Հունահայ եւ կանադահայ համայնքի կողմից
Կյանքի 84-րդ տարում մեզանից հեռացավ բարերար եւ ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը: Պրն Գալֆայանը հունահայ համայնքի երեւելի ներկայացուցիչն էր, մեծ հայրենասեր: Նա մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին հատկապես անկախացման տարիներից ի վեր, մասնավորապես շրջափակման եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներինՙ կազմակերպելով մոտ հինգ տասնյակ ինքնաթիռներով հումանիտար բեռների առաքում Հայաստան, որի համար արժանացել է Ամերիկյան կարմիր խաչի տնօրենուհի Էլիզաբեթ Դոուլի հատուկ պարգեւին: Գալֆայան ընտանիքի ջանքերի շնորհիվ բազմաթիվ մշակութային, կրթական ինչպես նաեւ ռազմական ձեռնարկներ են իրականություն դարձել, ինչպիսիք ենՙ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական երգչախմբի, կամերային նվագախմբի, Կոմիտաս քառյակի եւ այլ մշակութային խմբերի բազմաթիվ ելույթներ Հունաստանում եւ Կիպրոսում: Անկախացման առաջին տարիներին եղել է նաեւ ՀՀ ԱԳՆ առաջին ներկայացուցիչը Հունաստանում իր մեծ նպաստը բերելով հայ-հունական դիվանագիտական կապերի սկզբնավորմանը եւ կայացմանը:
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: