Երբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հարց տրվեց, թե Մաքսային միություն մտնելուց հետո ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ, ԱԺ նախագահն ակնհայտորեն պատրաստ չէր պատասխանելու այդպիսի հարցի: Սակայն այդ հարցին պատրաստ չեն պատասխանելու նաեւ մեր համարյա բոլոր քաղաքական գործիչները, քանի որ այդ հարցը հավանաբար ծագել է նաեւ Ասոցիացման համաձայնագրի հետ կապված. վերջին երեքուկես տարում բանակցման ընթացքում, ու քանի որ Ասոցիացման պայմանագրի տեքստին Հայաստանում ծանոթ էր երկուսուկես մարդ, նրանք գիտեին, թե ի վերջո որտեղով է անցնելու այդ համաձայնագրի պայմանագրով նախատեսված խոր եւ համապարփակ ազատ առեւտրի սահմանը` մինչե՞ւ Արցախը, թե՞ Արցախն էլ հետը: Ու միգուցե Հայաստանի նախագահի` Մաքսային եւ հետագայում Եվրասիական միությանն անդամակցելու ցանկության բացահայտման մեջ քիչ դեր չի խաղացել այս հարցը: Իսկապես կարեւոր է, թե որեւէ համաձայնագրի կամ միության մաս կազմելով Հայաստանն արդյո՞ք վնասում, թե օգնում է երկրորդ հայկական հանրապետությանը` Արցախին, եւ բոլորովին էլ այնպես չէ:
Երեկ ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, երբ փորձեցինք այս հարցի վերաբերյալ տեսակետ ստանալ խորհրդարանականներից, հասկացանք, որ երկու դեպքում էլ գոնե մոտավոր պատասխան չունեն մեր խորհրդարանականները, թե այս կամ այն կառույցին անդամակցելիս ի՞նչ է լինելու Արցախի հետ:
ԼՂՀ-ն, եթե դուրս մնար Ասոցիացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչով ներառվող (այժմ արդեն դա անորոշ է) Հայաստանին ընձեռվող հնարավորություններից, այդ դեպքում նաեւ ենթակա լինելով այլ վտանգների, ի՞նչ վիճակում էր հայտնվելու: Կամ Մաքսային միության անդամ դարձող Հայաստանը ԼՂՀ-ի՞ն էլ է կարողանալու իր հետ տանել այնտեղ:
ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը , նշելով, որ ընդհանրապես տեղեկատվություն չունեն այդ առումով թե՛ Մաքսային միության, թե՛ Ասոցիացման համաձայնագրի մասով, որն ի վերջո պատրաստ էր նախաստորագրման, նկատեց, թե Հայաստանում մեկ-երկու մարդ գիտեին` խոսքն ինչի՞ մասին է: Հենց այժմ էլ Մաքսային եւ Եվրասիական միությունների մասով մեր մտադրությունների վերաբերյալ նա կասկածում էր, որ Հայաստանում 2 մարդ կա, որ իմանան, խոսքն ինչի մասին է. «Սեպտեմբերի 3-ից հետո ես ուշադրությամբ հետեւում եմ ռուսական մասնագիտական շրջանակների արձագանքներին, նույն հարցերն իրենց մոտ էլ են ծագում, պարզ չէ` ինչի՞ մասին է խոսքը: Շատ ավելի մտահոգիչ է Ղարաբաղի հետ կապված, այո , ես կարծում եմ, որ ցանկացած քայլ, որ կանի Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի շահերը»:
Ըստ ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի` Մաքսային միության հետ համագործակցությունը բխում է մեր պետության շահերից, բխում է ԼՂՀ-ի շահերից, իսկ դրան զուգահեռ մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները, որոնք ձեռք ենք բերել Եվրոմիության հետ. «Ես չեմ կարող տարանջատել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերը` անվտանգություն, արտաքին սահմանների ապահովություն»:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը նկատեց, որ եթե այլընտրանք չունես ու «կամ-կամի» վիճակին ես հասել` պետք է մտածես ունեցածն ամրապնդելու մասին եւ չես կարող վաղը կատարել մի քայլ, որը չի տալիս քեզ ավելի մեծ անվտանգության երաշխիք, քան այսօր ունես. «Եթե էսօրվա անվտանգության մակարդակը, որ ունի Ղարաբաղը, դրանից պակաս առաջարկեն` չպիտի համաձայնենք: Նույնը Հայաստանի հետ է կապված: Եթե մենք չունենք ռազմական եւ էներգետիկ անվտանգությունը ապահովելու այլընտրանք, որն իրականություն է, ես զարմանում եմ, թե մեր իշխանություններն ինչու պարզ տեքստով չեն խոսում այդ մասին: Եվ պատասխանեն նաեւ, թե ինչի՞ այդ ամենի հետ կապված չկարողացանք այլընտրանք գտնել` այ, դրանից են խուսափում ու վախենում երեւի, դրա համար հարցը փորձում են ներկայացնել թաքցված, կիսատ-պռատ: Դրա համար են հայտվում անհասկանալի վիճակում` թե ինչո՞ւ ընտրեցին Մաքսային միությունը, այլ ոչ թե Եվրոմիությունը: Ավելին ասեմ` եթե այդպիսի հարց են տալիս Նալբանդյանին, նա փորձում է այդ քայլը ներկայացնել որպես զուտ տնտեսական համագործակցություն: Դա այդպես չէ: Ես հայտարարում եմ պատասխանատու ձեւով` սա քայլ է դեպի աշխարահաքաղաքական նոր դերի մաս կազմելու կամ չկազմելու:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը, Մաքսային միությունով սկսելով, գնում է Եվրասիական միություն, որը քաղաքական միավոր է, որը ենթադրում է նաեւ շատ լուրջ ռազմավարական-աշխարհաքաղաքական կողմնորոշումներ: Հիմա մենք մեր վեկտորը ուղղում ենք դեպի էդ քաղաքական միավորը», ասաց նա` հավելելով, թե մանավանդ նախագահը հայտարարել է` Մաքսային միություն մտնելով նախապատրաստվում ենք Եվրասիական միության մաս կազմելու. «Հստակ պետք է ասվի` Ղարաբաղը որտե՞ղ է մնում, ի՞նչ պիտի լինի Ղարաբաղի հետ: Արցախն անկախ պետություն է, ճիշտ է, բայց անկախ պետության նկատմամբ ուղղակի պարտավորություններ ունի եւ երաշխավորի դերում է Հայաստանը: Մենք նույն ձեւո՞վ ենք վերաբերվում Արցախին, ինչպես անկախ պետություն Ադրբեջանին, ինչպես մյուս անկախ պետությունների՞ն: Բոլորի համար ակնհայտ է, որ մենք իսկապես հարց ունենք Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու: Եթե աշխարհաքաղաքական առումով վեկտոր ես նախանշում, պետք է այդ վեկտորում այդ գլխավոր հարցի լուծումը տեսնես: Եվրասիական միություն մտնելով Ղարաբաղը ճանաչվո՞ւմ է որպես անկախ պետություն, Հայաստանի հետ միասին էս ուղղությամբ գնալով Ղարաբաղի անկախությունն ավելի՞ ենք պահպանում, ճանաչումն ավելի մե՞ծ հնարավորություն է ստանում, թե՞ ոչ, այս հարցի պատասխանը ես լիարժեք չունեմ:
Միայն մի բան հստակ կարելի է ասել` եթե Ադրբեջանը միաժամանակ Հայաստանի հետ Ասոցիացման պայմանագրով չմտներ Եվրոմիության տարածք, Հայաստանը մտներ, նոյեմբերին համաձայնագիրը մեզ համար հարց էր դնելու` Հայաստանի սահմանը որտե՞ղ է ավարտվում, համապարփակ տնտեսական համագործակցությունը, ազատ գոտին մինչեւ ո՞ր սահմանն են հասնելու, Արցախն էդ սահմանի մեջ մտնելո՞ւ է, թե չի՞ մտնելու: Մենք տեղեկություններ ունենք, որ այդ խնդիրը շատ լրջորեն քննարկվում էր Ասոցիացման համաձայնագրի հետ կապված եւ կար հստակ պահանջ, որ պետք է հստակություն լինի մաքսակետերի հետ կապված», բացահայտումներ արեց Ա. Ռուստամյանը: Իսկ ահա Մաքսային միության հետ կապված երբ հարցրել են Է. Նալբանդյանին, նա ասել է, որ Ղարաբաղը դրանից չի տուժի: Ու կարծես թե Արցախը դուրս չի մնալու Մաքսային միության տարածքից, եւ լիարժեք գտնվելու է այդ տարածքի մեջ: «Անհրաժեշտ է շատ ավելի լուրջ եւ հաշվարկված գործողությունների ծրագիր իրականացնել, որպեսզի էլի պատմական սխալ չգործենք, եւ չկորցնենք այն, ինչ ունենք ազատագրված Արցախի միջոցով: Մեր ամենակարեւոր խնդիրն է մեր սերունդներին կտակել 42 000 քմ տարածք»: