ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ, Նիւ Եորք
Մկրեան հաստատութիւնը երկար տարիներ զբաղուել է ձեռքով գործուած գորգերի առեւտրով: Առաջին գորգի խանութը Մկրյանները բացել են 1976 թ. Նիւ Եորքի յայտնի 5-րդ պողոտայի (Fifth Avenue) վրայ, որտեղ մաքրել ու նորոգել են թանկարժէք գորգեր: Մի քանի տարի անց շնորհիւ իրենց ժրաջան ու ճարտար գործավարութեան, յաջողութիւն են ունենում բացել մի ուրիշ խանութ Բրուքլինի (Brooklyn, NY) մէջ, որի վերահսկիչ տնօրէնն է այժմ Թորոս Մկրեանը, ուր ոչ միայն մաքրւում, նորոգւում ու պահպանւում են գորգերը, այլեւ յարմարութիւն է ստեղծւում ճիշտ ձեւով լուանալ ու չորացնել նուրբ եւ հնամենի գորգերը: Իսկ Հինգերորդ պողոտայի խանութը մնում ու ծառայում է մի միայն որպէս զանազան հայկական շքեղ գորգերի ցուցադրութեան սրահ ու ցուցափեղկ:
Նիւեորքաբնակ Մկրեան եղբայրները կարճ միջոցում կատարելապէս տիրապետել են իրենց գործին, փորձառութիւն են ձեռք բերել գորգի հենուածքի, թելերի յատուկ կապերի, բրդի տեսակների ու բնական գոյների մասին, եւ մտածում են նաեւ մի քայլ եւս առաջ գնալ ու ընդարձակել իրենց գործըՙ սկսել գորգագործութեան ծանր աշխատանքը:
Նախ, ըստ ժամանակի պահանջի եւ հաճախորդների ցանկութեան, փոխում են գորգերի գծագրութիւնն ու զարդանկարները, որի գծագրութեան ու ծաղկազարդերի մէջ մեծ դեր է ունենում նկարչութեան ձիրքով օժտուած Յարութ եղբայրը, որը 2008 թ. փետրուար 9-ին մեծարուեց «Հայ Գորգ ընկերութեան» կողմից:
Մի խօսքով, Մկրեանները ամէն մի տեսակի զարդարանք յարմարեցնում են հաճախորդների ճաշակին: Գոհացում են տալիս նրանց ցանկութեան, ստեղծում նորաձեւ եւ հին հայկական զարդարանքներովՙ «Մկրեան յատուկ» հայկական շքեղ կերպարուեստի գծագրութիւններով բարձրորակ գորգերի արտադրութիւն: Եվ ահա այսօր Մկրեանները շարունակում են գործադրել իրենց անգերազանցելի եւ ընտիր աշխատանքը, ստեղծելով իր տեսակի մէջ ամենալաւ հայկական-հնամեայ գծագրութեան, պատկերների, ժամանակակից ու զանազան բնագաւառների ոճի, հայկական գորգերի արտադրութիւնը որն արտացոլւում է որպէս յատուկ «Megerian Rugs» (Մկրեան գորգ) անունով:
Ըստ միջնադարեան աղբիւրների, Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր բարձրարժէք գորգերով, նոյնիսկ Հայաստանում պեղումների ժամանակ մեր թուարկութիւնից առաջ IV-III հազարամեակներում գտել են գորգագործութեան գործիքներ: Նաեւ վկայութիւններ կան, որ դեռեւս VIII-րդ դ., երբ Մարքօ Փոլօն անցել է Հայկական Կիլիկիայով եւ յիշատակում է, որ Սեբաստիա, Գոնիա,Կեսարիա քաղաքներում հայերը եւ յոյները գործում էին աշխարհի ամենալաւ գորգերը: Ղ. Ալիշանը յայտնաբերել է, որ XV-XVI դ.դ. Եւրոպական նկարիչների կտաւներում հանդիպում են հայկական գորգերի նկարների, որ հայերէնում «Կարպետ» բառը գործ է ածւում որպէս հանգուցաւոր գորգի հոմանիշ, մտել է Եւրոպայի ժողովուրդների բառապաշարի մէջ: Հայկական գորգերը բնորոշուել են նաեւ տոհմի ու վայրի եւ այլ նշաններով ու զարդարանքով, որն այսօր հայ պատմութեան էջերում մեծ արժէք են ներկայացնում: Մեր նախնիները գորգի միջոցով նամակներ են գրել ու պատմական արժէքներ թաքցրել գորգի գործուած ծալքերում: Մինչեւ օրս էլ գորգը համարւում է կարեւոր առտնին անհրաժեշտութիւններից մէկը, ներկայացնում է վերելք, շուք, փառք ու հարստութիւն:
Պրն. Յովհաննէս եւ տիկին Նոյեմի Մկրեանների ծնողները ցեղասպանութիւնից վերապրող ընտանիքների զաւակներն են: Նրանք ծնուել են Արեւմտահայաստանում, ապրել են Լիբանանում եւ Հալէպում: 1946 թ. հազարաւոր հայերի հետ ներգաղթել են Հայաստան, ծանօթացել են միմեանց Հայաստանում ու ամուսնացել 1950-ուին: Նրանց սիրոյ հարկի տակ ծնուել են երեք տղայ եւ մէկ աղջիկՙ Յարութը, Րաֆֆին, Թորոսը եւ Երանը: 28 տարի Հայաստանում ապրելուց յետոյ, 1974 թ. հաստատւում են Ամերիկա, Նիւ Եորք: Բայց նրանք երբեք չեն մոռանում իրենց հայրենի երկիրն ու իրենց արմատները:
Մկրեան երեք եղբայրները հասնում են իրենց երազների իրականացման, երբ 2000 թուականին Հայաստանում հիմնադրում են «ՄԿՐԵԱՆ ՌԱԳՍ» (Մկրեան գորգ)ի հաստատութունը արտադրելով մասնաւորապէս իր տեսակի մէջ յատուկ Մահալ, (Հնամենի-պարսկական նկարներով), Ղարաբաղ (Ծաղկազարդ Եւրոպական) եւ Լոտոս (Իտալացի յայտնի նկարիչ Լորենզօ Լոթոյին պատկանող նկարների ոճի) գորգեր:
Սովետական Հայաստանում գործուած գորգերը «Հայ գորգ» անունն էին կրում, բայց այդ հասարակարգի փլուզումից յետոյ, վերջին տարիներում, այդ բոլորը միանգամից քայքայուեց ու անհետացաւ: Այսօր «Մկրեան» հաստատութիւնը կոչւում է «ՄԿՐԵԱՆ ՌԱԳՍ» առաւել գործունեայ, առաւել կայտառ ու զօրաւոր:
Նիւ Եորքում բնակւող Մկրեան ընտանիքի շնորհիւ Հայաստանում հայկական գորգագործութիւնը նոր ոյժ ու նոր թափ է ստանում: Այսօր Հայաստանի տարածքում 22 «Մկրեան Ռագս» գործարաններ են աշխատում, մատակարարում ու նպաստում հազարաւոր հայ գործաւորների ընտանիքներին: Նրանք գորգի գործարաններ ունեն նաեւ Չինաստանում, Փաքիստանում, Եգիպտոսում, Ռումինիայում եւ Թայլանդում:
Բացի Նիւ Եորք քաղաքի յայտնի 5-րդ պողոտայի գորգի խանութից, նրանք ցուցադրութեան խանութներ ունեն Իտալիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Մկրեանների գորգագործութիւնը յատկապէս ճանաչւում է ծաղկագորգերի վերարտադրման որակեալ ու գերազանց որակի մէջ: Նրանք ժրաջան աշխատութեամբ կարողացել են յաջողեցնել արտադրել բնական ներկ օգտագործելով դաշտի գունագեղ ծաղիկները, որոշ բուսական արմատներ, սոխի, ընկոյզի, նռան եւ նման բնական ներկեր: Մեծ աշխատանք է տարուել նաեւ բրդի տեսակների ընտրութեան, մետաքսի եւ այլ թելերի մշակման, որակի փափկութեան եւ փայլի նկատմամբ, որն արուել է այնպէս, ինչպէս դարեր առաջ: Անշուշտ, բնական ներկերով ներկուած գորգի թելերի գոյնը տարիների ընթացքում ոչ միայն չի փոխւում, այլեւ գնալով աւելի է փայլ ստանում: Մկրեան գորգերը զարդարում են Ամերիկայի Սպիտակ տունը եւ մի շարք ականաւոր դերասանների ու մեծահարուստների բնակարանները, նաեւ Վատիկանը եւ Եւրոպայի այլ քաղաքների հիւրանոցները:
Մկրեան գորգերի նմոյշները բազմազան են, ընդհանրապէս նրանք միմեանցից տարբերւում են հայրենի երկրի, տեղի, թագաւորութեան, տոհմի եւ արդի-այժմէական տեսակներով, որոնք ճանաչւում են իրենց գունային հարուստ երանգների ու զուգադրութեան-խառնուրդի ներդաշնակութեամբ. գեղազարդման մանրամասների ինքնատիպութեամբ, հումքի լաւագոյն յատկութիւններով ու գործուածքի բարձր որակով: Մկրեանները մի շատ գեղեցիկ եւ ընդարձակ ցուցափեղկ ու գործատեղի ունեն Երեւանի 3-րդ մասումՙ Քիմիագործների 9 փողոցում: Այնտեղ են ցուցադրւում շատ գեղեցիկ գորգերի տեսակներ, ամէն այցելու ազատ է քննելու, զննելու ու վայելելու հայի ձեռքով գործուած հայկական ընտիր գորգերը: «Մկրեան Ռագս» գործարանը Հայաստանում պահպանում է հայկական գորգ գործելու սովորութիւնը եւ ապահովում է հազարաւոր ընտանիքների կենսագործունէութիւնը, զարկ է տալիս եւ նեցուկ հանդիսանում Հայաստանի ներքին տնտեսութեան ու մշակոյթի զարգացմանը:
2007 թ. դեկտեմբեր 13-ին «Մկրեան գորգի» նախագահ Րաֆֆի Մկրեանը պարգեւատրւում է ոսկէ մեդալով Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսեանի կողմից որպէս պահապան հայկական դասական-աւանդական տոհմական-գորգերի եւ խթանող Հայաստանի արդիւնաբերութեան զարգացման: Հայաստանի պետութիւնը գործակցում է Մկրեանների հետ հայկական գորգագործութեան պահպանման առումով, անուանելով այն հայկական պատմական արժեք եւ առաջնահերթութիւն: Շուտով Երեւանում հիմնադրուելու է «Մկրեան հայկական գորգերի թանգարան»-ը: Յոյսով ենք, որ այդպիսով, կամրապնդուի ու կը պահպանուի հայկական հնամենի աւանդութիւնը եւ հայկական գորգ գործելու ասպարէզում:
Այս վերջին տարիներին Մկրեան եղբայրները Հայաստանի մէջ նաեւ հիմնադրել են մի ուրիշ գործարան, ուր արտադրում են բնակարանների համար յատուկ նախապատրաստուած որմնաշինութեան եւ շինարարութեան այլ նիւթերՙ նորաձեւ բնակարանների համար ապահովելով ջերմութիւն ու ապահովութիւն: Գործարանի անունն է «ՄԿՐԵԱՆ ՇԻՆ», վերահսկիչ-նախագահն է Յարութ եղբայրը: Հայաստանի մէջ, Մկրեանները յատուկ ուշադրութիւն են դարձնում իրենց աշխատակիցների առողջապահութեան, աշխատանքի պայմանների եւ համայնքային գործի եւ միջավայրի պահպանումի նկատմամբ: Նրանց գործարանների միջավայրը համապատասխանում է ամերիկեան չափանիշներինՙ առողջ եւ ապահով գործատեղի: Մկրեան հաստատութիւնը կրթաթոշակով ապահովում է իր գործաւորների զաւակներին ու կատարում ամսական յաւեալ վճարում նրանց առողջապահական պահանջների համար: Մկրեանները իրենց ազգասէր ու ազգանուէր գործունէութեամբ օժանդակում ու աշխատակցում են մի շարք մարդասիրական կազմակերպութիւնների հետ:
Նորանոր վերելք ու յաջողութիւններ ենք ցանկանում «Մկրեան գորգ» հաստատութեան: