Ինչպես արդեն ավանդույթ է դարձել, սեպտեմբերին կմեկնարկի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ հանդիսավոր բացմանը կներկայանա ջութակահար Իզաբել Ֆաուստը (Գերմանիա):
Բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11, ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում կհնչեն` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Ջութակի կոնցերտներ թիվ 1 եւ 4, Արամ Խաչատրյան Սիմֆոնիա թիվ 2:
Նշենք, որ Իզաբել Ֆաուստը ջութակի դասերի է գնացել սկսած 5 տարեկանից եւ վերապատրաստվել է Քրիստոֆ Պոպենի (Christoph Poppen) եւ Դենիս Զիգմոնդի (Denes Zsigmondy) մոտ: Շուրջ 9 տարի ապրել է Ֆրանսիայում, որտեղ եւ գտել է իր ապագա ամուսնուն: 2004 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում Բեռլինի արվեստի համալսարանում: Որպես մենակատար հանդես է եկել մի շարք մեծ նվագախմբերի հետ:
Իզաբել Ֆաուստը Leopold Mozart International Violin, Premio Quadrivio, Paganini մրցույթներում արժանացել է առաջին մրցանակային տեղին, իսկ Gramophone մրցույթում` «Տարվա երիտասարդ արտիստի» կոչմանը իր առաջին CD-ի համար:
Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում կհնչեն Շոստակովիչի Դաշնամուրային 2-րդ տրիոն եւ Շումանի Դաշնամուրային կվարտետը: Համերգային երեկոյի ընթացքում Մատան Պորատին կմիանան ջութակահարներ Անուշ Նիկողոսյանն ու Բորիս Բրովցինը, ինչպես նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Մատան Պորատը ծնվել է Իսրայելում, ելույթ է ունեցել Նյու Յորքի Քարնեգի հոլում, Փարիզի Լուվրի դահլիճում, Լոնդոնի Վիգմոր հոլում եւ այլ համերգասրահներում:
Պորատը 2013-2014 համերգաշրջանում ելույթ կունենա Բեռլինում, Փարիզում եւ Ճապոնիայում: