ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայաստանըՙ ցանկությունների, Եվրոպան` սպասման մեջ
Եվրոպական հանձնաժողովն ի գիտություն է ընդունում Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Այսպիսի հայտարարություն տարածվեց Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան` որպես Մոսկվայում Հայաստանի նախագահի համապատասխան հայտարարության արձագանք:
«Մենք ավելի լավ հասկանալու համար սպասում ենք Հայաստանից, թե որոնք են իր մտադրությունները, եւ թե ինչպես են նրանք ցանկանում ապահովել դրանց ու Ասոցիացման համաձայնագրով ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրով ստանձնած հանձնառությունների համատեղելիությունը», ասվում է հայտարարությամբ:
Եվրոպական հանձնաժողովը այդուհետեւ նշել է, որ երբ այդ խորհրդակցությունները ավարտվեն, ԵԽ-ը կներկայացնի իր եզրակացությունները հետագայի առնչութամբ:
Հայտարարությունը հիշեցնում է նաեւ, որ այս տարվա հուլիսին էր, երբ «երեքուկես տարուց հետո մենք ավարտեցինք Ասոցիացման համաձայնագրի (ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը) Հայաստանի հետ»: «Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտար ԵՄ աջակցությամբ առաջ տանել համակողմանի արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը` հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման վրա», ասվում է փաստաթղթում:
«Մենք եւս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Ասոցիացման համաձայնագիր/ԽՀԱԱԳ-ը բոլորի համար շահավետ բարեփոխումների հիմք են եւ ոչ թե զրո արդյունքով խաղ, եւ կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ», ասվում է հայտարարությամբ, ինչն էլ թեեւ տարընթերցման տեղիք է տալիս, սակայն նաեւ հիշեցնում է միչեւ օրս եվրոպական կողմից արված նախորդ հայտարարությունները:
Հիշեցնենք, որ մինչեւ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն էլ ԵՄ կողմից հնչում էին դիրքորոշումներ, թե Հայաստանը կարող է համագործակցել ում հետ ցանկանում է, սակայն անդամակցությունը այլ մաքսային միության համատեղելի չի լինի արդեն: Այսինքն` մեկնաբանությունները, որ երեկ առատորեն տարածում էին տարբեր լրատվամիջոցներ ու անգլերեն բնօրինակ տեքստին չնայողներ, թե եվրոպական կողմը համատեղելի է համարում Ասոցիացման համաձայնագրի ստորագրումն ու անդամակցությունը Մաքսային միությանը, բնավ էլ տեղին չեն:
Ավելին, Եվրոհանձնաժողովն ընդամենը հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունների կտրվածքով Արեւելյան գործընկերության երկրները կարող են ու ազատ են համագործակցել նաեւ ԱՊՀ երկրների հետ, սակայն այս նույն արտահայտությունը ոչ մի կերպ չի կարելի մեկնաբանել, թե ԵԽ հայտարարությամբ Հայաստանի գլուխը շոյել են, հետն էլ ասել` արեք, ինչ ուզում եք:
Ճիշտ հակառակը: Փաստացի, շեշտելով, որ ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցությունը համատեղելի է, հստակ հասկացվում է, որ անդամակցությունը Մաքսային միությանը համատեղելիների շարքում չէ: Ավելին, ըստ էության, այս մակարդակում եւ ներկա դրությամբ, ասելու կարիք էլ չկար:
Ինչ վերաբերում է մինչ այդ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի `«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արված հայտարարությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում, ապա դա դեռեւս հայկական տեսակետն է:
Իսկ այն, որ ըստ Վիգեն Սարգսյանի, Հայաստանի համար ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումները չափազանց կարեւոր են, ու մենք էլ «շատ շնորհակալ ենք եվրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին եւ նպատակ ունենք շարունակելու այդ ճանապարհը», եւս մեկ անգամ ընդամենը փորձ է հիշեցնում ստեղծված իրավիճակում բոլորին բավարարելու ուղղությամբ: Հայաստանի քաղաքական օրակարգում էլ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիրը նախաստորագրելու մասին հայտարարությունը արդեն զուտ իրավիճակային է այն պարզ պատճառով, որ Հայաստանի պատրաստակամությունը ոչ մի բան չի նշանակում:
Հայաստանը շատ բան է ցանկանում, փորձում է կոմպլեմենտար լինել, եւ/եւ դիվանագիտությամբ առաջնորդվել, ու թե որքանով այդ մոտեցումը ընդունելի կլինի, ԵՄ-ը հաստատ հասկանալ կտա, թեեւ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է առկա իրավիճակի հանգուցալուծում համարվելիք այն միակ տարբերակը, որ Հայաստանը շատ կցանկանար ունենալ:
«Իհարկե, հայտնի է այն կարծիքը եւ մոտեցումը, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ձեւավորելու համաձայնագրին: ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները», ցանկություն չէ, այլ իղձերի ու երազանքների հարթակից է այսպիսի ձեւակերպումը:
Վերջինս նաեւ նշել էր, թե դրա անհնարինության պարագայում Հայաստանը վերցնում է այդ համագործակցությունից այն ամենակարեւորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն էՙ քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, եւ համարում, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցիացման մասին համաձայնագրում:
«Ի տարբերություն կենդանական աշխարհի, որ հիմնված է ուժի վրա, մարդկայինը հիմնված է համաձայնության վրա», Նապոլեոն Բոնապարտի այս խոսքերը հույսի արտահայտություն են, որ այս ամենից Հայաստանի հետ մյուսների համաձայնությամբ դուրս կգանք: