Վերջին մի քանի տարիները հատկանշական են նրանով, որ գիտական նոր հայտնագործությունները ստիպում են նոր հայացքով նայել գիտության մեջ մինչեւ այժմ ընդունված շատ տեսակետների: Պատմությունն ու հնագիտությունը հատկապես, կարելի է ասել, ամեն նոր հայտնագործությամբ ենթարկվում են հեղափոխական վերընթերցումների: Հուլիսի 11-ին ռուսական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվեց «Հայկական լեռնաշխարհ, 12 հազար տարի առաջ. համաշխարհային քաղաքակրթության ակունքները» ֆիլմը, որն անկախ նրա հեղինակի` Արմեն Պետրոսյանի հայ լինելու հանգամանքից, թեմայի երկրպագուների առջեւ բացեց մի շարք նոր իրողություններ: «Ազգը» զրուցել է Ա. Պետրոսյանի հետ, որի մասին հայ հանրությունն առանձնապես շատ բան չգիտի: Հանկարծ ու պարզվեց, որ նա «Կուլտուրա» ալիքով ցուցադրված եւ համաշխարհային քաղաքակրթության առեղծվածների մասին պատմող 20-ից ավելի ֆիլմի հեղինակ է, որոնցից շատերը մենք ագահորեն կլանել ենք` առանց խորանալու, թե ովքե՞ր են այդ ֆիլմերը ստեղծողները: Հիմա հպարտորեն կարող ենք նշել` եգիպտական բուրգերի, համաշխարհային ջրհեղեղի, Մեքսիկայի, Պերուի եւ այլ տարածքների պատմական-հնագիտական առեղծվածների մասին ֆիլմերի հեղինակը մեր հայրենակից Արմեն Պետրոսյանն է, իսկ համաշխարհային քաղաքակրթության` Հայկական լեռնաշխարհից ծագած լինելու մասին վերջին ֆիլմը պարզապես կոթողային աշխատանք է, որը հայ մշակույթի ուղղությամբ մտորելու լավագույն առիթն է դառնում մասնագետների եւ ոչ մասնագետների համար:
Իր համար այս սիրելի թեմաներն Արմեն Պետրոսյանը հաղորդաշարերի եւ ֆիլմերի տեսքով իրականացրել է նաեւ Հայաստանում, մինչեւ 2006 թվականը Հայաստանից մեկնելը: Բավական է հիշել քրոջ` Անահիտ Պետրոսյանի հետ իրականացված եւ հեռուստադիտողի կողմից միշտ սպասված «Զարմանադարան» հաղորդաշարը, որը հաղորդման տեսքով անդրադարձել է այն թեմաներին, որոնք հետագայում արծարծել է Ա. Պետրոսյանը «Կուլտուրայի» պատվերով նկարահանած իր հեղիանակային ֆիլմերում. «Դաշտը բաց էր, այդ ֆիլմերի կարիքը կար: Գիտնականներից ամեն մեկն իր կարծիքն ունի ներկայացված հարցերի վերաբերյալ, շատ անգամ համաձայն չլինելով մյուսների հետ, իսկ ընդհանուր հայտարարն իմ ֆիլմերում սովորաբար տարբերվում է ամեն մեկի առանձին վերցրած կարծիքից: Այդպես է նաեւ վերջին ֆիլմում: Հայաստանում կատարված նոր հնագիտական հայտնագործությունները վկայում են, որ հնագույն քաղաքակրթության ակունքները ոչ միայն ավելի վաղ շրջանի են, այլեւ այդ քաղաքակրթությունները շատ բարձր մակարդակի են: Իսկ ամենակարեւորն այն է, որ քաղաքակրթությունը ծագել է ոչ թե 5-6 հազարամյակ առաջ, ինչպես ընդունված էր մինչեւ հիմա եւ ներկայացվում է դեռ պատմության դասագրքերում, այլ 12 հազարամյակ առաջ Հայկական լեռնաշխարհում», ֆիլմի մասին ասում է Ա. Պետրոսյանը. «Մեծ մասամբ իմ նկարահանած ֆիլները կապ ունեն պատմական առեղծվածային եւ նորություն պարունակող թեմաների հետ: Սկզբում իմ ֆիլմերը ցուցադրվում էին «Ռոսիա -1», REN-TV եւ ռուսական այլ հեռուստալիքներով, 2007-2008 թթ., ու մինչեւ հիմա դրանք նույնիսկ կրկնում են: Ամենաքննարկվող ֆիլմը եղել է համաշխարհային ջրհեղեղի մասին պատմողը, իսկ պատմական ֆիլմերից ամենահայտնին «Եգիպտական բուրգերի գաղտնիքը» ֆիլմն է: Ամերիկացի պայծառատես Էդգար Քեյսիի մասին Ռուսաստանում առաջին ֆիլմը ես եմ նկարահանել:
Այդ թեմաները մենք անում էինք Հայաստանում հաղորդաշարի տեսքով, երբ աշխատում էի իմ քույրիկի` Անահիտ Պետրոսյանի հետ, «Զարմանադարան» հաղորդաշարում: Սկսել ենք «Ա1 պլյուսում», հետո «Պրոմեթեւսում» եւ ԱԼՄ-ում շարունակել այդ թեմաները»:
Արմեն Պետրոսյանի ֆիլմերը ռուսական ալիքներում ունեն ամենաբարձր վարկանիշները, դրանք պահանջարկված են, ռուսները մտադրություն ունեն առավել հաճախ ցուցադրել դրանք: Քանի որ Արմեն Պետրոսյանը կարողացել է մարդկությանը հուզող այդ թեմաները լավ բացել, դրա համար նրա հետ են ուզում գործ ունենալ: Իսկ համաշխարհային պատմության հետ կապված թեմաները, բնական է, նաեւ արտերկրի ալիքները սիրում են ցույց տալ: Եգիպտոս, Պերու, Էկվադոր, Մեքսիկա` հնագույն քաղաքակրթությունների հուշարձաններ պահպանած եւ բազմաթիվ առեղծվածներ թաքցնող այս երկրների վերաբերյալ հնագիտական նոր բացահայտումների թեմաներով է աշխատել Պետրոսյանը` հաջողությամբ մրցակցելով այլազգի ռեժիսորների հետ: Ու քանի որ այդ հարցերով զբաղվող պատմաբան-հնագետներն Ա. Պետրոսյանի ընկերներն են, նրա ֆիլմերն ավելի հետաքրքրական են ստացվում. «Ֆիլմերում եղել են առանձին կտորներ Հայաստանի մասին. ասենք` Կարմիր Ավետարանի, «Սասունցի Դավիթ» էպոսի հետ կապված: Կամ` զուգահեռներ են տարվել: Ասենք, Ռամզես Երկրորդի մականունը Անհաղթ է, հայերեն «անհաղթ» բառը հին եգիպտերենում «անախթու է». այդ կարգի զուգահեռներ տարվել են` եզրահանգումների տեղ թողնելով»:
Իսկ որ այժմյան պատմության դասագրքերի բովանդակությունը փոխվել է, քաղաքակրթության ծագման վայրն էլ է փոխվել, որը փաստորեն մեր Հայկական լեռնաշխարհն է, եւ քաղաքակրթության սկիզբն այժմ համարվում է ոչ թե 5-6 հազարամյակ առաջ ծագած, այլՙ 12-13 հազարամյակ, Ա. Պետրոսյանն ասում է, թե այս փաստն արդեն ընդունված է, եւ, օրինակ, քեմբրիջյան ուսումնական գրքերն արդեն այդպես են մատուցում պատմական իրողությունները: Ֆիլմում մեր հայտնի հնագետ-պատմաբաններ Պավել Ավետիսյանը, Ռուբեն Բադալյանը, Արտակ Մովսիսյանը կամ Հակոբ Սիմոնյանը իրենց հայտնագործությունների մասին են պատմում. որ Ակնաշենը ութ հազար տարվա պատմություն ունի, որ մեր մշակույթը խեթականից ավելի հին է, շենգավիթյան (քուռ-արաքսյան) մշակույթն է ներկայացվում, որ եթե Ուրարտուն առաջին հազարամյակի սկզբով կամ երկրորդի վերջով է թվագրվում` միեւնույն ժամանակ Հայկական լեռնաշխարհում մի ուրիշ, Հայասա անունով պետություն է եղել խեթերի թագավորությունից դեպի արեւելք, ու որն ավելի հին է խեթականից:
Ֆիլմը «Կուլտուրայի» սեփականությունն է, հայերիս պետք է հետաքրքրեն նրա թարգմանությունն անգլերենով ու տարածումը ողջ աշխարհում: Ռուսներն այդպիսի մտադրություն չունեն, իրենք ԱՊՀ տարածքի համար են նկարում ու ցուցադրում, հետո էլ տարիներով անընդհատ կրկնում են այդ ֆիլմերը: Եթե մեկն ուզենա սա անգլերենով թարգմանել ու իր երկրում ցույց տալ, պետք է «Կուլտուրայի» հետ կապվի: Կամ, ինչպես Արմեն Պետրոսյանն է ասում, նորից պատվիրի նկարել թեման, այս անգամ` անգլերենով:
Այժմ Ա. Պետրոսյանն ավարտում է Մատենադարանի նյութերի հիման վրա հերթական աշխատանքը, որն էլի մարդկության հնագույն պատմությանն է առնչվում եւ պատմում է, թե ինչպես է համաշխարհային պատմությունը մարդկանց հասել մեր պատմիչների ու թարգմանիչների եւ մեր Մատենադարանի շնորհիվ. փաստորեն` վերջին ֆիլմի թեման շարունակվում է` ցույց տալով, թե Հայաստանը եւ համաշխարհային քաղաքակրթությունը ինչպե՞ս են կապված: Օգտագործված են հետաքրքրական տեղեկություններ Մատենադարանի նյութերից:
Մեր ժամանակը, տեղեկատվության տարածման հանաշխարհային ցանցը, նոր տեխնոլոգիաները հնարավորություն են մեր հայացքների արագ վերափոխման եւ գիտության ահռելի ցատկի, բայց նաեւ` սովորական մարդը մի տեսակ շփոթության մեջ հայտնվեց` ո՞րն ընդունել որպես ելակետ, երբ ամեն օր բան է փոխվում մեր շուրջն ու գիտության մեջ, երբ հաճախ ակնհայտ թվացող իրողությունների շուրջը դեռ վիճում են գիտնականները: Բայց առանց նոր հայացքի անհնար է առաջ շարժվել, իսկ շարժումն ապահովում է նաեւ Արմեն Պետրոսյանն իր ֆիլմերով:
Նոր տեսակի, մարդկանց փոխող ֆիլմեր է ստեղծում նա:
Հայերիս համար երեք մեծ թեմա կա կարեւոր` էպոսը, ղարաբաղյան թեման, ցեղասպանությունը: Դրանց անդրադարձ անելո՞ւ է: Էպոսի ժամանակը դեռ չի եկելՙ ըստ Ա. Պետրոսյանի, քանի որ մեկնաբանները դեռ իրար մեջ չեն պարզել շատ բան:
Ղարաբաղի, ղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմը հենց հիմա Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ Հայաստանում ստեղծվում է` Հայաստանի արխիվային ֆիլմերի հիման վրա: Սկսելով նրանից, որ ժամանակին Ռուսաստանում եղել է ռուսների կազմով «Ղարաբաղ» կոմիտե, նրանց արխիվների օգտագործումով (Նույկինի, Ինեսա Բուրկովայի) ֆիլմում փորձ է արվելու ներկայացնել հակամարտության ամբողջական պատմությունը: Հոկտեմբերին Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակն է, եւ այդ տարեթվին կհասնի Ղարաբաղյան հակամարտության մասին ամբողջական այս ֆիլմը. «Սեպտեմբերին ծրագրում ենք ավարտել եւ ներկայացնել: Ռուսները ռուսերեն ռուսների համար պատմում են, թե ո՞նց է եղել Ղարաբաղյան հակամարտությունը: Ղարաբաղի մասին ամբողջական ֆիլմ է լինելու` ակունքներից սկսած, երկմասանոց»:
Իսկ ցեղասպանության մասին ֆիլմ նկարելիս, ըստ Ա. Պետրոսյանի, պետք է հասկանալ, թե ի՞նչ խնդիր է դրվում.«Մենք ի՞նչ ունենք` Անրի Վեռնոյի «Մայրիկը», որ արտակարգ ֆիլմ է, ցեղասպանության մասին մի փոքրիկ հատված կա այնտեղ թեեւ ընդամենը: «Մուսա լեռան քառասուն օրը» ունենք, որ պաշտոնապես գոյություն չունի, քանի որ արտադրությունից հանվել է մինչեւ ավարտվելը, ուղղակի դրանից հետո ավարտել են, ու հայերն են նայում: Մաքսիմալիստ չլինենք` Էպիզոդով, մարդու պատմությամբ ներկայացնելն ավելի ազդեցիկ է գուցե», ասում է նա` Հայոց ցեղասպանության թեմային ֆիլմով առնչվելն իր համար փակված չհամարելով:
«Բավարարվա՞ծ եք». այսպիսի հարց ռեժիսորի համար գոյություն չունի. «Ես ժամանակ չունեմ այդ մասին մտածելու, անընդհատ զբաված եմ: Անընդհատ գործ անելը որակ է բերում: Հայաստանում գաղափար չունեն` ես ո՞վ եմ, ի՞նչ եմ անում, ուղղակի մեկ-մեկ ֆիլմերս են նայում»: «Գնահատվա՞ծ եք». «Եթե ավելի շատ աշխատանք են տալիս, ուրեմն գնահատված եմ», ասում է Արմեն Պետրոսյանը:
Մի քանի ընդհանուր գծերով ներկայացնենք ֆիլմը, որ ընթերցողն իմանա` խոսքն ինչի՞ մասին է: Ֆիլմում նկարահանվել են Հայաստանի հնագետներ, որոնք պատմում են իրենց հայտնագործությունների գիտական նշանակության մասին, ինչպես նաեւ գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը:
Երեւանի արեւմտյան արվարձանի «Վերին Նավեր» կոչվող բրոնզե դարի բնակավայրը պեղած հնագետ Հակոբ Սիմոնյանը պատմում է մ.թ.ա. 15 դար առաջվա բնակավայրից հայտնաբերված մետաղյա թռչնի արձանիկի մասին (հայտնաբերվել է 1978 թվականին, պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում): Համարվում էր, որ դա բրոնզից կամ երկաթից պիտի լինի, համենայն դեպս` տեսքն է այդպիսին եւ հայտնաբերման վայրի դարաշրջանն է հուշում դա (երկաթի մշակումը հազար տարի ավելի ուշ է սկսվել այդ շրջանից), սակայն պազվեց, որ ժամանակակից գործիքները ոչ մի կերպ չեն կարող ինչ-որ ազդեցություն ունենալ թռչնի արձանի նյութի վրա: Թե ինչ նյութ (երկնաքար կամ առավել բարձր ամրության երկաթ) են գործածել անհայտ վարպետները մեր թվականությունից 15 դար առաջ, եւ որ կարեւոր է` ի՞նչ տեխնոլոգիաներով, մեզ անհայտ է: Կամ մ.թ.ա. երրորդ հազարամյակում ձիասարքի երկաթե մաս է հայտնաբերվել, որի նյութը եւս նույն տիպի անհայտ բաղադրության է: Սիմոնյանը պատմում է նաեւ Լճաշենում հայտնաբերված 4 հազար տարեկան զենքի մետաղական մասերի, Արենու 6 հազար տարեկան կոշիկի մասին` ենթադրություններ անելով, որ քաղաքակարթության հնագույն ակունքները Հայկական լեռնաշխարհում են: Գիտնականները ենթադրում են, որ առաջին քաղաքակրթություններն արդեն եղել են սառցի ժամանակաշրջանի վերջում: Քաղաքակրթությունը ծնունդ է առել ոչ թե Նեղոսի հարթավայրում, մեր թվականությունից 3-4 հազարամյակ առաջ, այլՙ Հայկական լեռնաշխարհում, մոտ 12 հազարամյակ առաջ:
Քարանձավագետ Սամվել Շահինյանը նշում է, որ չնայած մեր դասագրքերում քաղաքակրթության ծագումը վերագրվում է մ.թ.ա երրորդ հազարամյակին` սկիզբ առած Շումերում եւ Եգիպտոսում, իրականում շատ գիտնականներ գիտեն, որ այն ծագել է Հայկական լեռնաշխարհում, 12 հազարամյակ առաջ: Որ այստեղ են ծագել հողագործությունը, երկաթագործությունն ու քարի մշակումը, ճարտարապետությունը, տեքստիլ արտադրությունը, ապա տարածվել են` ծնելով Եգիպտոսն ու Շումերը: Սա արդեն 21-րդ դարի մտայնություն է դառնում: Չնայած դեռ գերմանացի երկրաբան Աբիխն էր 19-րդ դարում իր գիտական նյութերում գործածել «Հայկական լեռնաշխարհ» տերմինը, սակայն հետագայում, շատ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, գիտնականներն այդ տերմինը չեն օգտագործում, չնայած գիտեն այդ մասին: Գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտի հայտնագործությունը հատկապես երկու տարի առաջ Արեւմտյան Հայաստանում, կարելի է ասել, քաղաքակրթության ծագման շատ ավելի վաղ լինելու առումով հեղափոխություն է առաջացնում: Արդեն քսան տարի Շմիդտը պեղումներ էր անում Ուրֆայից (նախկին հայաբնակ Եդեսիայից, իսկ այժմ թուրքերն ընդհանրապես հայկական հետքը կորցնելու համար այն անվանել են Շանլի) 15 կիլոմետր դեպի հյուսիս- արեւելք ընկած Գյոբեկլըթեփե (պորտավոր սար է նշանակում) բնակավայրում, որը հայերը կոչում էին Պորտասար, ինչի մեջ ակնարկ կա` աշխարհի պորտի առումով: Վերջին երկու տարում գտնված նյութերը հեղափոխական գտածոներ են` ողջ Մերձավոր Արեւելքի եւ ողջ Եվրասիայի համար: Գյոբեկլըթեփեի մարդիկ 12 հազարամյակ առաջ ապրել են կազմակերպված կյանքով, նրանք առաջին հասարակության հիմնադիրներն են, ամեն ինչ այստեղ է սկսվել եւ տարածվել հետո մնացած աշխարհում, ֆիլմում ասում է Շմիդտը: Տեսակետ կա, որ Պորտասարի մարդիկ (Շմիդտն, իհարկե, միայն ասում է Գյոբեկլըթեփե եւ Թուրքիա) որսորդներ են եղել, սակայն բնակավայրում… մշակված քարից տաճար է գտնվել. 12 հազար տարի առաջ… եւ մշակված քար` ի՞նչ գործիքներով, ի՞նչ տեխնոլոգիայով…
Փաստորեն` այդ բնակավայրը եղել է 12-հազարամյա քաղաքակրթական կենտրոնի սիրտը, այստեղ ե՛ւ անասնապահությամբ են զբաղվել, ե՛ւ հողագործությամբ: Տաճարի համալիրում երեքմետրանոց մոնոլիտ, չմշակված քարեր են հայտնաբերվե: Համալիրի գտածոներից երեւում է, որ բնակչությունն իր կյանքը լավ կազմակերպվել է սոցիալական հիերարխիայով` քարտաշներ, քանդակագործներ, որսորդներ, զարդագործներ եւ այլն: Մոնոլիտ քարերի վրա կենդանիների քանդակներ են եղել: Սա ամենասենսացիոն համալիրն է, որ հայտնաբերվել է վերջին դարերի ընթացքում, Շմիդտի կարծիքով` ավելի նշանակալի, քան Տրոյայի կամ Անգլիայում Սթոուն Հենչի հայտնագործումը: Բնականաբար ոչ բոլոր գիտնականներն են Շմիդտի հետ համաձայն, առայժմ պեղումների առաջին շրջանի արդյունքն է ի մի բերված եւ 4 կուլտային համալիր է պեղված ընդամենը, իսկ բնակավայրի խորքերում դեռ տասնվեց այդպիսի համալիրներ կան: Գտնված է քարահատարան, որի կողքերին հսկա քարեր են:
Մեր Քարահունջի «Զորաց քարերի» հետազոտող Վաչագան Վահրադյանը եզրակացրել է, որ «Զորաց քարերի» տեղադրման պատկերը կարապ է հիշեցնում` մատնացույց անելով Կարապի համաստեղությունը: Նա եզրակացնում է նաեւ, որ Գյոբեկլըթփեում գտնված անսովոր դիրքերով կենդանիների եւ թռչունների քանդակները հնարավոր է, որ կապ ունեն Կենդանակերպի նշանների հետ: Միայն թե դժվար է ասել` այն ժամանակվա մարդիկ աստղագիտական գիտելիքներ ունեի՞ն:
Ըստ Սամվել Շահինյանի` 9,5 հազար տարի առաջ մ.թ.ա. Գյոբեկլըթեփեի բնակիչները գնացել են դեպի հարավ` սառույցից ազատ տարածքներ փնտրելով, որ շարունակեին իրենց հողագործությունն ու զարգացնեին արհեստները եւ հասել են մինչեւ Կարմիր ծով:
Հնագետ Պավել Ասատրյանը նույնպես ասում է, որ մարդիկ իջել են Հայկական լեռնաշխարհից` հետագայում գնալով դեպի հարավ-արեւմուտք: Ընդհանրապես` վաղ քաղաքակրթությունները լեռներում են ծագել, հետո տեղափոխվել հարթություններ, եւ ոչ թե ընդհակառակը, ինչպես համարվում էր ոչ վաղ անցյալում:
Նույն կերպ է նկարագրել անցյալի իրադարձությունները ամերիկյան հայտնի պայծառատես Էդգար Քեյսին` քաղաքակրթության սկիզբը նշելով 11 հազարամյակ առաջ մ.թ.ա. (Քեյսիի մասին ֆիլմը եւս Արմեն Պետրոսյանն է նկարահանել):
Բրիտանիայի առաջին բնակիչները եղել են բրիտները (սա Վահրադյանի տեսակետն է, ու դրան ծավալուն «Ազգն» անդրադարձել է մի քանի տարի առաջՙ «բրիտ» անվանումը կապելով «բրիչ», «բրել» բառերի հետ, իսկ Արմենիայից եկածները բրիչով կավի վրա գրողներ են եղել), որոնք եկել են Հայաստանից եւ բնակեցրել Բրիտանիա կղզին, ու այդ մասին գրում են անգլո-սաքսոնական ժամանակագիրները, այդ տեղեկությունները Բրիտանական թանգարանում են պահված:
Գենետիկ հետազոտությունները եւս հնագետների` քաղաքակրթությունը Հայկական լեռնաշխարհում ծագած լինելու եւ այնուհետեւ այնտեղից տարածվելու տեսակետների օգտին են խոսում. պարզվել է, որ գեների մի խումբ արմատական է Արեւմտյան Եվրոպայի բնակիչների համար, իսկ այդ գեներն ավելի հատկանշական են Կովկասում` Առաջավոր Ասիայի տարածքում, քան Եվրոպայում: Այնպես որ այժմյան եվրոպացիների նախնիները գնացել են հատկապես Կովկասից, Փոքր Ասիայից, իսկ բազմացել ու տարածվել են հողագործությամբ զբաղվելու պատճառով, քանի որ որսորդ կինը մեկ երեխայից ավելի չէր կարող ունենալ լեռներում, իսկ հարթավայրերում հողագործությամբ զբաղվելը նպաստել է բազմացմանը: Իսկ նախնական այդ գենը պետք է ճնշեր մյուս գեներին, այնպես որ Եվրոպայում իշխում է որսորդների գենը: Առաջավոր Ասիայում ապրողի գենը փաստորեն գերիշխում է` ավելի ու ավելի դեպի հյուսիս գնալով:
Ֆիլմում հիշվում է, որ Նոյի իջած երկիրը Արարատ սարի փեշերին գտնվող երկիրն է:
Պատմաբան Արտակ Մովսիսյանը պատմում է շումերական կավե գրավոր սալիկների մասին, որտեղ նշված է, որ իմաստնությունն ու արվեստները իջել են երկիր Արատտայից, Ուրուկի տաճարները կառուցել են Արատտայից եկածները:
Երեւանի տարածքում հարյուր հազար տարի առաջ էլ ապրել են Հրազդանի կիրճի քարայրներում: Հաղթանակի կամրջի մոտ` հնագույն ժամանակների քարանձավներում քարե սռնիներով դռներ են հայտնաբերվել, որ մինչեւ հիմա գործում են:
Սեւանի ծանծաղացման եւ Լճաշենի պեղումներից հետո` մինչեւ Ուրարտուն գոյություն ունեցած քաղաքակրթության վերաբերյալ հնագիտական հայտնագործություններ եղան` կառքի մնացորդներ, ոսկուց զարդեր: Մ.թ.ա. 17-րդ դարում Եգիպտոսը նվաճած հիքսոսների կառքերի նման կառքերի մնացորդներ հայտնագործվեցին փաստորեն Լճաշենում, եւ դա խեթականից ավելի վաղ շրջանի քաղաքակրթություն էր: Այստեղ կատարվել են գլխի վիրահատություններ, ընդ որում` հաջող, որովհետեւ ծակված գանգերով մարդիկ մահացել են այդ անցքերն արած կամ ոսկրի ինչ-որ շերտ կենդանու ոսկորով փոխարինած բժշկի միջամտությունից շատ տարիներ անց եւ լրիվ այլ պատճառով:
Հնագետ Արթուր Արմինն էլ ֆիլմում եկել է այն եզրակացության, որ դեմոկրատիայի վաղ ձեւերը եւս Հայկական լետնաշխարհում են ծագել` Արատտա երկրում: Արթուր Արմինը պատմում է Արատտայի Աշխարհաժողովի (Ազգային ժողովի նման մի բան) մասին, որտեղ բնակչության բոլոր սոցիալական բոլոր շերտերը ներկայացված են եղել` դարբիններ, քարտաշներ, առեւտրականներ եւ այլն: Սա պառլամենտարիզմի տարրեր պարունակող կառավարման առաջին դեմոկրատական ձեւերից մեկն է եղել: Շումերական տեքստերը եւս պատմել են, որ Արատտայում եւ Շումերում թագավորն ընտրվում էր հինգ տարին մեկ: Վատ թագավորին Աշխարհաժողովով կարող էին ազատել իր պարտականություններից, ու դրա համար հեղափոխություն պետք չէր անել: Մեր պատմական աղբյուրներն, օրինակ, նշում են, որ մ.թ.ա. 1-ին դարում վատ թագավորելու համար Աշխարհաժողովով փոխվել է Ղեւոնդես Արշակունի թագավորը: Աշխարհաժողովը գործել է մինչեւ մեր թվարկության չորրորդ դարը:
Հնագետ Ռուբեն Բադալյանը Էջմիածնի մոտ 8 հազար տարեկան բնակավայրի հայտնաբերման մասին է պատմում (Ակնաշեն), որը վերաբերում է որսորդական շրջանից դեպի հողագործությանն անցման շրջանին:
Ֆիլմի ավարտին մի շարք կարեւոր եզրահանգումներ են արվում`
Բրոնզե դարը չավարտված` մետաղական զենք է հայտնաբերվել մեր հնավայրերում` հազար տարի առաջ երկաթի դարին անցման ընդունված տարեթվից, միաժամանակ` բրոնզե դարը դեռ չավարտված կվարցե ապակի են ստացել, որի համար եւս մետաղ հալելու ջերմաստիճան է պետք: Եգիպտական թագավորները Հայասայից մետաղական զենք են գնել: Երկաթի ամենավաղ արտադրությունը փաստորեն եղել է Հայաստանի տարածքում: Վերին Նավերում հայտնաբերվել են ոսկերչական առարկաներ` մ.թ.ա. երկու-երեք հազարամյակ առաջ, այսպիսով` մեր տարածքում մետաղ են մշակել:
Շումերի եւ Միջագետքի միջակայքում գտնվող տարածքը համաշխարհային քաղաքակրթության օրրան է եղել: Մշակութային այն հարստությունը, որ հայտնաբերվում է ներկայիս Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, Ինգուշիայի, Չեչնիայի, Իրանի, եւ հարակից հսկայական տարածքում, վկայում է, որ ողջ այդ տարածքի բնակիչները հնդեվրոպացիներ են եղել: Եվ ամենակարեւորը` քաղաքակրթությունն ավելի մեծ տարիք ունի, քան համարվում էր մինչեւ այժմ եւ ներկայացված է մեր դասագրքերում, եւ սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհում 12 հազարամյակ առաջ:
http://player.rutv.ru/index/iframe/video_id/494671/sid/kultura/?acc_video_id=video_id/494671/brand_id/28975