Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբՙ Հորադիզ-Ասլանդուզ ադրբեջանա-իրանական անցակետի բացման շուրջը Թեհրանում սկսված բանակցությունների ընթացքը շատ հաջող է: Ըստ քաղաքագետիՙ դա թափանցիկ ուղերձ է Իրանի իշխանություններից ոչ միայն տարածաշրջանի պետություններին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
«Այս կերպ Իրանը նաեւ ուղերձ է հղում Հայաստանին, որը բացահայտ ջերմ հարաբերություններ է սկսել Արեւմուտքի հետ: Պատրաստի ծրագրերով հարեւան երկիրն ուղղակիորեն հիշեցնում է, որ որեւէ երկիր չի կարող որոշում ընդունել տարածաշրջանում առանց իր կարծիքը հաշվի առնելու: Դա չի կարող անել ո՚չ ԵՄ-ն, ո՚չ ՆԱՏՕ-ն, ո՚չ ՌԴ-ն, ո՚չ էլ ՄԱԿ-ը»:
Շաքարյանցը պատահական չի համարում, որ Իրանը տապալեց ՌԴ նախագահի հետ հանդիպումը եւ պարտադրեց, որ Պուտինը գա Թեհրան եւ այնտեղ հանդիպեն: Շաքարյանցը հիշեցնում է, որ Իրանը Ասիային հատուկ քաղաքականություն ունիՙ սիրալիր ընդունել բոլորին, սակայն դանակը խրել ճիշտ պահին:
Քաղաքագետի գնահատմամբՙ սահմանի բացումը նախաձեռնել է իրանական կողմը: «Անցակետը հակամարտության գոտի է, այնտեղ բնակչություն չկա, անցակետ բացելն անիմաստ է, եթե չեն պատրաստվում ինչ-որ միջանցքով ինչ-որ մարդկանց անցկացնել», ասաց քաղաքագետըՙ հավելելով, որ սահմանակետի դերը հետաքրքրական է նրանով, որ այնտեղ 1993-ին կատարվել է 2 գործողություն:
«Մեկ անգամ Իրանը բացեց տարածքը, եւ փախչող ադրբեջանցիներն այդ տարածքով փրկվեցին մեր հարձակումներից: Մեկ անգամ էլ Իրանը բացեց այդ սահմանը, եւ հայկական զորքերը երկաթգծի սահմանով ստիպված նահանջել են, որպեսզի կորուստներից խուսափի Հորադիզ երկաթգծային կայարանից եկող օգնությունը: Իրանն այդ քայլով հիշեցնում է արդեն կոնկրետ ռազմական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 1993-ին: Իրանը հիշեցնում է, որ նույն 1993-ին, առանց թույլտվություն հարցնելու, հաշված ժամերով, իր զորքերը մտցրել է Նախիջեւանի տարածք, ու ոչ ոք իրավունք չի ունեցել ձայն հանելուՙ իմանալով, որ ուժի դեմ խոսելն անիմաստ է: Այսինքնՙ Իրանին պետք է 24 ժամՙ Նախիջեւանն օկուպացնելու համար, եւ ըստ քաղաքագետի ոչ մեկը չի խոսի, նաեւ Ռուսաստանը»: