Ըստ Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի երեկ տարածած տեղեկության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն քանդում է Գյումրի-Երեւան ուղեգծի Արտենի կայարանի երկաթուղային երկու գծերից մեկը, որն, ի դեպ, նորոգվել էր մեկ տարի առաջ, եւ փակում է կայարանը: Ստացված ահազանգի համաձայն, գծի քանդումը սկսվել է երեկ առավոտից, իսկ կայարանապետն այդ մասին նախապես տեղեկացվել է ընդամենը նախորդ երեկոյան:
Հայտնվում է, թե կայարանապետն այս մասին իրազեկել է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանն ու պետական իշխանությանը, նաեւ զանգահարել է տրանսպորտի ու կապի նախարարություն: Արտենիի բնակիչները հավաքվել են կայարանում, իրենց դժգոհությունն արտահայտել…
Որքանով մեզ է հայտնի, նման դեպքերն այլեւս ոչ միայն եզակի չեն, այլ նաեւ այսօր կառավարող ընկերությունում որոշված եւ իրագործվող քաղաքականություն են: Թվում է` խնդիրը միայն այն չէ, թե, դիցուք, Արտենի կայարանի գործունեությունը դադարեցնելով` եւս հինգ մարդ դառնում են գործազուրկ, այլ այն, թե մինչեւ որտեղ եւ ինչու կարող է ժամանակավոր կոնցեսիոն կառավարողն այսպես ազատորեն տնօրինել մեր ունեցվածքը: