Փորձագետ. «Օբաման ընտրել է վատթարագույն տարբերակը»
Շաբաթ օրը նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարության համաձայնՙ ամերիկացիները Սիրիային կհարվածեն ամենաշուտը եկող շաբաթ: Մինչ այդ տարբեր երկրներ նախապատրաստվում են եւ հստակեցնում իրենց դիրքերը: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արաբական ծովից Կարմիր ծով է մտել ամերիկյան «Նիմից» ավիակիրը 5 այլ ռազմանավերի ուղեկցությամբ: Արդեն Միջերկրական ծովում են ամերիկյան 5 էսկադրային ականակիրներ եւ «Սան Անտոնիո» դեսանտային նավը: Պարսից ծոցի շրջանում պարեկություն է անում «Հարրի Թրումեն» ավիակիրը:
Բուն Սիրիայում նկատվում են զորքերի տեղաշարժեր. զորքի ու տեխնիկայի մի մասը վերաբաշխվում է քաղաքացիական բնակչության մերձակայքում, Դամասկոսից հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունըՙ վկայակոչելով մասնավորապես տեղաբնակներին:
Առաջիկա գործողությանը պատրաստվում են նաեւ Սիրիայի որոշ հարեւաններՙ ԱՄՆ-ի դաշնակիցներ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը կիրակի օրը հավաստիացրել է, որ իր երկիրը կպաշտպանի Սիրիայի հետ կապված «ամեն մի միջազգային նախաձեռնություն», նույնիսկՙ ՄԱԿ-ի ԱԽ որոշման բացակայության դեպքում:
Նույնպիսի դիրք է բռնել Ֆրանսիան: Ներքգործնախարար Մանյուել Վալսը հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողանա որոշում ընդունել, ապա հարկ կլինի կազմել հնարավորինս լայն կոալիցիա: «Քիմիական նյութերով Դամասկոսի բնակիչների զանգվածային սպանությունը չպետք է անպատիժ մնա», ասել է նա:
Սակայն երկրների մեծ մասը նախընտրում է գործել ըստ ՄԱԿ-ի մանդատի: Գլխավոր անակնկալը մատուցեց, ինչպես հաղորդել էինք, Մեծ Բրիտանիան, որի խորհրդարանը օրերս մերժեց Սիրիա ներխուժելու ծրագիրը: Սիրիայի դեմ կռվելուց հրաժարվում են նաեւ Իտալիան, Հունաստանը, Կանադան:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը հայտարարեց, որ իր երկիրը կարող է գործել միայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ Եվրոմիության մանդատի առկայության դեպքում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը ասել էր, որ տվյալ դեպքում ինքը չի տեսնում դաշինքի դերակատարության անհրաժեշտությունը, թեեւ չի կասկածում, որ հենց Սիրիայի վարչակարգն է քիմիական գրոհ ձեռնարկել:
Հորդանանն իր ցամաքային եւ օդային տարածքն ամերիկացիներին չի տրամադրի Սիրիային հարվածելու համար: Ավելի վաղ նույնպիսի որոշում ընդունել էր Ավստրիան:
Արաբական պետությունների լիգան Կահիրեում իր խորհրդի արտակարգ նիստում ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել: Լիգայի մամլո քարտուղար Նասիֆ Խաթթին պարզաբանել է, որ համաարաբական կազմակերպությունը «որեւէ մեկին իրավունք չի տվել հարված հասցնելու Սիրիային»: Նրա խոսքերով. «Սիրիայի ճգնաժամի նկատմամբ լիգայի դիրքորոշումը համընկնում է միջազգային իրավունքի հարգման շրջանակներին»:
Օբամայի կարծիքովՙ հարվածի արդյունավետությունը կախված չէ այն հասցնելու օրվանից կամ շաբաթվանից: Ֆրանսիայի եւ Թուրքիայի պաշտպանությունը կարող է բավական ուժեղացնել հակասիրական դաշինքը: Օբաման կազմել է Սիրիային «սահմանափակ» հարված հասցնելու նախագիծ եւ սպասում է Կոնգրեսի թույլտվությանը: Սենատորներն իրենց աշխատանքը վերսկսելու են սեպտեմբերի 9-ին: Կոնգրեսականների եւ սենատորների զգալի մասը դեմ է ռազմական գործողությանը: Այդուհանդերձ, ինչպես կարծում է «Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, Օբաման կարող է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Դրա հետ մեկտեղ, ռուս փորձագետը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ընդգծում է, որ ՄԱԿ-ի որոշման բացակայության պայմաններում Կոնգրեսի օգնությանը դիմելովՙ Օբաման «ընտրել է վատթարագույն տարբերակը եւ թողնում է անվստահ ղեկավարի տպավորություն»:
«Ежедневный журнал» ինտերնետային հրատարակության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլցը իր հերթին «Կոմերսանտ» թերթի էջերում կասկածներ է արտահայտում բուն գործողության հաջողության առնչությամբ: «Ռազմական տեսակետից դա դեպի անորոշություն տանող ճանապարհ է: Վատթարագույն բանը, որ կարելի է պատկերացնել, նախապես մասշտաբներով եւ ժամանակով սահմանափակված ռազմական գործողությունն է», նշում է վերլուծաբանը: