Կիլիկիո) կողմից ստեղծված համատեղ հանձնախմբի բազմաթիվ նիստերում: Առաջադրվող խնդիրներն ու հարցերը բազմազան են, բայց էական է մի շատ կարեւոր դրույթ. այս քայլով Հայաստանյայց եկեղեցին վերագտնելու է հավատի համար նահատակված անձանց սրբադասելու իր հնագույն ավանդությունը: Պետք չէ մոռանալ, որ թե՛ Ցեղասպանությունից առաջ եւ թե՛ Ցեղասպանությունից հետո Հայաստանյայց եկեղեցում եղել են քրիստոնեական հավատի բազում վկաներ, որոնց կյանքի օրինակը եւ սրբադասման պաշտոնականացումը վաղուց ի վեր կարոտ է համաեկեղեցական վավերականացման:

Անշուշտ, այս ժողովն առաջին մի քայլն է` Հայ եկեղեցու առաջ ծառացած հիմնահարցերին համատեղ լուծում գտնելու ճանապարհին: Իսկ որ գլոբալ զարգացումների ու հիմնախնդիրների առատությամբ աչքի ընկնող մեր դարաշրջանում դրանք այդքան էլ քիչ չեն, հայտնի է ամենքին: Մնում է միայն մաղթել, որ դրանց առատությունը նոր ուժ ու նախաձեռնություն հաղորդի Հայաստանյայց եկեղեցու թե՛ հոգեւորական եւ թե՛ աշխարհիկ անդամներին:

ՇԱՀԵ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆԱՆՅԱՆ, Միաբան Մայր աթոռ Ս. Էջմիածնի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐՈՇ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԷԺԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԷԺԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական