Սեպտեմբերի 5-ին Նարեկացի արվեստի միությունը նշում է հիմնադրման 9-րդ տարեդարձը: Կոմիտասյան շնչով կողողվի այս տարի միջոցառումների ծրագրերի շարքը: Կոպոզիտորին, բանահավաքին, երաժշտագետին Կոմիտասի ստեղծագործությունները կհնչեն իր ձեռագրերի տառին ու ոգուն հնարավորինս հարազատ բնագրային ճշգրտությամբ` առանց մշակումների, նրա ժառանգությունը` թե կոմպոզիտորական, թե գիտական, կներկայացվի հնարավորինս համակողմանիորեն: Ի դեպ, միջոցառումների ընթացքում կներկայացվի նաեւ Կոմիտասի կյանքը` արխիվային լայնածավալ հավաքածուի ցուցադրմամբ:
Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի տարեդարձները նշել մեր մեծերի հետ. «Որքան մոտենում ենք մեր մեծերին, հասկանում ենք, թե ով ենք: Որքան մոտենում ենք Կոմիտասին, այնքան Աստծուն ենք մոտենում»:
Սեպտեբերի 5-ից 9-ը նախատեսված է անցկացնել փաստագրական ցուցահանդես, համերգաշար, ինչպես նաեւ դասախոսություններ Կոմիտասի մասին:
Ցուցահանդեսը հիմնված կլինի Կոմիտասի մասին պատմող փաստագրական նյութերի վրա. նամակներ, գծանկարներ, լուսանկարներ, խազագրեր եւ նոտագրեր Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հավաքածուից: Ցուցադրության մեծ մասը հանրությանը կներկայացվի առաջին անգամ: Դասախոսությունների ծրագիրը կազմված է այնպես, որ Կոմիտասի գործն ու ստեղծագործությունը ներկայացվի տարբեր տեսանկյուններից: Այսպես Կոմիտասի ստեղծագործության երաժշտական վերլուծությամբ հանդես կգա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Կոմիտասագետ, կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի դասախոսությունը Կոմիտասի ժառանգությունը քննության կառնի հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության առավել լայն պատմական շրջանում, իսկ երաժշտագետ Մհեր Նավոյանը կխոսի Կոմիտասի մասին մշակութային հարցերի եւ ինքնության խնդրի համատեքստում:
Համերգային ծրագիրը նույնպես մշակվել է զգուշությամբ եւ այնպես, որ Կոմիտասի ժառանգության հարուստ ներկապնակը հնչի հնարավորինս ամբողջական ժանրային տարողությամբ ներկայացնելով Կոմիտասի թե կոմպոզիտորական ստեղծագործությունները, թե մշակումները: Ու քանի որ համերգը կազմակերպված է Կոմիտասին ավելի խորը ըմբռնելու ցանկությամբ, բոլոր կատարումները կարվեն նրա բնագրերին հնարավորինս հարազատ մեկնաբանություններով:
Սեպտեմբերի 5-ի համերգին կհնչեն Կոմիտասի գեղջկական երգերը, մեներգերը եւ խմբերգերը Անուշ եւ Եվա Ստեփանյանների, Գոհար Մարտիրոսյանի, Վարուժան Մարգարյանի, Ավագ Մարգարյանի (բլուլ), Վաչե Շարաֆյանի (դաշնամուր) եւ «Վեմ« երգչախմբի կատարմամբ, սեպտեմբերի 8-ին կհնչեն հոգեւոր եւ ժողովրդական ստեղծագործությունները «Գեղարդ» երգեցիկ խմբի մեկնությամբ, իսկ սեպտեմբերի 9-ի հանդիսավոր փակման գալահամերգին Կոմիտասի մեներգերը, խմբերգերը եւ դաշնամուրային ստեղծագործությունները կկատարեն Մարգարիտ Շահինյանը, Աննա Մայիլյանը, Լուսինե Գրիգորյանը (դաշնամուր) եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ: Փակման համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարծում է, որ պետական մարմինները նույնպես հակված են աջակցելու, որ Կոմիտասի դերն ավելի մեծանա մեր կյանքում. «Բոլորս մտահոգություն ունենք Կոմիտասով ապրելու, եւ սա գալիս է մի քանի ժամանակավոր երեւույթներից, որոնք անցողիկ են: Դուք նկատի ունեցեք, որ մենք խոսում ենք մի հսկա մոնումենտալ հիմքի մասին, որն ինքնին հայ կոմպոզիտորական դպրոց հասկացություն է: Անհամատեղելի է Կոմիտասին համեմատել օրվա անցողիկ հաճույքների հետ: Կոմիտասի ստեղծագործություններն այսօր քարոզչության կարիք ունեն, սակայն, մյուս կողմից, ունենք նաեւ մի շարք նվիրյալներ, որոնք հենց այդ գործով էլ զբաղվում են»:
Մանսուրյանն ուրախությամբ նշում է նաեւ, որ Նարեկացի արվեստի միությունը ծանր ու լուրջ անունների շուրջ ստեղծում է տոնական մթնոլորտ, որը ողջունելի է. «Ուրախ եմ նշել, որ այս միությունը միշտ պատրաստակամ է օգնելու ստեղծագործող մարդկանց եւ այստեղ միշտ լուսավոր տրամադրություն է»:
Նարեկացի արվեստի միության գործունեությունը իրականացվում է անվճար հիմունքներով եւ ազատ է անցկացվող բոլոր միջոցառումների մուտքը: Միությունը միշտ կանգնած է ստեղծագործող մարդկանց կողքին եւ ուժերի ներածին չափով աջակցում է: