Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Ըստ «Բիլդի», հայ ֆուտբոլիստի ապաքինումն ավելի արագ է ընթանում, քան կանխատեսում էին բժիշկները: Հույս կա, որ Մխիթարյանը պատրաստ կլինի օգոստոսի 3-ին «Վիլհելմսհաֆենի» հետ կայանալիք Գերմանիայի գավաթի խաղարկության հանդիպմանը: Սակայն չի բացառվում, որ Յուրգեն Կլոպը ռիսկի չդիմի եւ Հենրիխին խաղադաշտ դուրս բերի միայն օգոստոսի 10-ին, երբ «Բորուսիան» Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում մրցելու է «Աուգսբուրգի» հետ:
Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա Մխիթարյանը կարող է օգտակար լինել նաեւ ՀՀ ազգային հավաքականին, որը օգոստոսի 14-ին Տիրանայում ընկերական խաղում մրցելու է Ալբանիայի ընտրանու հետ: Այլ հարց է, որ Վարդան Մինասյանն էլ հնարավոր է, որ Հենրիխին չվտանգելու համար նրան այս անգամ հավաքական չհրավիրի: Մի խոսքով, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը: