Այսօր Երեւանի ժամանակով ժամը 20-ին Պրահայի «Էդեն Արենայում» կտրվի ֆուտբոլի աշխարհի առաջնության Չեխիա-Հայաստան ընտրական մրցախաղի մեկնարկը: Այդ հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել 2 երկրների ֆուտբոլասերների շրջանում ու կարեւոր նշանակություն ունի մրցակիցների համար:
Ընտրական B խմբում Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները հարեւաններ են մրցաշարային աղյուսակում: Չեխերն անցկացրած 6 հանդիպումներում վաստակել են 9 միավոր եւ ընթանում են 3-րդ հորիզոնականում: Մեր ընտրանին 6 խաղում վաստակած նույնքան միավորով 4-րդ տեղում է: 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան, իսկ առաջատարն իտալացիներն են, որոնք ունեն 14 միավոր:
Հայաստանի հավաքականի համար այսօրվա հանդիպումը վերջին հնարավորությունն է պայքարելու 2-րդ տեղի համար: Դրա համար մեր ֆուտբոլիստներին հաղթանակ է անհրաժեշտ: Իսկ պարտությունը կարող է ճակատագրական լինել: Այնպես որ մեր ֆուտբոլիստները պետք է ձգտեն դրսեւորել իրենց լավագույն որակներն ու կարողանան իրացնել գոլային պահերը: Հիշելով մեր ֆուտբոլիստների տպավորիչ խաղը Դանիայում, լավատեսությամբ ես համակվում: Սակայն ալբանացիների հետ անցկացրած ընկերական դժգույն խաղը մտաբերելով, առաջիկա հանդիպման դրական ելքի հարցում մտավախություն է առաջանում:
Չեխերն ընտրական մրցաշարը սկսել են հյուրընկալվելիս դանիացիների հետ գրանցված գոլազուրկ ոչ-ոքիով, ապա սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել են Մալթայի հավաքականին: Սեփական հարկի տակ անցկացրած հաջորդ 2 հանդիպումներն անհաջող դասավորվեցին չեխերի համար: Նրանց չհաջողվեց գտնել բուլղարացիների դարպասի բանալին, իսկ դանիացիների հետ մրցախաղում Պետեր Չեխի պաշտպանած դարպասում 3 անպատասխան գնդակ հայտնվեց: Այդ խաղից 4 օր անց չեխերը հյուրընկալվեցին Երեւանում: Թվում էր, թե մեր հավաքականին կհաջողվի հաղթել մրցակցին, սակայն խաղն անհաջող դասավորվեց դաշտի տերերի համար: Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները չիրացրին գոլային մի քանի պահերը, իսկ ընդմիջումից քիչ հետո Վիդրան գլխի հարվածով բացեց հաշիվը: Խաղավերջում չեխերը եւս 2 անգամ գրավեցին Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասն ու 3-0 խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին: Այդ խաղում Պետեր Չեխը երկրի ազգային հավաքականի մարզաշապիկով 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Նա ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենափորձառուն է:
Ընտրական մրցաշարում չեխերը վերջին հանդիպումն անցկացրել են հունիսի 7-ինՙ Պրահայում գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով մրցավեճն իտալացիների հետ: Իսկ մեր ընտրանին ընտրական վերջին խաղումՙ հունիսի 11-ին 4-0 հաշվով ջախջախել է դանիացիներին:
ՀՀ հավաքականը երեկ առավոտյան է մեկնել Պրահա, որտեղ խաղին են նախապատրաստվում 23 ֆուտբոլիստներ: Երեկ երեկոյան հավաքականը մարզվել է «Էդեն Արենայում», իսկ այսօր ժամը 20-ին մրցավեճի կբռնվի չեխերի հետ:
Բուքմեյքերներն այսօրվա խաղում նախապատվությունը տալիս են չեխերին: Նրանց հաղթանակի գործակիցը 1,36 է: Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ են սահմանվել 9 գործակցով, ոչ-ոքին գնահատվել է 4,5 գործակցով:
Հարկ է նշել, որ Չեխիայի հավաքականն անհարմար մրցակից է մեր ընտրանու համար: Մրցակիցների միջեւ մինչ օրս կայացած 3 հանդիպումներում էլ հաղթել են չեխերը:
Առաջին 2 հանդիպումները կայացել են 2006-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Ֆրանսիացի Բեռնար Կազոնիի գլխավորությամբ 2004-ի հոկտեմբերի 13-ին Երեւանում կայացած մրցակիցների մրցավեճում չեխերը հաղթեցին 3-0 հաշվով:
Հաջորդ տարվա սեպտեմբերի 7-ին Չեխիայում կայացած խաղում ՀՀ հավաքականն արդեն հոլանդացի Հենկ Վիսմանի օրոք կրկին պարտվեց խոշոր հաշվով (1-4): Կհաջողվի՞ արդյոք մեր ֆուտբոլիստներին ռեւանշի հասնել ու առաջին հաղթանակը տոնել չեխերի նկատմամբ: Դա թեեւ դժվարին, սակայն իրագործելի խնդիր է: Մնում է միայն, որ մեր ֆուտբոլիստներն ինչպես հարկն է տրամադրվեն խաղին ու հաղթանակի վճռականությամբ մտնեն խաղադաշտ: