Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում նորամուտը նշեց բունդեսլիգայումՙ մասնակցելով Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի Բրաունշվեյգի «Այնտրախտի» հետ հանդիպմանը: Հենրիխը կարող էր նորամուտը գոլով նշել, սակայն չիրացրեց գոլային 2 լավ պահերը: «Բորուսիան» խաղը շահեց 2-1 հաշվով:
«Սա իմ առաջին պաշտոնական հանդիպումն էր «Բորուսիայի» կազմում: Շատ երջանիկ եմ, որ մենք հաղթեցինք: Պետք է խոստովանեմ, որ շատ հուզված էի: Երկրպագուներին պետք է շնորհակալություն հայտնեմ աջակցության համար: Ամենակարեւորն այն է, որ 3 միավոր վաստակեցինք: Այժմ պետք է կենտրոնանալ «Վերդերի» հետ հանդիպման վրա», խաղից հետո նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխի խաղի մասին իր կարծիքն է արտահայտել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Հաշվի առնելով, որ վնասվածքից հետո Հենրիխն ընդամենը մեկ շաբաթ էր մարզվել, այսօր նա պարզապես հրաշալի խաղաց: Եթե չլիներ հարկադիր պարապուրդը, ապա նա այսպիսի խաղում առնվազն 2 գոլ կխփեր: Երբ նա հարվածային դիրք է դուրս գալիս, մշտապես սպառնում է մրցակցի դարպասին»: