Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԼՐՏԵՍՄԱՆ ՀԱՄԱՐ

Պ. Ք.”

Բրազիլիայում եւ Մեքսիկայում ԱՄՆ-ի դեսպաններին ԱԳՆ են կանչել պարզաբանումներ ստանալու ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) լրտեսման փաստերի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Մեքսիկայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են «մանրակրկիտ կերպով քննել» այն տեղեկությունները, որ ԱԱԳ-ն ընտրարշավի ժամանակ հետեւել է երկրի գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նամակագրությանը: Քննության նպատակը պետք է լինի այն անձի բացահայտումը, ով պատասխանատու է լրտեսության համար: Մեքսիկայի իշխանությունները ընդգծել են, որ այդ տեղեկությունը ի սկզբանե չեն համարի ճշմարտացի, բայց միեւնույն ժամանակ կտրականապես դատապարտել են երկրի քաղաքացիների լրտեսումը եւ միջազգային նորմերի խախտումը:

Բրազիլիայի կառավարությունը իր հերթին անվերապահորեն դատապարտել է ամերիկյան իշխանությունների գործողությունները, դրանք անվանելով «անընդունելի միջամտություն» երկրի ներքին գործերին, եւ ԱՄՆ-ից անհապաղ բացատրություններ է պահանջել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի նամակագրությանը հետեւելու մեղադրանքների կապակցությամբ:

Էնրիկե Պենյա Նյետոյի եւ Դիլմա Ռուսեֆի լրտեսման վերաբերյալ ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնուոդենի տրամադրած տվյալները սեպտեմբերի 1-ին հրապարակել էր ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդը: Լրագրողը մասնավորապես բերել էր քաղվածքներ Նյետոյի նամակագրությունից: Բացի դրանից, ԶԼՄ-ները հաղորդել էին նրա հեռախոսազրույցների գաղտնալսման մասին: Ըստ որում, չի հաղորդվումՙ այժմ շարունակվո՞ւմ է արդյոք լրտեսումը:

Բրիտանական «Գարդիան» թերթի լրագրող Գլեն Գրինուոլդը, որն ապրում է Ռիո դե Ժանեյրոյում, Սնոուդենից ստացել էր բոլոր գաղտնի փաստաթղթերը: Բրիտանական թերթը այդ նյութերը հանձնել էր ամերիկյան «Նյու Յորք թայմսին», իսկ «Գարդիանի» խմբագրությունում եղած բոլոր տվյալները Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահանջով ոչնչացվել էին: