Սիրիացի անչափահաս փախստականների թիվն արդեն 1 միլիոնից ավելի է, հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունըՙ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների գործերի վարչությանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ին:
Պատերազմի պատճառով երկիրը լքած սիրիացիների կեսը կազմում են երեխաները, նրանցից 740 հազարը 11 տարեկան էլ չկան:
Փորձագետների տվյալներովՙ բուն Սիրիայում առնվազն երկու միլիոն երեխաներ իրենց ծնողների հետ ստիպված լքել են իրենց տները: Բացի դրանիցՙ ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 7 հազար անչափահաս է սպանվել:
Գաղթակայաններում երեխաները չեն կարողանում ստանալ կանոնավոր կրթություն, բուժսպասարկում եւ սնունդ: Անչափահասներից շատերը ավար են դառնում որբ եւ կորած երեխաներ որոնող մարդավաճառների համար:
Պատերազմական գործողությունների գոտիներից փախած սիրիացիների մեծ մասը ապաստանել է Թուրքիայում, Իրաքում, Հորդանանում եւ Լիբանանում, մի մասն էլ փախել է ուրիշ երկրներում ապրող ազգականների եւ ծանոթների մոտ: