Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏԻԶԲՈՆ ԿԱՆՉՎԵԼՈՒ» ՍԻՆԴՐՈՄԸ

12/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը մեծ մասամբ ընկալվեց որպես «Ռուսաստանի բիրտ ճնշման տակ հարկադիր քայլ»: Մեր գիտակցությա՞ն, թե՞ ենթագիտակցության մեջ, չգիտեմ, բայց մի տեղ շա՜տ ամուր է նստած «Տիզբոն կանչվելու» սինդրոմը:

1990 թ.-ի ամռանը Երեւանում աշխատանքն էր սկսել Գերագույն խորհրդի նստաշրջանը, ԼՂ-ից պատգամավոր էի: Ապրում էինք հյուրանոցում, բայց մեկ-մեկ «փախչում»-գնում էի քրոջս վարձով տունը, զով-խաղաղ, գրեթե գյուղական բակ էր: Հերթական այցս Լեւոն Տեր-Պետրոսյանի Մոսկվա մեկնելու օրն էր: Տանտիրուհին հարցրեց` «ճի՞շտ է, որ Լեւոնին Մոսկվա են կանչել»: Ասացի` այո: Նա լարվեց, ապա թե` «չտանե՞ն` Պապ թագավորի պես սպանեն»:

Դպրոցական տարիներին, ահա, կարդում ենք «Պապ թագավոր»-ն ու տպավորվում, որ հայոց երիտասարդ, եռանդուն, ինքնագլխության միտող թագավորին խարդախ բյուզանդացիները հրավիրեցին ճաշի, սպանեցին, եւ Հայաստանը կորցրեց անկախությունը: Մեզ չեն ասում, որ Պապին դիմադիր էին Ներսես Մեծը, Մուշեղ Մամիկոնյանը, որ բյուզանդացիները չէին համարձակվի նրա երկրում նրա հետ այդքան տմարդի վարվել, եթե համոզված լինեին, որ թագավորի սպանությունը բռնկելու է հակաբյուզանդական ընդվզում հայոց բանակում, նախարարական ամրոցներում, էլ չխոսած համաժողովրդական ապստամբության մասին: Պապի սպանությունը, դժբախտաբար, հայ ավագանին, զորքը, հոգեւորականությունը համարել են «օրինաչափություն»: Իբր` «բա ի՞նչ էր կարծում, բյուզանդացիները կներեի՞ն»:

Եղիշեի «Վասն Վարդանի եւ հայոց պատերազմի» մատյանի առանցքը հայոց նախարարներին Տիզբոն կանչելու պատմությունն է: «Փաստն» արմատավորվել է` Հազկերտը «թուղթ» ուղարկեց Հայաստան, կաթողիկոսն ու նախարարները հավաքվեցին եւ մերժեցին կրոնափոխության պահանջը, Պարսից արքան գազազեց, ատյան կանչեց Տիզբոն, որտեղ նրանք «կեղծ երդում» ընդունեցին, բայց երկիր վերադառնալիս` Անգղ ամրոցում, սպարապետն ու համակիրները բացահայտվեցին, ապստամբեցին եւ այլն:

…Տիզբոն հասնելու համար հայ ավագանին ամիսների ճանապարհ պիտի կտրեր, նույնքան ժամանակ էլ` վերադառնար: Եթե բոլոր ազդեցիկ նախարարները կանչվել էին Պարսից մայրաքաղաք, հայոց այրուձին էլ ինչ-որ տեղ` Քուշանքում, կռվում էր Պարսկաստանի թշնամիների դեմ, ապա ի՞նչն էր խանգարում, որ Հայաստանում պարսկական «պարետային» զորքն սկսեր եկեղեցիներ քանդել, կրոնավորներին ջարդել, նախարարական ամրոցները պաշարել:

Եթե Հազկերտի խարդախ նպատակը Հայաստանն անգլուխ թողնելն էր, ի՞նչ մի դժվարություն էր Արտաշատ-Տիզբոն գնալ-գալու երկա՜ր ճանապարհի մի հանգրվանում շրջապատել, պատմիչի ասած` սպառ-սպուռ կոտորել հայոց անհնազանդ նախարարներին: Վերջապես, եթե մեկ է` ապստամբելու էին, էլ ինչո՞ւ էին վեր կացել-գնացել Հազկերտի ոտքը,- մեզանում այսպիսի հարցեր չեն քննարկվում:

Ուստի եւ ենթադրելի է, որ «Տիզբոն կանչվելու» մտակաղապարը մեզ թվում է «օրինաչափություն»: Ի՞նչ են ասում Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները: «Բա ի՞նչ էր մտածում, երբ Եվրոպայի հետ «խաղեր էր տալիս», Ռուսաստանը կներե՞ր», իսկ երբ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ ասոցիացման համաձայնագրի եւ Մաքսային միության պայմանագրի «համատեղումը խնդրահարույց է», հայ «արեւմտամետները» հրճվեցին. «Իհարկե, ուրիշ ինչպե՞ս էր լինելու, Եվրոպան սկսել է պատժել»:

«Տիզբոնը Տիզբոն է»` լինի Բրյուսել, թե Մոսկվա: Ուղղակի ռուսները մի քիչ «անհամբեր եւ ուղղամիտ» են, քան եվրոպացիները, որ կարողանում են բանն այնպես ներկայացնել, իբր` ասոցիացման համաձայնագիրն ավելի շատ Հայաստանին, քան իրենց էր պետք: Եվ, ըստ երեւույթին, Բրյուսելում ու Մոսկվայում մեզ մեզնից լավ գիտեն: Համոզված են, որ Հայաստանում մի «Վասակ» միշտ էլ գտնվելու է, ողջ պատասխանատվությունը բարդելու են գլխին եւ վերադառնալու են հերթական «հնարավորության» շուրջը շատախոսություններին:

«Տիզբոն կանչվելը» գուցե ստեղծել է պատմագրությո՞ւնը: Իրականության մեջ թերեւս եղել է Հայոց թագավորությունը գոնե անվանապես վերականգնելու հնարավորությու՞ն: Անդրկասպյան տափաստաններում նախաթուրք հորդաների հետ կենաց-մահու պատերազմի ներքաշված Պարսկաստանը, որպեսզի իրեն ապահովագրի նաեւ Ալանաց դռներից հորդացող սպառնալիքից, որ դարձյալ թուրք-թուրանական էր, հայերին քաղաքական դաշինքի պես մի առաջարկություն էր արել` մարզպան Վասակ Սյունեցո՞ւ միջոցով:

Եվ Մամիկոնյան իշխանական տունն ու եկեղեցին վերստին «թարս ձիո՞ւ վրա էին նստել»: Ապստամբությունը գուցե Վասակի՞ դեմ էր, ոչ թե` Հազկերտի: Խնդիրը գուցե «հավատափոխությո՞ւնը» չէր, այլ` «ո՞վ է Հայոց թագավոր» հռչակվելու, Վարդա՞նը, թե՞ Վասակը: Եվ Արտաշատում հայ ավագանին չէ՞ր կարողացել զսպել «Տարոնացու խելագարությունը», եւ եղել էր Ավարա՞յր:

…Խորհրդային շրջանում փորձեցինք ինքնասփոփվել, որ Պարսից դեմ ապստամբել էին վրացիք եւ աղվանները նույնպես: Բայց երբ հայ ազնվականության ընտրանին ջարդվում էր Ավարայրում, Աղվանքը եւ Վրաստանը, ղարաբաղցու ասած, «մարաղ մտած» համբերությամբ սպասում էին, որ ինքնահոշոտվող Հայաստանից յուրաքանչյուրն իր «արդար բաժինը» պոկի: «Պտուղները» քաղում ենք առ այսօր` Ադրբեջանը Ղարաբաղն է իրենը համարում, Վրաստանը` Լոռին: Իսկ Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանի երկրորդ նախագահին անվանում է «մարդ, որ պատմություն չէր կարդացել եւ չէր ուզում կարդալ»: Դեռ հարց է` արժե՞ մի պատմություն կարդալ, որի 99,99 տոկոսը ոչ այնքան Հայաստանի քաղաքական անցյալի, որքան որ պարթեւ Անակի որդի Գրիգոր Լուսավորչի մասին է:

0,01 տոկոսի բացառություններ կան: Աղվանից աշխարհի պատմության հեղինակը մի տեղ միջանկյալ ակնարկում է, որ Սահակ Պարթեւը Տիզբոնում թոռան` Վարդան Մամիկոնյանի համար միջնորդել-մարզպանական պաշտոն է խնդրել: Ուշադրության արժանի դիտարկում է, չէ՞: Բայց դա նախագահի խնդիր չէ, այլ` անաչառ պատմաբանի կամ խորհրդականի:

Չլիներ այդպես` «Տիզբոն» գնալու հարկ չէր ունենա Հայաստանի եւ ոչ մի իշխանություն: Բայց որովհետեւ, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասում, «այդ այդպես է», ուրեմն մեր գիտակցությա՞ն, թե՞ ենթագիտակցության մեջ, չգիտեմ, սակայն ինչ-որ տեղ դեռ կարծրակարծր նստած է «Տիզբոն կանչվելու» սինդրոմը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԻԱԿ ՊԱՏՃԱՌԸ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԸ ՉԵՆ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓԱՇԱԵՎՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՍԿԱԾՎՈ՞ՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓԱՇԱԵՎՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՍԿԱԾՎՈ՞ՒՄ ԵՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական