ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ
Մտորումներ մեր եկեղեցու դեմ հարձակումների առիթով
Ամառվա այս թեժ օրերին առանձին անձանց ու որոշ ԶԼՄ-ների անարդար ու հանդուգն քննադատության թիրախ են դարձել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ու մեր եկեղեցու առաջնորդըՙ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Եթե փորձենք ժամանակագրական կարգով դասակարգել այդ իրադարձությունների շղթան, ապա դրանք են. Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի անսպասելի հրաժարականը, դրան հետեւած Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը եւ Ս. Երուսաղեմի նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ոչ պակաս անսպասելի ու նախադեպը չունեցող նամակը Վեհափառին:
Հայաստանյայց առաքելական եկեղեցու 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նվաստիսՙ շարքային հավատացյալիս փաստաբանության կարիքն ամենեւին չունի: Սակայն մեր եկեղեցու առաջնորդին, որը Հայ եկեղեցու բոլոր հայրապետների ժառանգն է, հատկապես, Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի աշակերտը, հոգեզավակը, նրա գործի շարունակողը, պիտի պաշտպանենք յուրաքանչյուրս, ինչպես ընտանիքի յուրաքանչյուր անդամի սրբազան պատասխանատվությունն է պաշտպանել տան մեծին, առավել եւս, այն դեպքում, երբ հայրը, ավագը դարձել է ապաշնորհ հարձակումների թիրախ:
Չգիտես ինչու, հասարակությունը լուռ հետեւում է այս հարձակումներին: Լռում է եպիսկոպոսաց դասը: Լռում է Գերագույն հոգեւոր խորհուրդը, մասնավորապես, դրա աշխարհական անդամները (խորհրդի անդամ, ակադեմիկոս Վիուլեն Հակոբյանի վերջերս հրապարակված բաց նամակը Ամենապատիվ Նուրհան արք. Մանուկյանինՙ հռետորական էր): Լռում է մեր մտավորականությունը (բացառությունՙ Դավիթ Մուրադյանի հարցարզույցը), մեր մշակույթի գործիչները, որոնց նկատմամբ այդքան շռայլ եւ ուշադիր է մեր Վեհափառը:
Ինչի՞ն ենք սպասում: Որ պառակտման վիհը գա ու ավերի՞ մեր տունըՙ Հայաստանը, ու խարխլի՞ նրա վեմը, հենասյունըՙ Մայր եկեղեցին:
Մենք պարտք ենք մեր Եկեղեցուն: Թեկուզ այն բանի համար, որ մեզ հայ է պահել դարերի ընթացքում: Պարտք ենք, քանի որ փոխարինել է մեր պետականությանը վերջինս կորցնելու երկար ու ձիգ դարերի ընթացքում: Քանի որ ստալինականության դժնդակ տարիներին, ի հեճուկս կտտանքների ու հալածանքների, գնդակահարությունների ու հետապնդումների, սրբորեն ու հավատարմորեն պահել-պահպանել է մեր հավատքը:
Ժամանակն է հասկանալ, ըմբռնել, ընկալել, որ եկեղեցին մենք ենք, մեր սերունդները, մեր անցյալը, ներկան ու ապագան: Եվ քանի դեռ բոլորս, մի կողմ քաշված, հետեւում ենք ծավալվող զարգացումներին, շփում են ձեռքերը այլ եկեղեցիներն ու դավանանքները, աղանդները, կրոնական ու կրոնականի անվան տակ թաքնվող տարրաբնույթ կառույցները: Նրանք սրտատրոփ սպասում են, որ մեր եկեղեցին տկարանա, վարկաբեկվի, ու հետո առաջ նետվեն ու առանց որեւէ ջանքի փորձեն զբաղեցնել նրա պատվավոր տեղը:
Այդ սին սպասումներին հակառակ, մեր ստեղծարար Վեհափառն անում է այն, ինչ պետք է անիՙ քարոզում, կառուցում, բարեկարգում, կրթում, դաստիարակում, կերտում: Պիտի հասկանանք, որ այն, ինչ անում է կաթողիկոսը, պետք է ոչ թե իրեն, այլ մեր ողջ ժողովրդին, ազգին, երկրին, եւ դա մնալու է սերունդներին:
***
Այն, ինչ կատարվեց Ֆրանսիայի հայոց թեմում, իսկապես, ցավալի է ու մտահոգիչ: Տասնամյակների երազն իրականություն դարձավ, երբ մեր հնագույն ու հեղինակավոր համայնքներից մեկում, վերջապես, թեմ ձեւավորվեց: Առաջնորդ ընտրված Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը փորձեց լուրջ աշխատանք կատարել թեմի հիմերը ստեղծելու ու ամրապնդելու գործում: Ճանաչելով Սրբազան հորը ու մեծ հարգանք տածելով նրա նկատմամբ, ափսոսանք ու ցավ ապրեցի, տեղեկանալով նրա հրաժարականի դիմումի մասին: Ոչ պակաս ցավ ու ափսոսանք ապրեցի, երբ դիմումը Մայր աթոռ Սուրբ Էջմիածին չհասած, Սրբազան հայրը շտապեց հարցազրույց տալ փարիզահայ ռադիոկայանին, ինչին հետեւեցին տարաբնույթ մեկնաբանությունները (երեւի թե, դա մեր տեղեկատվական դարի առանձնահատկություններից է, երբ որեւէ իրադարձություն մեկ ակնթարթում ստանում է «մեդիատիկ» բնույթ):
Դատելով իսկույն եւեթ հրապարակված դիմումի բովանդակությունից, Սրբազան հայրը վիրավորվել է Փարիզի օդանավակայանում Վեհափառի ասածից: Չգիտեմ, ինչ հույզեր են ալեկոծել առաջնորդ Սրբազանի հոգին, սակայն, պարզ չէ՞, որ կաթողիկոսի «եթե Տ. Վաչեի հարցը չլուծես, ապա Մայր աթոռի հետ այլեւս գործ չունես» հուզախառն հայտարարությունն ավելի շատ հռետորական էր, քան, ասենք, գործնական: Դա հո չէ՞ր նշանակում, որ հաջորդ օրն իսկ Տ. Նորվան սրբազանին, որը ոչ միայն թեմի առաջնորդ էր, այլեւ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, Մայր աթոռի հետ հարաբերությունը խզված կլիներ…
Չգիտեմ, ինչից է վիրավորվել Սրբազան հայրը, սակայն իր համար վիրավորական չէ՞, որ Հայ եկեղեցու, առավել եւս իր առաջնորդած թեմին մաս կազմող քահանան ընտանիքի ապրուստը վաստակում է, ինչպես հայտնում են ֆրանսահայ համանքից, պահակ աշխատելով ավտոկայանատեղում:
Հայտնի է, որ Տ. Վաչե քահանա Հայրապետյանը խնդիրներ է ունեցել ֆրանսիական արդարադատության հետ, սակայն որքան գիտենք, չեն հիմնավորվել նրա նկատմամբ եղած կասկածները: Լավ, ենթադրենք, Տ. Վաչեն հրեշտակ չէ, սակայն, այդ դեպքում ինչո՞ւ նույն անբարեհաճ վերաբերմունքի է արժանանում Նիսի նոր հոգեւոր հովիվըՙ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը: Ուրեմն, հարցը Տ. Վաչեի մեջ չէ՞…
***
Ս. Երուսաղեմի հայոց նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Վեհափառին ոչ միան աննախադեպ ու մտահոգիչ է, այլեւ մի շարք նոր հարցեր հարուցող:
Ինչո՞ւ Հայ եկեղեցու առաջնորդինՙ մեր նվիրապետական աթոռներից մեկի պատրիարքի նամակը համացանցում ու մամուլում հայտնվեց ավելի վաղ, քան հասավ հասցեատիրոջը: Ուրեմն, այդ գրությունն այլ նպատակնե՞ր էր հետապնդում:
Ս. Երուսաղեմի նորընտիր պատրիարքը պիտի որ գար Մայր աթոռ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու, Մայր աթոռ-Ս. Երուսաղեմի պատրիարքություն հարաբերությունների ու, ընդհանրապես, համաեկեղեցական հիմնահարցեր քննության առնելու համար: Դրա փոխարեն սպառնալիքներով ու վերջնագրերով լի, անհարգալից տոնով նամակը հրապարակելուց, իսկ այնուհետեւ ուղարկելուց հետո Ամենապատիվ պատրիարքը մեկնում է Անթիլիասՙ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ հանդիպելու համար: Եթե հաշվի առնենք, որ ոչ հեռու անցյալում, այժմ էլ, Կիլիկիո կաթողիկոսությունն առանձնապես աչքի չի ընկնում մեր եկեղեցու միասնությանը նպաստելու առումով (նկատի ունեմ Անթիլիասի գործունեությունը 1956 թվականից ի վեր), կարելի է հեռուն գնացող հետեւություններ անել:
Բնավ չեմ ուզում հավատալ, որ Ամենապատիվ սրբազան հայրն անհետաձգելի բոլոր գործերը թողած (իսկ դրանք Ս. Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանությունում շա՜տ-շատ են), իր վրա փորձում է մեր եկեղեցու պառակտիչների փոշոտ ու խունացած հագուստեղենը…
Ինչ վերաբերում է Հայկական Երուսաղեմի հիմնահարցերին, հիշեցնենք մի քանիսը. պակասող բնակչությունը, ժամանակ առ ժամանակ երեւացող լուրերը մեր կալվածքների կորստի մասին, Սուրբ վայրերում այլադավան հոգեւորականների հետ մեր հոգեւորականների մերթընդմերթ թեժացող հակամարտությունը, եւ այլն:
Հատկապես մտահոգիչ է Պատրիարք սրբազանի նախազգուշացում-սպառնալիքն այն մասին, որ նա ոչ միայն չի բարեհաճի ժամանել սեպտեմբերին Մայր աթոռում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին, այլեւ Մայր աթոռ ժամանող Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը չի ներկայացնի Ս. Երուսաղեմի պատրիարքությունը:
Ի՞նչ է այս սպառնալիքը. անթաքույց դեմա՞րշ, ակնհայտ ոտնձգությո՞ւն մեր եկեղեցու միասնության դեմ: Ի դեպ, չգիտեմ, նման հարցում Պատրիարք Սրբազանի ցանկությունը բավակա՞ն է, թե՞ հարկավոր է պատիարքության միաբանական ժողովի որոշումը:
Ինչպե՞ս պետք է դուրս գալ այս փակուղուց: Կհամարձակվեմ Ամենապատիվ պատրիարք հորը հորդորել վերանայելու իր հայտարարությունը եւ գալ Եպիսկոպոսաց ժողովի: Արժե՞, արդյոք, որ մեր եկեղեցու պատմություն նրա անունը մտնի իբրեւ պառակտիչի:
Հարց է ծագում, ինչո՞ւ հարգարժան Պատրիարքը չի ուզում մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին ու չարծարծել իրեն հուզող բոլոր հարցերը, չարտահայտել իր կարծիքը, անգամ, ընդվզումներն: Պատրիարքը չմասնակցեց նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 30-31-ին գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, ուր նա, ի պաշտոնե, համանախագահող է:
Կառաջարկեի, որ, հակառակ Ս. Երուսաղեմի պատրիարքի դիրքի, Գարեգին Բ Ամենայն հայոց ու Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները հանդես գան համատեղ հայտարարությամբՙ ի նշան Հայ եկեղեցու միասնության:
Անհրաժեշտ է նաեւ մեր պետության զորակցությունը, քանի որ եկեղեցու պառակտումը նոր ճեղքվածք է առաջացնելու մեր հասարակության ու ազգի մեջ, դառնալու է մեր ազգային անվտանգության լուրջ մարտահրավեր ու սպառնալիք:
***
Իսկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին քննադատողներին կառաջարկեի արձանագրել, թե Վեհափառի ջանքերով քանի եկեղեցի է կառուցվել Հայաստանում ու մեր հանրապետության սահմաններից դուրս, քանի հոգեւորական է կրթվել թե Հայաստանի եկեղեցական կրթօջախներում, թե աշխարհի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններում: Ինչքանո՞վ է բարեկարգվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, որքանո՞վ է ընդլայնվել վանքի տարածքը, քանի՞ երեխա է քրիստոնեական կրթություն ու հայեցի դաստիարակություն ստացել հայորդաց տներում, քանի անապահով է օգտվել մեր եկեղեցու սոցիալական ծրագրերից: Էլ չեմ ասում դպրոցներում եկեղեցու պատմության ու կրոնագիտության դասավանդման մասին, որը մատաղ սերնդին տալիս է այս ոլորտի վերաբերյալ գիտելիքների ամուր պաշար: Մեր վեհափառի հեղինակությունն ու վստահելիությունը հաշվի առնելով, քանի՞ միլիոն դոլար է բերվել մեր եկեղեցու բազմաբնույթ ծրագրերում ներգրավվելու համար: Բավական է մեկ անգամ տեսնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում վեր խոյացած հոյակերտ տաճարը, որպեսզի ճշմարիտ գնահատական տրվի Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եկեղեցաշեն ու ազգաշեն գործունեությանը:
Վստահ եմ, որ, եթե անգամ մեր կաթողիկոսն այլեւս ոչինչ չնախաձեռնի, ապա մեր եկեղեցու ու ժողովրդի պատմության մեջ նա արդեն իրավամբ վաստակել է շինարար ու կերտող կաթողիկոսի անուն:
Ի դեպ, եկեղեցու մասին գրող մեր լրագրողների մասին: Նրանցից շատերը նոր էին ծնվել կամ երեխա էին, երբ 1994-95 թթ., Վազգեն Ա վեհափառի վախճանվելուց հետո, «Ազգ»-իցՙ Հակոբ Ասատրյանը, այլ թերթերից շնորհալի ուրիշ լրագրողները մեր մամուլի էջերում ինչ բանիմացությամբ էին արծարծում մեր եկեղեցուն վերաբերող թեմաները, անում բազմաթիվ հարցադրումներ: Գրում էին գրագետ, անաչառ, հարցերը լուսաբանում էին բազմակողմանի, թեեւ կաթողիկոսական ընտրություններին նախորդող կրքերը ոչ պակաս թեժ էին:
Իսկ ի՞նչ ունենք այսօր: Թվում է, անցել է գրեթե 20 տարի, պիտի ունենայինք եկեղեցու, կրոնի մասին գրող լրագրողների մի ողջ սերունդ: Ավա՜ղ, այդպես չէ:
ԶԼՄ-ներից որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է այն, ինչ ունեինք եկեղեցում 20-25 տարի առաջ ու ինչ կա այսօր, վերլուծե՞լ է եկեղեցու կողմից վերջին 10-14 տարում մշակված ու ընդունված ծրագրային փաստաթղթերը, որոնք վերաբերում են մեր ողջ եկեղեցու ներքին կյանքին: Որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ի՞նչ է Եպիսկոպոսական ժողովը, որը գումարվելու է առաջիկա սեպտեմբեր ամսինՙ 15-րդ դարից հետո առաջին անգամ, հետամուտ եղե՞լ է, թե ինչ նորություն կա մեր եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի գործունեության կազմակերպական-իրավաբանական կազմակերպման, դրանց կանոնադրությունները բոլոր թեմերի ներկայացուցիչների մասնակցությամբ Մայր աթոռում ընդունված «Թեմական կանոնադրության ուղենիշին» համապատասխանեցնելու ուղղությամբ: Հազար ու մի այլ հետաքրքրական բան կա եկեղեցու կյանքում, որ կարոտ է մանրազնին ուսումնասիրության ու լուսաբանման:
Փոխարենը, որոշ լրատվամիջոցներ զարմանալի ավյունով ու ոգեւորությամբ ըմբոշխնելով ծամծմում են ներեկեղեցական կյանքի որոշ դժվարություններ, այս կամ այն հոգեւորականի գործունեությունը: Էլ չեմ ասում եկեղեցու, դրա սպասավորների նկատմամբ տարրական հարգանքի իսպառ բացակայության մասին…
***
Հեռու եմ այն մտքից, որ մեր եկեղեցում խնդիրներ չկան, բայց դրանք պետք է քննարկվեն ու լուծում ստանան միմիայն միասնության պայմաններում, փոխըմբռնման մթնոլորտում: Դա՛ է մեր օրերի հրամայականը:
Մենք բոլորս հայ ժողովուրդ ու Հայաստան կոչվող մեկ նավի մեջ ենք, եւ չարաչար սխալվում են նրանք, ովքեր ճոճում են նավն այն շրջելու նպատակով, եւ, միաժամանակ, հույս են փայփայում, որ չոր կմնան, կփրկվեն խեղդվելուց: Այդ նավի արկածի մասին երազում են ու շտապում են օգտվել գիշատիչ շնաձկները, որոնք պատմության խորդուբորդ քառուղիներում փորձել են մեզ ոչնչացնել: Այսօր այդ թշնամիներն ուրախությամբ հետեւում են, թե ինչպես ենք մենք մեր տունը քանդում:
Հապաղելն անթույլատրելի ու աններելի է…