ՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքի շենքում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել նախօրեին սկսված եռակողմ հանդիպման երկրորդ փուլը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին եւ Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին քննարկում են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու Մոսկվայի նախաձեռնության իրականացման ուղիները:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ռուսական կողմը ամերիկացիներին է փոխանցել Սիրիայի քիմիական զենքի միջազգային վերահսկման իր ծրագիրը: Դրա ընդունման դեպքում Սիրիան հավանաբար կգործի հետեւյալ հաջորդականությամբ. երկիրը միանում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը եւ հրապարակում քիմիական զենքի պահպանության ու արտադրության վայրերը: Ապա այնտեղ մեկնում են միջազգային տեսուչներ, եւ նրանց հետ մեկտեղ լուծվում է այն հարցը, թե ով եւ ինչպես է ոչնչացնելու տվյալ զենքը: Փորձագետները չեն բացառում, որ զենքը ի վերջո կարող է դուրս բերվել Սիրիայից եւ տեղափոխվել, օրինակ, Ռուսաստան, որտեղ կան համապատասխան գործարաններ: