Գաբրիել Սարգսյանը իսպանական «Էքստրեմադուրա» թիմի կազմում վստահ ելույթներ ունեցավ այդ երկրի թիմային առաջնությունումՙ առաջին խաղատախտակի վրա անցկացրած 7 պարտիաներում վաստակելով 4 միավոր, մնալով անպարտելի: Մյուս թիմերի առաջին խաղատախտակների վրա հանդես եկած շախմատիստներից 4 միավոր էր վաստակել միայն Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Սեստաոյի» առաջատար, կուբացի գրոսմայստեր Պերես Դոմինգուեսը, որը սակայն մեկ պարտիայում պարտվել էր: Այնպես որ Գաբրիել Սարգսյանի արդյունքը լավագույնն է: Նա գերազանցեց նաեւ մյուս թիմերի առաջատարներինՙ Դիտեր Նիսիպեանուին (Ռումինիա), Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Դավիթ Նավարային (Չեխիա), Լազարո Բատիստա Բրուզոնին (Կուբա), Քեւին Սպրագետին (Կանադա) ու Դավիթ Անտոնին (Իսպանիա):
Վերջին 2 տուրերում Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Նիսիպիանուի եւ Նավարայի հետ: «Էքստրեմադուրան» 8 թիմերի մրցավեճում վաստակած նույնքան միավորով գրավեց 4-րդ տեղը: Երկրի չեմպիոն հռչակված «Սեստաոն» վաստակեց թիմային 11 միավոր եւ բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (27,5) գերազանցեց նույնպիսի արդյունք ունեցող «Սոլվային» (26,5): 9 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց «Գրոս Խակե Տալդեան»: