Երեկ Նալբանդյան փողոցում գտնվող ոստիկանության շենքի մոտ սկսված եւ դատախազության շենքի մոտ ավարտված բողոքի գործողությունն ուղղված էր Կոմիտաս-5 հասցեում շինարարությունից բողոքող բնակիչների եւ քաղաքացիական ակտիվիստների հանդեպ ոստիկանության կիրառած բռնությունների դեմ: Բողոքին եւ երթին մասնակցող անկեղծ եւ երկրով մտահոգ երիտասարդ մարդկանց հետ կարելի էր հանդիպել նաեւ տարբեր դրամաշնորհներով սնվող ՀԿ-ների ներկայացուցիչների, ու մի շարք, այսպես ասենք, «կողմ» ներկայացնող մարդկանց, անգամ դեսպանատներից մեկի աշխատակցի: Ինչը կասկածի տակ է դնում ընդհանրապես վերջին շրջանում այս տեսակ բողոքի գործողությունների ինքնաբուխ լինելը գոնե կազմակերպական առումով, ու որոնց, չգիտես ինչու, միացող սովորական քաղաքացիների չհանդիպեցինք:
Նույն միջուկն է, որոնք նստած են քաղաքապետարանի դիմաց կամ ավելի վաղ տարբեր բողոքի գործողությունների են մասնակցում: Առավել հետաքրքրական էր հետեւել բողոքի գործողության վերաբերյալ մեր լրատվամիջոցների լուսաբանումներին, որոնցում ուշադիր քննողը նույնպես իր համար բացահայտումներ կանի:
Սովորաբար որեւէ կողմի շահ ներկայացնող մեր լրատվամիջոցները բողոքի գործողությունը ներկայացրել էին ըստ իրենց ուղղվածության (մոռացեք` Հայաստանում ԶԼՄ չի նշանակում լուր տվող): Կայքերից մեկը, որն առաջինը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի սեւանյան լուսանկարները, այնպես է ներկայացնում իրավիճակը, կարծես աշխարհի վերջի սկիզբն է դրվում այդ բողոքի գործողությամբ: Մինչդեռ նորմալ, բնական, սովորական, ամենասովորական բողոքի գործողություն է , որ ուզած եվրոպական երկրի մայրաքաղաքում կարելի է հանդիպել ամեն օր: Մեկ ուրիշը հատկապես փոխանցել է նախորդ օրը ոստիկանության կողմից բռնության ենթարկված Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի այն խոսքը, թե ոստիկանական այս օպերացիաները, որ իրականացվում են քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց, հասարակության դեմ, լավագույն նվերն են այն ուժերին, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը նոյեմբերին նախաստորագրի Եվրոպայի հետ Ասոցիացման համաձայնագիրը: Ոչ ավել, ոչ պակաս: Իսկ մարդիկ կան, որ հակառակը, կարծում են, թե այս բողոքի գործողություններն ու դրանց կազմակերպիչներն են ուղղորդվում որոշակի նպատակներով:
Որ Հայաստանի ոստիկանությունը ինքնամաքրման կարիք ունի, ինչպես, ի դեպ, ուրիշ շատ ոլորտներ, ոչ ոք չի վիճում: Որովհետեւ եթե ոստիկանը չգիտե իր հստակ, որոշակի կարգապահական կանոնադրության մեջ տեղավորվող գործելակերպի սահմանը եւ ակտիվիստների հետ վարվում է իր ընտանեկան դաստիարակության եւ մարդկային կրքերի թելադրանքին համապատասխան, ձեռքերին ազատություն է տալիս հավելյալ անգամ, քան դա պետք է, կամ որ ավելի վատ է` սադրում է, սա արդե ցույց է տալիս մեր ոստիկանության ներկայացուցիչների հոգեվիճակը եւ պատրաստվածության մակարդակը: Ու, այո, Վովա Գասպարյանի երազած բարեփոխված ոստիկանը չի կարող հրամանագրերով, գրչի մի հարվածով գոյություն ունենալ, այդպիսի ոստիկան ունենալու համար տարիներ պետք է հետեւողական ջանքեր թափել, ու հասարակությունը պետք է պատրաստ լինի իր միջից ոստիկանություն ուղարկել օրենքի գերադասությունը կենսակերպ ընդունելու պատրաստ մարդկանց, ոչ թե ամեն մեկին: Հիմա այս նկարագրի մեջ, որը պարզապես մեր հասարակությունում առկա բարքերի արդյունք է, այլ ենթատեքստ փնտրել, խոր իմաստ դնել առանց այդ էլ դժվար կառավարվող ոստիկանության գործողություններում` չգիտենք…
Հատկապես Կոմիտասի 5 հասցեում քաղաքացիական բողոքի ակտիվիստ աղջիկների նկատմամբ (Շողեր Մելքումյան, Տաթեւիկ Մայիլյան)) թեթեւ-էրոտիկ ոստիկանական սկանդալը, երբ ոստիկանը, փորձելով նստեցնել ոստիկանական մեքենա, համբուրել է ակտիվիստի պարանոցը), Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի սեռակական հայհոյանքի համեմունքով, կարող է գլուխներ արժենալ` անկախ բողոքի ցույցերի նպատակներից եւ միայն ոստիկանության` ոչ ադեկվատ պահվածքին հղում անելով: Արդեն իսկ ոստիկանական տեսուչի լիազորություններ են դադարեցվել:
Սակայն եթե բողոքի գործողության մասնակիցն է հատկապես շեշտում, թե իրենք մոտ չեն թողնելու քաղաքական ուժերին, քանի որ նրանք վարկաբեկված են, այստեղ ծագում է դեպի հեռուն նայող նպատակի խնդիրը: Եթե օլիգարխիկ համակարգին կցված քաղաքական դաշտը շրջանցելը նկատի ունի ակտիվիստը, լավ, այս բացատրությամբ միգուցե դիրքորոշումն ընդունելի է, բայց միայն առաջին հայացքից: Երիտասարդ ակտիվիստներին թվում է, որ ջնջելով մյուսներին` իրենք կկայանան եւ անկախ փորձի պակասից` չեն գործի քաղաքական կուսակցությունների սխալները (տասնյակ տարիներով մեր երկրի ներքին զարգացումները դիտած մարդու համար, սակայն, սա ծանոթ պատկեր է` հատկապես այդ տիպի հայտարարություններին հետեւող իրավիճակների առումով. վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ակտիվիստ Տիգրան Խզմալյանը ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել, թե ակտիվիստն ի՞նչ հատկանիշներով է տարբեր կուսակցականից` ինչո՞վ են իրենք լավ, ինչպես հարցն էր ձեւակերպված, եւ միայն ապրիորի ասում էր, թե իրենք այլ կերպ կվարվեն): Միգուցե հենց կուսակցություններին գործընթացներից վերջնականապես օտարելու վերջին շտրի՞խն է իրականացվում նաեւ` հասարակությանը զբաղեցնելուն եւ շեղելուն զուգահեռ, որ հետո ոչ մեկը դեր չունենա, եւ ոչ մեկի խոսքն արժեք չունենա, երբ հարկ լինի կարեւոր որոշում կայացնելիս տեսակետ հնչեցնել (չնայած` կուսակցություններն իրենք են մեղավոր իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքի համար):
Իմիջիայլոց` կան նաեւ լրատվամիջոցներ եւ քաղաքական գործիչներ, որոնք հասկանում են կատարվողը եւ մատնացույց անում հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու միտումը` հեռահար, հաջորդ ընտրություններն ու իշխանության ժառանգորդների առանձնացումն արդեն որպես նպապատակակետը ցուցանելով: Հիմիկվանից: Հիշո՞ւմ եք երիտասարդ մի կուսակցականի, որը մարազմատիկ մի միտք էր կրկնում, թե ընտրությունների հաջորդ օրվանից իրենց համար սկսվում է ընտրաշավը հաջորդ ընտրությունների համար, եւ ոչ թե երկիրը երկիր սարքելու շրջան:
Սակայն եթե այս մտայնությունը ուղղորդվում է մեզ հայտնի ուղղությունից, ընդ որում` բողոքի գործողություններին մասնակից ազնիվ երիտասարդությունը սա կարող է գլխի չընկնել, այ, այստեղ մտածելու բան կա, քանի որ իր կյանքից դժգոհ հասարակության առկայությամբ` անհասկանալի է, թե ո՞ւմ դուդուկի տակ են փորձում պարեցնել մեզ եւ ի՞նչ նպատակով: Մյուս տարբերակն այն է, որ ոչ մեկի դուդուկ էլ չկա, այլ` իշխանությանն է հենց պետք զբաղեցնել հասարակությանը քաղաքացիականների միջոցով եւ նրանց մեծ մասի համար աննկատելի, ինչպես, ի դեպ, նախընտրական եւ հետընտրական բազմաթիվ ստեղծածին իրավիճակներում էր կատարվում, ու մոտիկից դիտելիս` իրադարձության իրական կազմակերպիչների ականջները կարելի էր տեսնել: Հիմա, երբ աշնանը հաղթահարելիք բաներ կան, երբ Հայաստանը երկու-երեք կարեւոր որոշում պետք է կայացնի, ենթադրվում է, որ բողոքի բազմաթիվ նոր օջախներ կստեղծվեն` հանդիսատեսին զբաղեցնելու համար: Իհարկե, դրական է, որ այս ընթացքում ստեղծվում է գրանտակերների ազդեցությունից եւ զանազան ուղղորդումներից դուրս երիտասարդ քաղաքացիականների խումբ նաեւ, հասարակությունը կշահի այս առումով, իսկ այդ մարդիկ կդառնան ապագայում իշխանության ու նոր պաշտոնյաների նշանակման կադրային ռեսուրսը. որպես օրինակ հիշեցնենք Հրայր Թովմասյանին, որը ժամանակին որպես քաղաքացիական հասարկության ներկայացուցիչ էր պայքարում մարդու իրավունքների եւ իրավական պետության համար:
Եկող տարի մարդկանց կզբաղեցնեն նաեւ սահմանադրության փոփոխություններով (խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ) եւ դրանց շուրջը լայն քննարկումներով, իսկ առայժմ կուտակված գոլորշին բաց թողնելու պայքարն ընթանում է օջախային եղանակով, ակտիվ մարդկանց ռեսուրսը զբաղեցնում են այս կամ այն քաղաքաշինական կամ էկոլոգիական մանրիկ խնդիրների համար պայքարում: Ոչ ոք հարց չի տալիս` այդ հասարակականները ինչու չեն բողոքում նոր կայացվելիք անարդար հողահատկացումների դեմ, որոնք հենց հընթացս կարելի է ուղղել, այլ արդեն կատարված փաստի առթիվ է դիմակայություն սկսում` ոստիկանության հետ բախման մեջ մտնելու հեռանկարով: Այն էլ այն դեպքում, երբ, ասենք, պայքարում են ոչ ներկա օլիգարխների, հիմնական կլանների ապօրինությունների, այլ պատահական, հիմնական կլաններից դուրս եղող կառուցապատողի դեմ: