Վ. Ա.
Այս մասին երեկ «Թուրան» գործակալությանն ասել է 2005թ. հոկտեմբերին «պետական հեղաշրջում կազմակերպելու» կասկածանքով ձերբակալված, բայց հետագայում «տնտեսական հանցագործությունների համար» 11 տարվա ազատազրկման դատապարտված` Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի փաստաբանը:
Բանն այն է, որ Ինսանովը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Վերջինս սույն թվականի մարտի 14-ին բավարարել է նախկին նախարարի հայցը եւ հաստատել, որ նա զրկվել է արդարացի դատավարության իրավունքից, անազատության մեջ գտնվելու ժամանակ ենթարկվել կտտանքների: ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է 10 000 եվրո վճարել Ինսանովին` որպես կրած վնասների փոխհատուցում: 2007թ. ապրիլին ադրբեջանական դատարանի վճռով Ալի Ինսանովի անձնական գույքը բռնագրավվել է:
Ինսանովի փաստաբան Թողրուլ Բաբաեւը «Թուրան» գործակալությանն ասել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը վերջնական ուժի մեջ է մտել անցած հուլիսի 14-ին: «Օրենքով ՄԻԵԴ-ի որոշումը պետք է իրականացվի Գերագույն դատարան մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, Գերագույն դատարանի նախագահը պետք է գործը հանձնարարի դատավորներից մեկին եւ ներկայացնի ԳԴ պլենումին», ադրբեջանական օրենսդրության կարգն այսպես է բացատրել փաստաբանը եւ ավելացրել, որ «Ալի Ինսանովոնին առայժմ գործը Գերագույն դատարանի պլենումին ներկայացնելու մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել, չնայած որ ՄԻԵԴ-ի որոշումը Գերագույն դատարանին է տրվել հուլիսի 10-ին»:
Փաստաբանի խոսքերով, «Ալի Ինսանովը համարում է, որ Գերագույն դատարանի անգործությունը պատվիրված քաղաքականության շարունակությունն է, որ իր հանդեպ տարվում է ահա արդեն 9 տարի, ամեն ինչ արվում է, որպեսզի երկարաձգվի նրա անազատության մեջ գտնվելը»: Նախկին նախարարը Գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւին կոչ է արել չձգձգել ՄԻԵԴ-ի որոշման կատարումը: Հակառակ դեպքում նա սպառնացել է Ռզաեւի դեմ դատական հայց հարուցել եւ դիմել ԵԽ Նախարարների կոմիտեին:
Իր հերթին Ադրբեջանի Գերագույն դատարանի քարտուղարությունը «Թուրան» գործակալությանը տեղեկացրել է, որ Ալի Ինսանովի գործով «ՄԻԵԴ-ի որոշում չի ստացվել»: Ինչպե՞ս կարող է հայցվորն ստանալ ՄԻԵԴ-ի որոշումը, իսկ Գերագույն դատարանը` ոչ, սա երեւի ադրբեջանական փոստային ծառայությունների «նոու-հաու»-ն է: Բայց իրականում խնդիրն ավելի խորքային է:
Հեյդար Ալիեւի կառավարությունում Ալի Ինսանովը չափազանց հեղինակավոր նախարար է եղել, վայելել «համազգային առաջնորդի» վստահությունը: Ոչ պաշտոնապես Ինսանովը համարվել է Ադրբեջանում ծագումով հայաստանցիների պարագլուխը, որ տարիներ շարունակ նրանց համախմբել է իշխող ընտանիքի շուրջը: Թե ինչո՞ւ են նրա հարաբերությունները հետագայում Իլհամ Ալիեւի հետ սրվել` մնում է գաղտնիք: Որոշ ակնարկների համաձայն, դրանում մեծ է Ջալալ Ալիեւի` Ադրբեջանի նախագահի հորեղբոր դերակատարությունը, որն իբր «նպատակ ուներ դառնալ նախագահ»:
Բանտում Ալի Ինսանովը բազմիցս ենթարկվել է բռնությունների: Իշխանական լրատվամիջոցներն անցյալ տարի նույնիսկ գրել էին, որ նրա «առողջական վիճակը կտրուկ վատթարացել է»: Չի բացառված, որ նրան շարքից հանելու ինչ-որ ծրագիր եղել է, եւ Ինսանովը փրկվել է միայն շնորհիվ այն բանի, որ նրանով զբաղվել է ՄԻԵԴ-ը: Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ նախկին նախարարը «պատրաստվում է Իլհամ Ալիեւի անունով ներման խնդրագիր ներկայացնել», սակայն Ինսանովի փաստաբանը հերքել էր իր պաշտպանյալի այդ «մտադրությունը»:
Ադրբեջանի դատական իշխանությունները, թերեւս, ՄԻԵԴ-ի որոշման կատարումը ձգձգում են` հույս պահելով, որ Ինսանովն այնուամենայնիվ «կկոտրվի եւ ներում կհայցի»: Այդ դեպքում Իլհամ Ալիեւը կկարողանա «փրկել» դեմքը, իսկ նախկին նախարարը, գտնվելով ազատության մեջ, այլեւս վտանգավոր չի լինի: Ինչպես կարելի է ենթադրել վերոհիշյալ տեղեկատվությունից, Ալի Ինսանովը պատրաստվում է մինչեւ վերջ սկզբունքային մնալ եւ հասնել արդարության վերականգնմանը: