ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ
Օգոստոսին Չինաստանի Սինին քաղաքում եւ կայացել է պոեզիայի Ցինհայ լճի 4-րդ միջազգային փառատոնը: Այն Արեւելքի խոշորագույն բանաստեղծական հանդեսն է, որին այս անգամ մասնակցել են շուրջ 60 պոետ արտասահմանյան 40 երկրից եւ ավելի քան 160 հեղինակ Չինաստանից: Փառատոնին հրավիրված եւ ներկա էր նաեւ բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը (Հայաստան-Արցախ): Հնգօրյա հարուստ ու հագեցած ծրագիրը փառատոնի մասնակիցներին հնարավորություն է տվել ծանոթանալու չինական գրականության ներկա զարգացումներին, հաստատելու ստեղծագործական կապեր, վայելելու չինական մշակույթի եւ բնության գեղեցկությունները: Հանդեսի առանցքային միջոցառումներից մեկը տեղի է ունեցել լեգենդար Ցինհայ լճի հարեւանությամբ հիմնված պոեզիայի հրապարակում, որտեղ համաշխարհային մեծագույն պոետների, մտածողների, էպիքական հերոսների տպավորիչ արձանաշարում տեղ է գտել նաեւ Սասունցի Դավթի վեհաշուք արձանը: Լույս է ընծայվել փառատոնի մասնակիցների ստեղծագործությունների շքեղ ու ծավալուն անթոլոգիան, որը բացվում է Հ. Ալեքսանյանի բանաստեղծություններով:
Փառատոնը հավակնում է դառնալ աշխարհի պոետական խոշորագույն իրադարձություններից մեկը` թե քանակական, թե հեղինակային որակական կազմով` համահունչ արագ զարգացող վիթխարի այդ երկրի հոգեւոր միտումներին: