ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Լավատեսական խոհեր անկախության տոնին ընդառաջ
Վաղը մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձը: Այդ պատմական իրադարձությունը տեղի է ունեցել մեր սերնդի օրոք, եւ մեզանից շատ շատերն իրենց հիշողություններն ու պատմություններն ունեն այդ պատմական իրադարձության հետ կապված: Ամեն տարի այս օրերին մեր լավատեսական խոհերում ու մտորումներում մենք վերստին արժեւորում ենք հայկական պետության, նույնիսկ երկու պետությունների գոյության փաստը մի մեծ տարածաշրջանում, որտեղ հայերիցս շատ ավելի մեծաթիվ ու տարածված ազգեր չունեն իրենց ազգային պետությունը: 22 տարին մի տարիք է, որին նորանկախ կամ երիտասարդ անվանելն այդքան էլ ճիշտ չէ: Օրինակՙ 20 տարին բավական է եղել եվրոպական շատ երկրներինՙ փլատակներից վեր հառնելու պատերազմից տուժած քաղաքներն ու գյուղերը եւ ստեղծելու զարգացող տնտեսություն ու բարեկեցիկ հասարակություն: Մեր դժնդակ հարեւանները շրջափակման մեջ են պահում մեզ քսան տարուց ավել եւ ուշի-ուշով հետեւում են, թե երբ է ուժասպառ եւ ավելի զիջող լինելու մեր պետությունը, որին իր դաշնակիցներից կտրելու եւ մեն-մենակ թողնելու դեպքում պատրաստվում են ուլտիմատիվ պահանջներ թելադրել: Այս մռայլ դիտարկումը թող մնա միակն այս վերլուծականում, որովհետեւ այն խոհերը, որ ուզում եմ հայտնել, շատ ավելի հանգիստ են եւ լավատեսական:
Ինտեգրում, այլ ոչ թե տարրալուծում
Մեր օրերի հասարակական թեժ քննարկման թեմաներից մեկը Հայաստանի ինտեգրացիոն հեռանկարների հարցն է: Ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը եւ շուտով սկսելու է գործնական բանակցություններն այդ ուղղությամբ, ամրապնդվեցին տնտեսական հաշվարկներով, որոնք մի քանի մակարդակում փորձագիտական քննություն անցնելով, պարզ ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսության համար եվրասիական ինտեգրացիան բերում է տնտեսական անվտանգություն, ներդրումների աճ եւ կայուն զարգացման հնարավորություն: Այն հետաքրքրությունը, որով փորձագիտական հանրությունը քննարկում է այդ տնտեսական հաշվարկներն ու մոտեցումները, ցույց է տալիս, որ մեր այս հասարակական փնտրտուքի մեջ շատ աշխուժացնող եւ կառուցողական լիցք կա: Շատ կարեւոր է, որ մեր պետությունը նույնքան հաստատ հայտարարեց, որ բարձր է գնահատում ժողովրդավարության եվրոպական չափանիշները եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, եվրոպական տիպի պետություն եւ եվրոպական չափանիշներով ապրող հասարակություն ձեւավորելու ուղղությամբ: Այս մոտեցումների անկեղծությունը գնահատողները ոչ միայն բրյուսելյան պաշտոնյաներն են, այեւ մեր քաղաքական համակարգի բոլոր բաղադրիչները, մեր հասարակությունն իր ամբողջության մեջ: Այս բանավեճերում եւ մտավարժանքներում իրար բախվող մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայկական ապրելակերպի եւ մտածողության թելադրանքով երեկոները միասին սուրճի կամ գարեջրի շուրջը վայելում են երեւանյան աշնան հիանալի եղանակը: Մեր հեղինակավոր տնտեսագետներն ասում են, որ եվրասիական ինտեգրման պարագայում միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է ունենալ լրացուցիչ մինչեւ 4% տնտեսական զարգացում, որը գոյանալու է ինտեգրացիոն էֆեկտներից: Մյուս հեղինակավոր տնտեսագետները նույնքան մանրակրկիտ հետազոտություններով քիչ ավելի վաղ հայտարարել էին, որ այդ նույն միջնաժամկետ զարգացումներում եվրոպական ինտեգրման պարագայում տնտեսությունը կարող է ունենալ մինչեւ 2,5% լրացուցիչ տնտեսական աճ: Այս տարբերությունը ոմանց համար շոշափելի է, մյուսներին բան չի ասում, որովհետեւ իրար բախվում են աշխարհաքաղաքական եւ արժեհամակարգային մոտեցումները: Սա մի առիթ է, սակայն, մի անգամ եւս խորհելու եւ մտածելու, թե որքան կարեւոր է Հայաստանի համար նոր զարգացման թարմ շունչ հաղորդելը: Ներքին ՀՆԱ-ի ցուցանիշներով մեր երկիրը տարածաշրջանում սկսում է հետ ընկնել: Եվ այս բացը իրականում կարելի է լրացնել միայն արտաքին ներդրումների եւ տնտեսական զարգացմանը նպաստող միջավայրի բարելավման պայմաններում:
Մեր հասարակության ճնշող մեծամասնություն կազմող առողջ մասը միակարծիք է, որ այսքան թանկ գնով ձեռք բերված եւ պահպանվող Անկախությունը չի կարող առուծախի առարկա դառնալ: Բայց մեզ անմիջապես էլ տեղեկացնում են, որ մեր ինտեգրացիոն տեսանելի հեռանկարում նման բան չի էլ կարող լինել: Օրինակՙ արդեն հայտնի է, որ Մաքսային միությունը եւ ապագա Եվրասիական տնտեսական միությունն աշխարհին ներկայանալու են իբրեւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն միավորում: Այն չի ունենալու վերազգային քաղաքական կառույցներ, որոնք անդամ պետությունների փոխարեն որոշումներ կայացնելու լիազորություն ունենան: Հայտարարվել է նաեւ, որ այս փուլում չի քննարկվում միասնական տարադրամ ունենալու հարցը, որովհետեւ դա չեն ուզում միության անդամները: Երրորդՙ ապագա Եվրասիական տնտեսական միությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործառույթներ չի իրականացնելու, որովհետեւ այդ գործառույթները հաջողությամբ կատարում է վաղուց արդեն իսկ գոյություն ունեցող ՀԱՊԿ-ը: Եվ ահա այս ամենից հետո միանգամայն հիմնավորված է թվում Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական մի միությանը, որի գլխավոր գրավիչ ուժը ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժն է եւ ռազմավարական հումքի համեմատաբար էժան արժեքները: Մենք անընդհատ փորձում ենք ընտրություն կատարել տնտեսական օգուտների եւ աշխարհայացքային մոտեցումների միջեւՙ հաճախ ամեն ինչը լցնելով մի կաթսայի մեջ եւ մի լավ խառնելով դրանք: Բայց պարզ ճշմարտությունն այլ է. Հայաստանը կդառնա եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն, երբ հայկական քաղաքական համակարգը եւ հասարակությունն ամբողջությամբ վերցրած դրա համար ջանք կգործադրիՙ մերժելով եւ հրաժարվելով դրան խանգարող մեր հոռի իրողություններից: Որքան ամուր լինի Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ենթակառուցվածքների ամբողջությունը, այնքան հեշտ կդիմանանք մեծ համակարգերին ինտեգրվելու գործընթացում անխուսափելիորեն առաջացող դժվարություններից:
Սոցիալական պետության եւ արդար հասարակության տեսլականը
Մեր 22-ամյա պետությունը, Սահմանադրության համաձայն, սոցիալական պետություն է եւ կոչված է հոգալու իր քաղաքացիների առաջնահերթ սոցիալական պահանջմունքները: Այս դատողության մասին զգույշ եւ խնամքով ենք խոսում, որովհետեւ շատ լավ հասկանում ենք, թե մեր աշխատող եւ բարիք ստեղծող հասարակության հատվածի ուսերին ինչպիսի բարդ եւ շատ ուրիշ երկրների համար անլուծելի թվացող բեռ է դրված: Սակայն սոցիալական պետություն ասելով բոլորովին էլ պետք չէ հասկանալ լոկ այն կրթաթոշակները, թոշակները, նպաստները, օգնության եւ աջակցության մյուս ձեւերը, որոնք հասարակության մի կեսը կարող է տրամադրել մյուսին: Բարդ եւ վիճաբանության տանող դատողություններից տոնական օրը հեռու պահել մտադրությամբ ուզում եմ նկատել, որ սոցիալական արդարություն ասելովՙ մենք նկատի ունենք այն մթնոլորտը, որը ձեւավորվում է երկրում, ամբողջ հասարակության մեջ եւ որը տրամադրում է հասարակության տարբեր հատվածներին ապրելու միասին համերաշխ հասարակական մթնոլորտում: Բերեմ մի պարզ օրինակ. տարեկան 200 հազար արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները միայն Ռուսաստանյան Դաշնությունից ուղիղ տրանսֆերտների ձեւով Հայաստան են ուղարկում 1,44 մլրդ դոլար գումար: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ գումարը տարեցտարի աճի միտում ունի: Այդ գումարը Հայաստանում դրսեւորվում է պարզ ծախսերի ձեւով եւ լուրջ ներդրում ունի մեր ներքին համախառն արդյունքի ձեւավորման վրա: Հիմա հարց. ինչքա՞ն ավելի լավ կլիներ, եթե մեր Ռուսաստան մեկնող հայրենակիցները ունենային որակյալ բանվորական մասնագիտություններ եւ կարողանային այնտեղ ավելի լավ դրսեւորել իրենց աշխատանքային հմտությունները: Ինչքա՞ն դրանից կշահեր մեր հասարակությունը: Չէ՞ որ բազմաթիվ դժվարությունների դիմագրավող մեր պետությունը կարող էր լրջորեն լուծել մեկ կամ երկամյա մասնագիտական ուսումնական հաստատությունների ստեղծման հարցը մեր բոլոր մարզերում, որտեղ ավելի փորձառու, բայց տարեց վարպետները բարդ մասնագիտական հմտություններ կփոխանցեին երիտասարդներին: Ավելի տարեցները աշխատանք կունենային, իսկ ավելի երիտասարդներըՙ կհամակվեին շնորհակալությամբ իրենց Հայրենիքի հանդեպ, որն իրենց դժվարին կյանքին արժանապատվորեն է պատրաստել: Հենց այս դժվարությունն է այսօր հաղթահարում միջին վիճակագրական հայ գաստարբայտերը հետխորհրդային անծայրածիր տարածքներում: Չէ՞ որ այդ մասնագիտական կրթության հարցը լուծելը նույնպես սոցիալական պարտավորության կատարման ձեւ է: Կամՙ Հայաստանում օրենքով սահմանված պարտադիր կրթությունն իննամյա է: Այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում պարտադիր կրթությունը տասներկուամյա է: Ինչո՞ւ այդ տարբերությունը չլրացնել որակյալ բանվորական ուժ պատրաստելով, որը կշարունակեր եւ կզարգացներ բարձր պահել հայ վարպետների նկատմամբ հարգանքն ամենուրեք:
Արդարության կատեգորիան միշտ ունի խորքային բացատրություն: Ասում են, որ արդարությունը աստվածային կատեգորիա է: Այն ընկած է բոլոր կրոնների հիմքում: Եթե արդարության զգացումը խաթարված է կամ նենգափոխված, ուրեմն խնդիր կա հասարակական ընկալումներում: Մեր հասարակությունն արդարության մասին հիմա շատ է խոսում: Բայց արդարությունն ունի մեկ բոլորին հասկանալի իմաստ եւ դրանով արժե չափել մեր կենսագործունեության, կրթության, տնտեսավարման, հասարակական բարիքի վերաբաշխման բոլոր ոլորտները: Տոնի նախօրեին այս դատողությունները մի համեստ հրավեր են միասին խորհելու մեր հավերժական խնդիրների մասին:
Մեր բանակըՙ որպես ամենահարգի հասարակական կառույց
Այս էլ որերոդ հասարակական կարծիքի հարցումը գալիս է հաստատելու, որ հայկական զինված ուժերը, որոնք մեր անկախության եւ խաղաղության գլխավոր երաշխավորն են, շարունակում են ամենամեծ հարգանքը վայելել հասարակության կողմից: Բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքը գալիս է ցրելու այն բոլոր հորինված դատողությունները, թե իբր հայերը պետություն չեն սիրում, կամ մենք պատրաստ չէինք անկախությանը: Երեւի ճիշտ են ասում, ովքեր պնդում են, որ հայերն առաջին հերթին նպատակահարմարության մարդիկ են, եւ այդ պրագմատիկ նպատակահարմարությունն է ստեղծում դրական վերաբերմունք մեր խաղաղության երաշխավորի նկատմամբ: Հասարակական քննարկումների այս օրերին, երբ կրկին մեջտեղ է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, մարդիկ ուզում են հավաստիանալ, թե մոտական տարիների աշխույժ ինտեգրացիոն գործընթացները ինչպե՞ս են անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Ես անկեղծորեն համոզված եմ, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ արդեն վաղուց կազմում է այն մեծ միասնական տնտեսական տարածքը, որի մասին երազում են հետխորհրդային տարածքի ինտեգրվող ազգերը: Եվ նաեւ ավելի քան համոզված եմ, որ Հայաստանի որեւէ իշխանություն երբեք չի անելու քայլեր, որոնք հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախությանն ու անվտանգությանը: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ որեւէ ինտեգրացիոն նախագծում Հայաստանն ու Արցախը ներկայանում են որպես միասնական, արդեն սերտաճած օրգանիզմ: Սրա իրավունքը տվել է այն իրողությունը, որ հակառակ անընդհատ սպառազինվող եւ վերազինվող Ադրբեջանի ուժի ցուցադրություններինՙ ռազմական գործողությունների վերկսկսման վտանգը շարունակում է մնալ իրական, բայց ոչ մեծ: Նոր պատերազմ մեր դեմ չեն սկսում լոկ այն պատճառով, որ այդ պատերազմը կարող է դժոխքի վերածել մի ահռելի տարածք, բայց այդպես էլ չլուծել զինվորականների առջեւ դրված կոնկրետ խնդիրները: Այս դատողությունները ուժի մանկամիտ ցուցադրություն չեն, այլ զիվորական շքերթին նախատոնական օրը փոխարինող եւ տրամադություն ստեղծող խոհեր:
Անկախության օրը, հիշելով մեր սերնդին բաժին հասած հաղթահարված դժվարություններն ու դեռեւս չլուծված խդնիրները, համերաշխ հասարակության օրենքներով ողջունենք միմյանց, մաղթենք խաղաղություն եւ բարգավաճում եւ տրամադրենք մեր երեխաներին ու թոռներին սիրով ու գուրգուրանքով վերաբերվելու մեր սերնդի կողմից ստեղծված, դեռեւս թերի, դեռեւս անկատար, բայց շատ թանկարժեք ազգային արժեքինՙ մեր Պետությանը: