Համր կինոյի արտիստներից ամենանշանավորն ու ամենաստեղծագործականըՙ Չարլի Չապլինը, Միացյալ Նահանգներից Եվրոպա տեղափոխվեց 1950-ականներին. դա այն շրջանն էր, երբ ԱՄՆ-ում տարածված էր մակկարտիզմը, որին բնորոշ էին հակակոմունիստական տրամադրություններն ու ռեպրեսիաներն ամեն տեսակ այլախոհության դեմ, ինչը չշրջանցեց նաեւ Չապլինին: Շվեյցարական Վեվեյում, Ժնեւյան լճի մոտ գտնվող տանը նա ապրում էր կնոջՙ Ունա Օ՛Նեյլի հետ, որտեղ գտավ սեր, հանգիստ, աշխատանքի ավելի խաղաղ հնարավորություն: Այդ վայրն այժմ վերածվում է մեծ արվեստագետի տուն-թանգարանի:
Նրա մասին ամերիկյան կինոքննադատ Մարտին Սիֆֆը «Չապլին. կյանքը» գրքում գրում է. «Չապլինը մեծ մարդ չէր միայն, նա մի հսկա էր, որը հումորի, ծիծաղի եւ կոմիկական տաղանդի հզոր ուժով ներխուժեց աշխարհ` ինչպես տեսիլք, երբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամեն ինչ փլուզվում էր, նաեւ դրան հաջորդող 25 տարիներինՙ Մեծ դեպրեսիայի եւ գերմանական նացիզմի տիրապետության շրջանում նա շարունակեց ստեղծել ու ստեղծագործել: Հազիվ թե երբեւէ որեւէ մեկը կարողանա տալ այն ուրախությունը, հաճույքն ու թեթեւությունը ճիշտ այն պահին, երբ դրանց կարիքը ունի մարդկության մեծ մասը»: Բեռնարդ Շոուն Չապլինին համարել է կինոինդուստրիայից դուրս եկած միակ հանճարը:
Մեծ արտիստի, սցենարիստի, կոմպոզիտորի, ռեժիսորի տուն-թանգարանը ստեղծվում է կանաչապատ վայրում. այնտեղ կամբողջանա այն ամենը, ինչը առնչվում է նրա ստեղծագործական եւ անձնական կյանքին: «Մենք արխիվագետներ չենք, մենք թանգարանի գործի մարդիկ ենք, ասում է թանգարանի տնօրեն Ֆիլիպ Մեյլանը, մեզ անհրաժեշտ է օգնություն թանգարանային տեխնոլոգիական նորությունների եւ վերջին նվաճումների:
Մեծ արտիստ, մեծ ռեժիսոր լինելուց բացի, Չապլինը մեծ հումանիստ էր եւ ուներ ուշադրություն ու սեր նրանց հանդեպ, ում կյանքը չէր ժպտացել: Կարեկցանք. ահա այն, ինչ թողեց նա մեզ»:
Թանգարանի ստեղծման գործում իրենց նպաստն են բերում Չապլինի ժառանգները, մասնավորապես թոռնուհինՙ Լորա Չապլինը, հայտնի նկարչուհի, որը ստեղծագործական աշխատանքը համատեղում է կուրատորական խորհրդատվության հետ: «Հատկապես կյանքի մայրամուտին մտահոգ էր, որ իրեն կմոռանան, որ չեն հիշվի իր ֆիլմերը: Նա անդադար աշխատում էր, անգամ երբ չէր նկարահանվում եւ միակ ցանկությունն էր, որ իրեն հիշեն, դա նրա երազանքն էր»:
Զարմանալի չէ՞, որ համաշխարհային ճանաչում ու հռչակ, այդպիսի մեծ վաստակ ու հարուստ ստեղծագործական կյանք ունեցած արվեստագետը նման մտահոգություն է ունեցել: Եվ ժամանակը հաստատեց, այսինքնՙ իրականացրեց նրա երազանքը, – մեծերը չեն մոռացվում: «Չապլինի աշխարհ» տուն-թանգարանը Վեվեյում նախատեսված է բացել 2015 թվականին: