ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Նոբելյան մրցանակակիր Մ. Յունուսը բիզնեսում առանձնացնում է երկու գործառույթՙ փող աշխատել եւ խնդիրներ լուծել
Հայաստանյան առօրյայում կարծես ամեն ինչ է իրար խառնվել: Մեկ տեսար բարձրագույն պաշտոնյան է հավատավոր ընդդիմադիրի խոսքեր հնչեցնում, ապա իրեն իշխանության մոլի հակառակորդ համարող կուսակցականն է պետականամետությունը թիկնոց դարձնում, հանրային գործիչն է պաշտոնազանցությունը որպես ազգային առանձնահատկություն ներկայացնում, ոմանք էլ երկիրը զանգվածաբար լքելն են բնական վիճակ գնահատում: Ընտրակաշառք տվողն ու կազմակերպողը բարյացակամ մեկն է հռչակվում, վերցնողն ու իր ուզածով քվեարկողն էլ հանրային վիճակի յուրօրինակ արտացոլումն է համարվում: Ոչինչ, որ երբ նրա քվեն ստացած կուսակցությունը ընտրաարդյունքներից անհամաձայնություն հայտնելով հավաք է հայտարարում, թաքնված համակիրը դրան չի ներկայանում, քանզի կբացահայտի իր իսկությունը, կարժանանա նույն կերպ վարված հարեւանի մեղմ կամ կոպիտ գնահատականին:
Այսպես օր-օրի խնդիրները կուտակվում, ահագնանում ու հիմնախնդիրների են վերածվում եւ այնպիսի վիճակ է հաստատվում, երբ դրանց լուծումները կապվում են ժամանակի հետ, որը մեր այսօրվա պարագայում տասնամյակներ է ենթադրում, եթե դարեր չասենք, կամ դրանք ընդհանրապես անլուծելի չորակենք:
Այս ամենի հիմքում մեր մարդկանց սոցիալական աղետալի վիճակն է: Գների սովորական բարձրացումը ուղեկցվում է պաշտոնատարների ինչ-ինչ մտահոգություններով, իսկ անսովոր թանկացումներըՙ իրավիճակի պարզ արձանագրումով: Ասենքՙ ռուսական գազի գնի հերթական փոփոխությունը կանխատեսելի էր տարիներ առաջ, քանզի այս երկրի նոր գազահանքերը առավել հյուսիսային հեռավորություններում են, դրանցից օգտվելը զգալի ծախսեր է պարտադրում, որը, բնականաբար, պետք է արտացոլվի դրանց գնում: Յուրաքանչյուր երկրի իշխանություն, ուր պարտադրված են օգտվել այս էներգակրից, տարիներ ու տասնամյակներ առաջ է բարձրացումը նկատի ունենում, իր բնակիչների կենսամակարդակի շարունակական աճ ապահովելով նվազագույնի է հասցնում հերթական բարձրացումը: Ցավոք, մեզանում տնտեսվարական այս պարզ գործընթացը չի իրականացվում, բիզնեսը գործում է փող աշխատելու եւ միաժամանակ խնդիրները լուծելու փոխարեն խնդիրները խորացնելու ուղղությամբ: Միտքս հաստատեմ հետեւյալ օրինակով. Հայաստանում սովորական գործընթաց է համարվել, երբ սահմանին գնված գազը երկրի ներսում վաճառվել է կրկնակի գնով, ոչ մեկն այն, թող ներվի ասել, պետական ռեկետ չի որակել: Հանրության թե՛ գործարար հատվածը, թե՛ հարյուրհազարավոր ընտանիքները գնի արհեստական բարձրացման ու դրանից բխող հարկվող մասի ավելացման արդյունքում անհարկի վճարումների հետեւանքով զրկվել են միջոցներից, որոնք պետք է ծառայեին գործարարության շարունակական խթանմանը, որը Մ. Յունուսը առանձնացնում է որպես սոցիալական գործարարություն: Այս գործելաոճի հետեւանքով մեզանում ընդգծված անհամաչափությամբ բարձրացել են պետական ծառայողների աշխատավարձերը, երբ շարքային աշխատողների, ուսանողների, կենսաթոշակառուների ստացածը չի հերիքում անգամ սպառողական նվազագույն զամբյուղի ապահովմանը:
Այստեղ վիճակը լրջագույն է: Հողային, ջրային, ջերմային ու մարդկային բավարարից առավել պայմաններ ունենալու պարագայում սպառողական զամբյուղի հիմնական բաղկացուցիչները ոչ թե երկրի ներսում են արտադրվում, այլ ներկրվում են հեռավոր ու մոտիկ երկրներից: Հեռավոր Բրազիլիայից Հայաստան հասցված խոզի միսը տեղականի համեմատ կրկնակի էժան է վաճառվում, որովհետեւ տեղականը պահանջարկի հազիվ 5-6 տոկոսը բավարարելու արդյունքում առաջարկ-պահանջարկի անհամապատասխանության հետեւանքով անհասանելի է ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությանը: Պատկերը համանման է հավի ու տավարի մսի, կաթնամթերքների պարագայում. հիմնականում արտերկրների հարազատ-բարեկամների ուղարկած միջոցներով մեր մարդկանց գնած երշիկեղենն ու պանիրը, ՀՀ-ում արտադրվածի գերակշիռ մասը ներմուծված հումքից են պատրաստվում, այլոց գանձարանները հարստացնում, երբ մեր հողագործն ու անասնապահը անճարությունից ու անզորությունից արտագաղթում են: Ահագնացող այս վիճակը շղարշվում է ծիրանի կամ խաղողի բերքի մի քանի տոննա արտադրության ու արտահանման ծավալների ավելացումով, որը գրեթե ոչինչ չի տալիս երկրի նվազագույնը 6-7 մարզերի գյուղական բնակչությանը: Էժանագին ու կասկածելի որակի կաթի փոշու միջոցով արտադրության ծավալումը անիմաստ է դարձնում տասնյակհազարավոր կաթ արտադրողների աշխատանքը, որոնց ճարահատ իրացրածը ժամեր անց վաճառակետերում հայտնվում է կրկնակի, եռակի գնով: Գյուղաբնակը, որն իր խնդիրները լուծված տեսնելով այլեւայլ աշխատանքների պատվիրատու պետք է դառնա, այլոց միայն փող աշխատելու անհագուրդ ցանկության պատճառով հայտնվում է խեղճ ու անզոր վիճակում: Վերջին տարիներին լսած չկանք, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա սրտացավորեն խոսի գյուղի ու գյուղացու վիճակից, ուր մնաց թե ահազանգի: Տարի տարվա վրա Հայաստանը դարձվում է այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ, աննշան ու անհարկի մի գործ, որից երկրի բնակիչն ու տնտեսությունը տեսանելի ոչինչ չեն ստանում: Հայաստանում ստեղծվող համախառն ներքին արդյունքը հազիվ 10 մլրդ դոլարի սահմանում է, երբ երբեմնի Հարավսլավիայի մաս կազմած, 2 մլն-ից պակաս բնակչություն ունեցող Սլովենիայում 60 մլրդ դոլար է, բյուջենՙ 25 մլրդ դոլար, ՀՀ-ի տասնապատիկը:
Անցած օրերին հայաստանյան հանրությունը հերթական փորձության ենթարկվեց. գործարար ու հանրային որոշ այրերիՙ ուղեւորափոխադրումների գները բարձրացնելու ցանկություն էր նկատվել: Կրքեր բորբոքվեցին, սակայն չասվեց մեկ հիմնական բան. ի՞նչ է լինում օրվա ընթացքում ուղեւորափոխադրող միջոցի վարորդի կողմից հավաքվող միջինը 30 հազար դրամը: Վարորդների հետ օրը մի քանի անգամ շփվող մեր հայրենակիցները պատկերացում ունեն այս մասին եւ վստահ են, որ մեր պարագայում այն բավարար է թե՛ մեքենան սպասարկելու, թե՛ աշխատավարձ ու հարկեր վճարելու եւ շահաբաժին ստանալու համար: Ուստի հարյուրհազարավոր ուղեւորների խնդրանքն է մեր պատասխանատուներին. պարզություն մտցնել հարցում, թե ինչն ինչոց է եւ ինչին չեն բավարարում մեզանից օրվա ընթացքում հավաքած գումարները: Այսկերպ առաջնորդվելը կնպաստի խնդրի պարզաբանմանը, որն իր հերթին կկանխի նոր խնդիրների առաջացումը, միաժամանակ հանդիսանալով սոցիալական գործարարության պարզ դրսեւորում:
Եվ վերջում: Լրագրությամբ զբաղվող հեղինակս մշտապես է ջանում մեր հարցերը այլոց հետ համեմատության մեջ տեսնել: Արդեն հիշատակված Սլովենիան, որը հայերիս հողային կարողունակության հազիվ կեսն ունի, նավթ ու գազ էլ չունի, ընդամենը վերջին տասնամյակում կարողացել է գյուղոլորտում ընդգրկվածների թիվը 30 տոկոսից 2 տոկոսի իջեցնել, արտահանումը հասցնել 30 մլրդ դոլարի, եվրոգոտու անդամ դառնալ: Այսպիսին են նաեւ հայաստանցիներիս սպասումները, որոնք տարօրինակորեն առաջիկա տասնամյակների համար պարզապես անիրագործելի են դարձվում, քանզի մեզանում փող աշխատելը չի ուղեկցվում խնդիրները լուծելու պատասխանատվությամբ, իշխանության էլՙ վճռականությամբ: